- Գլխավոր
- Նորություններ
- ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Փետրվար 16, 2021 | 15:49
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին:
Այցելությունը կազմակերպել էր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը, նպատակն էր նպաստել ապագա դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը:
Կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի և բնապահպանության ամբիոնի դոցենտ Լուսինե Համբարյանը «Ցիանոբակտերիաների կենսագործունեությունը և Սևանի ճահճացման խնդիրները» թեմայով դասախոսություն կարդաց աշակերտների համար:
Դասախոսության ընթացքում դոցենտն ապագա ուսանողներին մանրամասն ներկայացրեց ցիանոբակտերիաների կենսագործունեության առանձնահատկությունները և բնապահպանական մարտահրավերները, որոնց առջև կանգնած է Սևանա լիճը. «Հարկ է նշել, որ Սևանա լճի բնապահպանական խնդիրները սկիզբ են առել այն ժամանակներից, երբ որոշում կայացվեց այն օգտագործել տնտեսական նպատակներով»:
Անդրադառնալով քաղցրահամ ջրի կարևորությանը՝ Լուսինե Համբարյանը նշեց, որ դեռևս ՄԱԿ-ի սահմանած կարևոր իրավունքներից մեկն այն է, որ ջրային պաշարները պետք է հասանելի լինեն մարդուն, քանի որ ջուրը մարդու համար կենսական կարևորություն ունի:
Դասախոսության վերջում աշակերտները հնարավորություն ստացան հարցեր ուղղելու մասնագետին և ստանալու սպառիչ պատասխաններ:
Մեզ հետ զրույցում «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Գոռ Վարդանյանը նշեց, որ շատ է կարևորում նմանատիպ այցելությունների դերը մասնագիտության ընտրության հարցում:
«Բոլորս էլ գիտենք, թե ինչպիսի կարևորություն ունի Սևանա լիճը Հայաստանի համար, ու նաև գիտենք, որ այս պահին այն ճահճացման խնդրի առջև է կանգնած,- ասաց Գոռ Վարդանյանը,- մեր սերնդի խնդիրն է հնարավոր ամեն բան անել, որպեսզի կանխարգելվեն բնապահպանական հետագա խնդիրները»:
ԵՊՀ դոցենտ Լուսինե Համբարյանը նույնպես կարևորեց նմանատիպ հանդիպումները՝ նշելով, որ դրանք կարող են օգնել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը: