- Գլխավոր
- Նորություններ
- «ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՎԱՂՎԱ ՕՐՎԱ ԴԵՂԱՏՈՄՍՆ Է». ՍԵՅՐԱՆ ՍՈՒՎԱՐՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
Նոյեմբեր 12, 2021 | 16:35
Գիտություն
«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՎԱՂՎԱ ՕՐՎԱ ԴԵՂԱՏՈՄՍՆ Է». ՍԵՅՐԱՆ ՍՈՒՎԱՐՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
Նոյեմբերի 10-ը Գիտության համաշխարհային օրն է: Գիտության ոլորտի խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ զրուցել ենք ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ, դոցենտ Սեյրան Սուվարյանի հետ:
- Պարո՛ն Սուվարյան, ո՞րն է գիտության դերը պետության զարգացման գործընթացում:
- Գիտությունը հասարակական գիտակցության ձև է և, միևնույն ժամանակ, ծառայություն: Մեր երկիրը դեռևս խորհրդային տարիներից գիտական մեծ ժառանգություն է ստացել, որին էլ գումարվում են մեր ավանդույթները, ժամանակակից տեխնոլոգիաները, և արդյունքում ստանում ենք այսօրվա պատկերը: Գիտության մարդը հասարակական մտածելակերպի տեսակետից ընկալվում է որպես աշխարհից ու կյանքից կտրված տառապյալ: Այս ընկալումը դեռևս կա մեր դաստիարակության մեջ: Մյուս կողմից էլ՝ հասարակության մի շերտ կա, որը գիտության մարդուն զուգորդում է աղքատության հետ: Այո՛, մենք ծայրահեղությունների երկիր ենք: Մեր գիտությունն այսօր չի կարողանում խնդիրներ լուծել, քանի որ պատվեր չի ստանում պետությունից, առավել ևս՝ ժողովրդից: Մեր գիտության պատվիրատուն դրսում է: Այսօր գիտնականներին չեն վստահում, ինչն էլ բարոյական տեսակետից լուրջ խոչընդոտներ է ստեղծում ու արգելակում գիտության զարգացումը: «Մաքուր» գիտնական, թերևս, չեմ ճանաչում, աշխարհում չկա էլ: Մարդիկ որոշակի բնագավառում տեսական ընդհանրացումների ու գործարարության հիման վրա փորձում են այդ տեսությունն ընդարձակել: Այս երևույթը հիմնականում հանդիպում է կրթության ոլորտում, ինչպես, օրինակ, մեր համալսարանում, որտեղ մարդը կիսով չափ գիտնական է, կիսով չափ՝ մանկավարժ, այսինքն՝ գիտակրթական կերպար է: Տարբերակված գիտությունը նույնպես ձևափոխումների է ենթարկվել, ինչի արդյունքում էլ այսօր երիտասարդ գիտնականների մեծ մասը Հայաստանում չէ: Գիտությունների միջև էլ են տեղափոխություններ եղել, բայց մեր երկրում դեռևս նույն մոտեցումն է. ֆակուլտետները բաժանում ենք թևերի, բնագավառների ու ուղղվածությունների, ինչը, իմ կարծիքով, հնացած մոտեցում է և խանգարում է գիտության զարգացմանը, մասնատում է գիտությունը: Իրականում գիտությունը մարդկանց պետք է օգնի ամբողջացնել աշխարհը, մինչդեռ այդ գործառույթը մոռացվել է: Գիտության հետ պետք է հույս կապել ու վստահել գիտնականին: Գիտությունը մեր անցյալն է եղել, մեր վաղվա օրն է նաև, սակայն, ցավոք, մեր ներկան չէ:
- Ի՞նչ կասեք պետական աջակցության մասին: Արդյո՞ք գիտության ոլորտին տրամադրած ֆինանսավորումը բավարար է զարգացում ապահովելու համար:
- Պետական աջակցությունն ու ուշադրությունը խիստ հարաբերական են: Ուշադրությունը բավարար չէ, որ գիտությունն իր գործառույթները կարողանա հստակ կատարել. ուշադրությունն այնքան քիչ է, որ գրեթե չկա: Իհարկե, ոլորտում շատ թերություններ կան, ու ոչ բոլոր գիտնականներն են սիրով ու պատասխանատվությամբ վերաբերում իրենց գործին: Պետության վերաբերմունքը բացարձակ գնահատել չի կարելի: Զարգացած տնտեսություն ունեցող երկրների հատկացրած ֆինանսավորման հետ համեմատելու դեպքում շատ վատ պատկեր կստանանք և կտեսնենք, որ այդ ֆինանսավորումը չնչին է: Ամեն ինչ համեմատության մեջ է երևում, բայց մի բան հստակ է՝ պետական քաղաքականության տեսանկյունից մեր այսօրվա վիճակը շահեկան չէ: Ուստի արդյունքն էլ համապատասխանում է իրավիճակին: Ոչ գիտելիքահեն քաղաքականությունն ուղիղ ազդեցություն ունի պետության բոլոր ոլորտների վրա՝ պաշտպանությունից մինչև մշակույթ: Ի վերջո գոյություն ունի գիտության մշակույթ՝ գիտությունն ընկալելու սկզբունքայնություն, որի բացակայության դեպքում հասարակության մեջ տարածվում են ոչ գիտությունն ու նախագիտությունը: Արդյունքում ոչ հիմնարար ուսումնասիրություններն են դառնում գերակա, ինչն էլ թյուր հասարակական կարծիք է ձևավորում: Այս խնդրի հիմքը ֆինանսը չէ, այլ՝ բարոյականությունը: Խրախուսման միջոցները միայն ֆինանսական չեն լինում, պետք է խրախուսել, արժևորել գիտնականի դերը: Սա լրջագույն խնդիր է մեր հասարակության համար, որը պետական մակարդակով լուծումներ է պահանջում:
- Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել խնդրի լուծման ուղղությամբ:
- Նախ և առաջ, պետությունն իր գործունեության բոլոր ճյուղերում պետք է հենվի գիտության վրա. ոչ թե որոշումներ ու օրենքներ ընդունի, հետո մեր կարծիքը հարցնի, այլ գիտական հանրության հետ քննարկի, ապա կոնկրետ քայլեր անի: Իրականում պետական հատվածը եթե ոչ ընդհանրապես, ապա շատ քիչ է համագործակցում մեզ հետ, կապը թույլ է: Պետք չէ կուրորեն հավատալ գիտնականին, պետք է պարզապես հաշվի նստել գիտական հանրության կարծիքի հետ: Գիտնականը մտավորական է, որը չպետք է ընդդիմադիր դիտվի պետության համար: Գիտնականը գվարդիական է՝ առաջին գծում գործող կերպար: Գիտնականն ազգի ողնաշարն է:
- Կարծիք կա, որ գիտությունը երիտասարդացման լուրջ խնդիր ունի Հայաստանում: Ինչպե՞ս պահել երիտասարդ գիտնականին հայրենի հողում:
- Երիտասարդների ներգրավվածության հարցը գիտության մեջ ինձ համար ամենացավոտ խնդիրներից է: Երկար տարիներ դասավանդում եմ թե՛դպրոցում, թե՛ ակադեմիայում, թե՛ համալսարանում և տեսնում եմ բոլոր փոփոխությունները: Գիտեք՝ ինչ փայլուն երիտասարդներ ունենք, որոնք մեր երկրում այդպես էլ չեն բացահայտվում: Գնում են արտասահման ու դառնում հեղինակավոր ու առաջատար ընկերությունների աշխատակիցները: Սա ցավալի փաստ է: Ընդհանրապես, երիտասարդների հետ կապված խնդիրների մեջ հասարակության մեղքի մեծ բաժինը կա: Մենք մեր երեխաների մեջ չենք սերմանում գիտնական դառնալու արժեքը, շատերի համար թաղային հեղինակություններն ավելի կարևոր դեր ունեն: Գիտնականի հանդեպ վերաբերմունքը պետք է մանկուց դաստիարակել: Իհարկե, չպետք է մոռանալ նաև ֆինանսական տարրի մասին, որը մեծ կշիռ ունի այս հարցում: Բայց մի բան հստակ պետք է նշեմ. այն գիտնականը, որը կասի՝ ինքը գիտնական չի դարձել, չի աշխատել, քանի որ գումար քիչ է աշխատում, բարոյազուրկ անձնավորություն է: Իսկական գիտնականը փողի համար չի աշխատում: Մարդու խանդավառությունն ու ստեղծագործ աշխատանքն ավելի մեծ արժեքներ են ստեղծում: Ի վերջո բոլոր ժամանակներում ու հասարակություններում էլ գիտնականները տառապյալներ են եղել, ինչպես միջնադարում, որոնք ճգնել են առանց շահի և մեզ արժեքներ ու գիտելիքներ փոխանցել: Գիտնականը վաշխառու չէ, գիտնականը պետք է հավատա իր գործին, քանի որ հենց գիտությունն է մեր վաղվա օրվա դեղատոմսը, որը մեզ կօգնի հասկանալ՝ ինչպես դիմակայել կյանքի մարտահրավերներին: