- Գլխավոր
- Նորություններ
- ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Դեկտեմբեր 11, 2019 | 15:39
Կրթություն
ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Երևանի թիվ 190 և 148 ավագ դպրոցների աշակերտներին։
Նշենք, որ այս այցելությունները, որոնք նպատակ ունեն օգնելու աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում, կազմակերպում է ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը։
Թիվ 190 և 148 ավագ դպրոցների բարձր դասարանների աշակերտներին համալսարանում դիմավորեցին ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանն ու Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնի վարիչ Վիկտոր Օհանյանը։
Դեկանն ու ամբիոնի վարիչը ողջունեցին աշակերտներին ու նրանց ուղեկցող ուսուցիչներին։ Ա․ Սահակյանն ասաց, որ ֆակուլտետում սովորելն ու այն հաջողությամբ ավարտելը լայն հնարավարություններ է տալիս։
Նա պատմեց Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ ընդունվելու կարգի ու քննությունների մասին․ «Ֆակուլտետի յուրաքանչյուր կրթական ծրագրին դիմելու համար պարտադիր է հանձնել միասնական գրավոր քննություն «Մաթեմատիկա» առարկայից։ Իսկ մրցութային կարգով դիմելու համար նաև գրավոր քննություն «Ֆիզիկա» կամ «Անգլերեն» առարկաներից»։
Դեկանը մանրամասն ներկայացրեց նաև ֆակուլտետում գործող բակալավրիատի կրթական ծրագրերը։
«Բակալավրիատում գործող բաժինները չորսն են՝ Մաթեմատիկա, Մեխանիկա, Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա, Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն»,- ասաց նա։
Իսկ մագիստրոսական կրթական ծրագրերի մասին խոսեց Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնի վարիչ Վիկտոր Օհանյանը։ Նա ընդհանուր պատկերացում տվեց ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերի մասին, ինչպես նաև պատմեց նոր բացված ծրագրերի մասին։
«Մեր ֆակուլտետում գործում են Ֆունկցիաների տեսություն, Դիֆերենցիալ հավասարումներ, Հանրահաշիվ և երկրաչափություն, Հավանականության տեսություն և վիճակագրություն, Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն, Մեխանիկա և կիրառական մաթեմատիկա, Ռիսկերի կառավարում, Ֆինանսական մաթեմատիկա, Ակտուարական մաթեմատիկա մագիստրոսական կրթական ծրագրերը»,- ասաց Վ․ Օհանյանը։
Դեկանն ու ամբիոնի վարիչը խոսեցին նաև ֆակուլտետն ավարտելուց հետո այն գործունեության մասին, որը կարող են ծավալել լավագույն մասնագետները, ու այն աշխատավայրերի մասին, որտեղ նրանք կարող են աշխատել։