- Գլխավոր
- Նորություններ
- «ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԴ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԸՆԴՈՒՆԻ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՎ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ». ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ
Օգոստոս 05, 2021 | 17:07
Հասարակություն
«ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԴ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԸՆԴՈՒՆԻ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՎ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ». ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ
ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած հանդիպումից հետո ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
«Նախարարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթահարվեն իրավական դաշտի առաջ բերած խոչընդոտները: Մենք գործում ենք օրինական դաշտում, ծագած խնդիրները մեզ հետ կապ չունեն. դրանք կապված են օրենքների անկատար լինելու, միմյանց հակասելու հետ: Եթե մենք օրենք գրելիս չօգտվեինք «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքից, ՄԻՊ-ը չէր իմանա, որ օրենքում հակասահմանադրական դրույթներ կան»,- ասաց նախարարը և հավելեց, որ հենց նոր քայլ են ձեռնարկում, որը քարացած չէ, հենց ինչ-որ իրավական գործիքակազմից են օգտվում, իրավական դաշտի պատասխանատուները Սահմանադրության հետ խնդիրներ են տեսնում:
Վահրամ Դումանյանը նշեց նաև, որ եթե բարձրագույն դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության հետ հակասում է այն դրույթը, որ բուհերի Հոգաբարձուների խորհրդի անդամներից 4-ին առաջադրում է բուհը, իսկ 5-ին նշանակում է լիազոր մարմինը, ապա նախարարությունը հարգանքով այդ որոշումն ի գիտություն կընդունի:
«Իրականում, եթե դատական դաշտից տեղափոխվենք ակադեմիական ազատությունների դաշտ, ստացվում է, որ ՀՀ-ում գործող բոլոր մասնավոր բուհերն էլ ունեն ակադեմիական ազատության խնդիր, անգամ ակադեմիական ազատության խնդիր ունեն աշխարհի առաջադեմ, արևմտյան հանրահայտ բուհերը: Այսօր Մոսկվայի պետական համալսարանը նույնպես ունի ակադեմիական ազատության խնդիր, ինչը միայն հուսահատ ժպիտ է առաջացնում այն մարդկանց դեմքին, որոնք գիտեն՝ ինչ է ակադեմիական ազատությունը: Այս ամենի արդյունքում մեր բուհական համակարգը ճգնաժամային իրավիճակում է, քանի որ ընկալումների հիմքում ոչ թե բուհական բովանդակությունն ու ավանդույթների զարգացումներն են, այլ ինչ-որ օրենքներ, սահմանադրականություն, տարօրինակ մեկնաբանություններ և այլն: Օրենքի բովանդակության մեջ ռեկտորի ընտրության կամ անձի հարց չկա, փոխարենը կա կրթական բարեփոխումների բովանդակություն»,- նշեց նախարարը և ավելացրեց, որ հակասահմանադրական ցանկացած դրույթ հնարավոր է վերաձևակերպել, քանի որ դա ընդամենը մեխանիզմ է. միջոց, ոչ թե նպատակ:
Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ է հանվել պրոֆեսորի կոչումը բուհի ռեկտոր դառնալու պահանջներից, Դումանյանը նշեց, որ օրենքն ընդամենը սահմանում է պահանջների նվազագույն շեմը. «Մենք տարբեր ուղղվածության բուհեր ունենք, մենակ ԵՊՀ-ն չէ, իսկ երբ շատ խիստ պահանջներ են դրվում, կադրային խնդիրներ է առաջանում: Ուստի ներքին շեմ ենք սահմանել, օրինակ` ռեկտորի թեկնածուն պետք է ունենա գիտական աստիճան և 5 տարվա գիտամանկավարժական փորձ, սակայն նույն օրենքում գրված է, որ Հոգաբարձուների խորհուրդը կարող է իր կանոնադրությամբ լրացուցիչ պայմաններ սահմանել՝ առաջնորդվելով բուհի առանձնահատկություններից»:
Անդրադառնալով Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածության հարցին՝ լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե ինչու է որոշվել հենց նրան նշանակել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, քանի որ վերջինս իշխանության ներկայացուցիչն է, եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր: Վահրամ Դումանյանը կատակեց. «Ի՞նչ վատ է, ի՞նչը դուրներդ չի գալիս, ի՞նչ լիներ, որ ձեր դուրը գար: Նա ապաքաղաքական կերպար է, որն ունի փորձ ու կամք: Գաղտնիք չէ, որ ԵՊՀ-ում մթնոլորտը լավագույնը չէ: Նա բավարարում է այսօրվա պահանջներին, իսկ հետագայում մրցույթ կկազմակերպվի, որտեղ էլ ռեկտոր կընտրվի: Եկե՛ք գուշակություններ չանենք: Կապրենք ու կտեսնենք»:
Ամփոփելով իր խոսքը՝ Վահրամ Դումանյանն ասաց, որ իրականում բոլորը շեղվել են բուն թեմայից, քանի որ նախարարության նպատակը բուհի ռեկտոր նշանակելը չէ, այլ կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելը, որին էլ միտված է նոր օրենքը. «Մենք կրթության բովանդակության պատասխանատուն ենք, անձնական հարցերի հետևից չենք ընկնում: Ռեկտորը, անկասկած, կարևոր կերպար է բուհում, սակայն նա անփոխարինելի փրկիչ չէ: Ի վերջո, բուհի հիմնադիրը պետությունն է, որն էլ ունի կոնկրետ գործառույթներ ու պատասխանատվություն: Աշխարհի առաջատար բուհերը մասնավոր են, իսկ մենք այդ դաշտում լուրջ խնդիրներ ունենք: Բարեփոխումները հենց այդ խնդիրները լուծելու համար են նաև արվում: Այսօր գերագույն նպատակը ստվերվում է, քանի որ ընկել ենք իրավական ձևակերպումների ու միջոցների հետևից: Ակադեմիական ազատության իրական պակասն է մեզ այս կետին հասցրել»: