- Գլխավոր
- Նորություններ
- ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է. ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ.-Ի ՀՅՈՒՐՆ ԷՐ ԳԵՈՐԳԻ ՇԱՐՎԱՇԻՁԵՆ
Հոկտեմբեր 15, 2021 | 14:00
Հասարակություն
ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է. ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ.-Ի ՀՅՈՒՐՆ ԷՐ ԳԵՈՐԳԻ ՇԱՐՎԱՇԻՁԵՆ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Գեորգի Շարվաշիձեին:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն ու Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:
«Ուրախ ենք ողջունելու ձեզ Մայր բուհում: Վրաստանի բուհերի հետ համագործակցությունը տարիների պատմություն ունի, ուստի, շարունակելով բարի ավանդույթները, կարող ենք համատեղ ծրագրեր մշակել և ավելի ամրապնդել մեր ակադեմիական ու բարեկամական կապերը»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Գեորգի Շարվաշիձեն հաստատեց, որ ԵՊՀ-ի հետ առկա համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ժամանակն է. «Երևանի պետական համալսարանի հետ բազմաթիվ ծրագրեր ունենք, մենք ներգրավված ենք նաև միջազգային նախագծերում: Կարծում եմ, որ հարկ է աշխատել համատեղ գիտական ծրագրերի ստեղծման ուղղությամբ:
Իսկ ձևաչափը որոշելու և առավել մանրամասն քննարկում կազմակերպելու համար մինչև տարեվերջ ակնկալում ենք ձեր այցելությունը Թբիլիսիի պետական համալսարան»:
Ռեկտորները քննարկեցին համալսարաններում իրականացվող բարեփոխումների, գիտաուսումնական ծրագրերի, միջազգային համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաև առկա որոշ խնդիրներ:
Հանդիպման ավարտին Հովհաննես Հովհաննիսյանն ու Գեորգի Շարվաշիձեն փոխանակվեցին հուշանվերներով և պայմանավորվեցին առաջիկայում կրկին հանդիպել՝ քննարկելու համագործակցության ամրապնդմանն ուղղված նոր ծրագրեր:
Վարդուհի Զաքարյան