ԵՊՀ ուսումնառության ռեսուրսները և ուսանողների աջակցության ծառայությունները. գնահատում և բարելավում
Որակի ապահովման եվրոպական չափորոշիչները և ուղենիշները պահանջում են, որ բուհում ուսումնառության ռեսուրսները և ուսանողների աջակցության ծառայությունները լինեն համարժեք և համապատասխան իրականացվող կրթական ծրագրերի պահանջներին։
Ըստ այդմ, եվրոպական համապատասխան չափորոշիչը առաջարկում է հետևյալ ուղենիշները.
- Բացի դասախոսներից՝ ուսանողները կարիք ունեն ուսումնառությանն օժանդակող մի շարք ռեսուրսների` սկսած ֆիզիկական ռեսուրսներից, ինչպես, օրինակ, գրադարանները և համակարգչային տեխնիկան, մինչև զուտ մարդկային աջակցություն` անհատականացված ուսուցման, կուրատորների կամ խորհրդատուների ներգրավմամբ։
- Ուսումնառության ռեսուրսները և օժանդակ մյուս ծառայությունները պետք է հեշտությամբ հասանելի լինեն ուսանողներին, կառուցվեն` հաշվի առնելով նրանց կարիքները, հետադարձ կապով արձագանքեն ծառայություններից օգտվողների կարիքներին։
- Բուհերը պետք է մշտապես հսկեն, գնահատեն և բարելավեն նաև իրենց ուսանողների աջակցության ծառայությունների արդյունավետությունը։
Ելնելով սեփական առաքելությունից, ռազմավարական նպատակներից և առաջնորդվելով վերը թվարկված ուղենիշներով` ԵՊՀ-ն մշակում է ուսումնառության ռեսուրսների և ուսանողների աջակցության ծառայությունների պլանավորման, գնահատման և բարելավման իր ռազմավարությունը, որը որակի ապահովման և շարունակական բարելավման ԵՊՀ ընդհանուր քաղաքականության բաղադրիչն է։