- Գլխավոր
- Նորություններ
- «ՍՈՂՈՄՈՆԻ ԵՐԳԵՐԸ» ՖԻԼՄԻ ԿԻՆՈԴԻՏՈՒՄԸ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Հոկտեմբեր 25, 2021 | 17:02
«ՍՈՂՈՄՈՆԻ ԵՐԳԵՐԸ» ՖԻԼՄԻ ԿԻՆՈԴԻՏՈՒՄԸ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել «Սողոմոնի երգերը» լայնամետրաժ խաղարկային ֆիլմի կինոդիտումը, որը նվիրված է Կոմիտասի կյանքին:
Ողջունելով կինոդիտման մասնակիցներին՝ ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը փաստեց, որ Մշակույթի կենտրոնի կինոակումբը, որը գործում է դեռևս 2010 թվականից և այս տարիների ընթացքում պարբերաբար կազմակերպել է ֆիլմերի ցուցադրություն, այս ուսումնական տարին մեկնարկում է «Սողոմոնի երգերը» ֆիլմով:
«Կինոակումբի գործունեության շրջանակում մենք արդեն իսկ բազմաթիվ ցուցադրություններ և պրեմիերաներ ենք կազմակերպել, այդ թվում նաև՝ ռետրո ֆիլմերի, իսկ այս տարին որոշեցինք նոր ֆիլմով մեկնարկել՝ կազմակերպելով «Սողոմոնի երգերը» ֆիլմի ցուցադրությունն ու քննարկումը»,- ասաց Կարինե Դավթյանը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ կինոդիտումներն ու քննարկումները շարունակական են լինելու:
Ներկաներին ողջունեց նաև «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրոդյուսերական խմբի անդամ Քնարիկ Սարգսյանը, որը կոչ արեց ակտիվ մասնակցել կինոդիտումից հետո նախատեսվող քննարկմանը՝ արտահայտելով կարծիքներն ու դիտողությունները:
Մեզ հետ զրույցում Կարինե Դավթյանը, անդրադառնալով կինոդիտման կազմակերպման գաղափարին, նշեց, որ դրա հիմքում ընկած է նկարահանված ժամանակակից հայկական ֆիլմերի մասին երիտասարդներին իրազեկելու ցանկությունը. «Մենք ցանկություն ունեինք ստեղծելու մի այնպիսի հարթակ, որտեղ հայկական կինոյի ստեղծագործական խմբերը հնարավորություն կունենային դեմ դիմաց հանդիպելու երիտասարդությանը և երկուստեք քննարկելու ֆիլմը»:
Նա փաստեց, որ հաճախ ստեղծագործողները հենց իրենք են նշում, որ նմանատիպ հանդիպումներն իրենց շատ են օգնում հետագայում նոր ֆիլմեր ստեղծելու գործընթացում:
«Սողոմոնի երգերը» ֆիլմը պատմում է երեխաների ընկերության մասին, որն ավարտվում է Օսմանյան կայսրությունում 1894-1896 թթ. Սուլթան Աբդուլ Համիդ II-ի իշխանության օրոք տեղի ունեցած սարսափելի սպանությունների արդյունքում:
Թուրք հերոսուհին, վտանգելով իր կյանքը, փորձում է փրկել ընկերուհուն, որն ազգությամբ հայ էր և կրոնական պատկանելիության պատճառով թուրք զինվորների թիրախում էր:
Ֆիլմը սկսվում է 1891 թ. Կուտինայում՝ Անատոլիայում, և ավարտվում 1915 թ. Կ. Պոլսում Կոմիտաս Վարդապետի վերջին համերգի ժամանակ: Ֆիլմի իրադարձությունները զարգանում են Կոմիտասի հոգևոր երաժշտության ներքո:
Ցուցադրության վերջում ներկաներին ողջունեց նաև ֆիլմի ռեժիսոր Արման Նշանյանը:
Վերջինս շնորհակալություն հայտնեց ներկաներին ֆիլմի դիտմանը մասնակցելու համար և շեշտեց. «Մենք 30 տարի արտադրեցինք տասնյակ թեթև ֆիլմեր և կատակերգություններ, բայց ժամանակն է լրջանալու և պատմություն կերտելու աշխարհի և մեր երեխաների համար. ուժեղն ինքն է գրում իր պատմությունը, իսկ մշակույթն է պահպանում ազգը»:
Ցուցադրության վերջում ծավալվեց քննարկում ֆիլմի հեղինակների և ցուցադրության մասնակիցների միջև: