- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՅԵՐԸ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԵՆ». ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
Հոկտեմբեր 01, 2021 | 15:03
Հասարակություն
«ՀԱՅԵՐԸ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԵՆ». ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է PRO EXTOUR. «Սևծովյան ավազանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության խթանում» ծրագրի շրջանակում կազմակերպված միջազգային համաժողովը:
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովին մասնակցում էին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի, Վառնայի կառավարման համալսարանի (Բուլղարիա), Խոհարարական արվեստի և հյուրընկալության ասոցիացիայի ու Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի օվկիանոսագիտության ինստիտուտի, ինչպես նաև Վրաստանի արվեստի և մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, որը նախ ներկայացրեց ծրագրի ընդհանուր դրույթներն ու նպատակները, ինչպես նաև ծրագրի շրջանակում համագործակցող երկրների ներկայացուցիչներին:
«Այս ծրագիրը ԵՊՀ առաջնահերթություններից մեկն է: Մենք ամրապնդում, բարելավում և որակ ենք ապահովում կրթական ու հետազոտական ծրագրերի համար՝ իրականացնելով բուհական և հանրային կյանքի միավորման ու համագործակցության կարևոր գործառույթը: Այս տեսանկյունից ծրագրի կարևորագույն մասը ոչ միայն ծրագրի պատշաճ իրականացնումն է և հետագա զարգացման համար առաջարկությունների ներկայացումը, այլև ԵՊՀ-ի՝ որպես գիտական մտքի և գործառնական քայլերի համախմբման կենտրոն հանդես գալը»,- նշեց Ալեքսանդր Մարգարովը:
Այնուհետև բանախոսները ներկայացրին տարածաշրջանում և Սևծովյան ավազանի երկրներում փորձառական զբոսաշրջության զարգացման հեռանկարները, մարտահրավերներն ու տեսլականները:
Մասնավորապես՝ Վառնայի կառավարման համալսարանի ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Ցվետալինա Գենովան ներկայացրեց Սև ծովի ավազանում փորձառական զբոսաշրջության զարգացման հեռանկարների վերաբերյալ իրականացրած կարիքների գնահատման վերլուծությունը:
«Վառնան Բուլղարիայի ծովային մայրաքաղաքն է, ուստի մեզ համար զբոսաշրջությունն առաջնային ոլորտներից է: Ծրագրի նպատակն է խթանել փորձառական տուրիզմը: Մեր մասնագետները հետազոտեցին հյուրընկալության վերջին միտումներն ու մարտահրավերները՝ հասկանալու, թե ինչ կարելի է ձեռնարկել ստեղծված համաճարակային պայմաններում»,- ասաց Ցվետալինա Գենովան:
PRO EXTOUR-ը նախագիծ է, որի նպատակն է խթանել փորձառական տուրիզմը՝ որպես կայուն զարգացման ուղի Սևծովյան ավազանի երկրներում զբոսաշրջության բիզնեսի համար՝ արժևորելով բնիկ ժառանգության և մշակույթի ներուժը, նորարարական լուծումները ու միջսահմանային համագործակցությունը:
«Ծրագրի հիմնական նպատակներից է տարածաշրջանում զբոսաշրջության նոր ձևերի զարգացումը, որի գլխավոր տարրերից է զբոսաշրջիկի ակտիվ մասնակցությունը գործընթացներին: Իրականում անցել են այն ժամանակները, երբ զբոսաշրջությունը միայն ճանաչողական գործառույթ էր կրում, այսօր արդեն զբոսաշրջությունը բիզնես գործառույթ ունի: Ուստի ԵՊՀ սերվիսի ամբիոնը նույնպես ակտիվ ներգրավված է տվյալ գործընթացներում՝ հետագայում հայկական տուրիզմի ոլորտում նորամուծությունները ներդնելու համար»,- նշեց Սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը և հավելեց, որ ծավալուն աշխատանք է իրականացվել Հայաստանի հնարավորությունների, տեղական ավանդույթների ու առանձնահատկությունների գնահատման ուղղությամբ:
Նախաձեռնությունը ողջունեց և ծրագրի կարևորությունն ընդգծեց նաև Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը. «Հիրավի, այս համաժողովը կարևոր իրադարձություն է Հայաստանում, հատկապես համավարակի պայմաններում: Մեր հիմնական նպատակն է ցույց տալ, որ Հայաստանը ոչ միայն տեղ է, որտեղ կազմակերպվում են նմանաբնույթ միջոցառումներ, այլև այստեղ ապահով է, իսկ հայերը յուրահատուկ հյուրընկալ են: Այս համաժողովը փորձի փոխանակման լայն հնարավորություն է ստեղծում նախագծում ներառված երկրների համար»:
Իրենց գործունեությունը, զարգացման միտումները, հնարավորություններն ու ոլորտի զարգացմանն ուղղված առաջարկները ներկայացրին նաև Խոհարարական արվեստի և հյուրընկալության ասոցիացիայի ու Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի օվկիանոսագիտության ինստիտուտի ներկայացուցիչ Պրեսլավ Պեևը և Վրաստանի արվեստի ու մշակույթի կենտրոնի ներկայացուցիչ Լելա Խարթիշվիլին:
Ելույթներից հետո կազմակերպվեցին կլոր-սեղան քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցներն անդրադարձան հիմնախնդիրների վերաբերյալ առաջարկված լուծումներին և դրանց իրականացման մեխանիզմներին: Նշենք, որ քննարկումներին առցանց մասնակցում էին նաև Սալոնիկի Արիստոտելի համալսարանի ներկայացուցիչները:
Հավելենք, որ ծրագիրը երեք բարձրագույն ուսումնական հաստատությունների համատեղ նախաձեռնությունն է, որոնք ունեն զբոսաշրջության ոլորտում կիրառական հետազոտական փորձ՝ Վառնայի կառավարման համալսարան (Բուլղարիա), Երևանի պետական համալսարան (Հայաստան) և Սալոնիկի համալսարան (Հունաստան), ինչպես նաև մշակութային ցանցային կազմակերպության՝ Վրացական արվեստի և մշակույթի կենտրոնի (Վրաստան) և հյուրընկալության տարածաշրջանային կլաստերի՝ Խոհարարական արվեստի և հյուրընկալության ասոցիացիայի (Բուլղարիա):