- Գլխավոր
- Նորություններ
- ԱՆՎՃԱՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՊՀ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ
Սեպտեմբեր 30, 2021 | 15:40
Հասարակություն
ԱՆՎՃԱՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՊՀ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար)ԵՊՀ ընդունված առաջինկուրսեցիներին պետության կողմից պետական դրամաշնորհ ստանալու մասին հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը, ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտորներ, դեկաններ, վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։
Հ. Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, ասաց, որ միջոցառման նպատակն ուսանողների շրջանում պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ պետական դրամաշնորհի հատկացման հարցում գիտակցության սերմանումն ու դրանից բխող պատասխանատվության բարձրացումն է, ինչպես նաև ուսանողներին ողջունելը և նրանց հետագա ուսումնառության ու գործունեության համար որոշակի ուղերձ հղելը։
«Մեր հասարակության մեջ անվճար ընդունվել-սովորելու վերաբերյալ արմատավորված կարծրատիպ կա: Մենք ցանկանում ենք կոտրել այդ կարծրատիպը և բոլորին ասել, որ անվճար կրթություն գոյություն չունի, ամբողջ աշխարհում կրթությունը վճարովի է. խնդիրն այն է, թե ով է վճարում կրթության համար: Մեր կրթությունը բաղկացած է վճարովի համակարգից և պետության կողմից տրվող գումարից, որն իրականում պետական կրթաթոշակ է, ունենք նաև անվանական կրթաթոշակներ՝ տարբեր մարդկանց և կազմակերպությունների կողմից տրվող»,- նշեց Հ. Հովհաննիսյանը:
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, շնորհավորելով հավաստագրեր ստացող ուսանողներին, նշեց, որ ԵՊՀ-ն առաջին անգամ է նմանաբնույթ միջոցառում իրականացնում, ինչը ողջունելի է և խորհրդանշական իմաստ ունի, այն է՝ ուսանողները պետք է հասկանան բարձրագույն կրթության կարևորությունը, այն պետք է տեսլական դառնա, հետևաբար իրենք պարտավոր են լավ սովորել և ապագայում լավ մասնագետ դառնալ:
Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը նույնպես շնորհավորեց ուսանողներին իրենց հաջողության համար՝ շեշտելով, որ դա ոչ միայն մեծ պատիվ է, այլև մեծ պատասխանատվություն. «Պետությունն ու հանրությունը փաստացի ներդրում են կատարում ձեր մեջ այն հույսով, որ ձեր կողմից այս համակարգով ձեռք բերված գիտելիքները երկարաժամկետ կտրվածքով թույլ կտա մեզ ավելի շատ հարցեր լուծել: Դուք մեր պետության հույսն եք առ այն, որ այսօրվա ձեր ստացած գիտելիքներով վաղը շատ ավելի մեծ արժեք կստեղծեք»:
Փոխնախարարի խոսքով, կրթությունը պետք է դիտարկել որպես ներդրում մարդկային կապիտալի մեջ, ցանկացած ծախս բարձրագույն կրթության վրա ծախս է մարդկային կապիտալի զարգացման մեջ:
Անվճար հիմունքներով (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) ԵՊՀ ֆակուլտետներ, ինստիտուտներ ու կենտրոններ ընդունված ուսանողները (ցուցակի առաջին 2 տեղերը) ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի և փոխնախարարների կողմից ստացան հավաստագրեր։
Միջոցառման ավարտին Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ նշելով, որ սա պետք է առիթ լինի՝ մեկ աստիճանով ևս բարձրացնելու ուսանողների պատասխանատվությունը. «Հույս ունեմ, որ այս արարողությունն ավանդական կդառնա, մենք ամեն տարի կհավաքվենք նույն դահլիճում՝ ողջունելու և հավաստագրեր հանձնելու անվճար հիմունքներով ընդունված առաջինկուրսեցիներին»:
Հասմիկ Ասլանյան