Ս.թ. փետրվարի 15-ին և 16-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» «PRINTeL» նախագծի մեկնարկային համաժողովը:
ԵՊՀ-ի ներկայացրած նախագիծը Եվրահանձնաժողովի «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում արժանացել է հավանության և ստացել եռամյա ֆինանսավորում 2018-2020 թթ. համար:
Նախագիծը նպատակաուղղված է բարձրագույն կրթության հիմնական մարտահրավերներից մեկի լուծմանը, այն է՝ դասավանդման և ուսումնառության մեթոդների զարգացմանը և նորարարությանը, ինչպես նաև դասավանդման գործընթացում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը: Ժամանակակից աշխարհում սա գերխնդիր է բարձրագույն կրթության գլոբալ համակարգերում:
Նախագծի հիմնական նպատակն է բարելավել ուսանողի ուսումնական փորձառությունը գործընկեր երկրներում և օժանդակել դասավանդման և ուսումնառության զարգացմանն ու նորարարությանը, աջակցել դասավանդման տեխնոլոգիաների և հետազոտության ինտեգրացիային, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը:
Մեկնարկային համաժողովին մասնակցում էին բոլոր գործընկեր հաստատությունները՝ Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Վանաձորի պետական համալսարանը, Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոնը, Իլյայի պետական համալսարանը, Վրաստանի տեխնիկական համալսարանը և Յակոբ Գոգեբաշվիլիի անվան Թելավիի պետական համալսարանը, Բելառուսի պետական համալսարանը, Բրեստի պետական տեխնիկական համալսարանը, Յանկա Կուպալայի անվան Գրոդնոյի պետական համալսարանը, Բարսելոնայի, Պորտոյի, Լինշոփինգի համալսարանները, Լյուվենի կաթոլիկ համալսարանը և «Էֆ-Էյչ Ջոաննեում» համալսարանը:
Մեկնարկային համաժողովի առաջին օրը ԵՄ և գործընկեր երկրների համալսարանների ներկայացուցիչները ընդհանուր գծերով ներկայացրին իրենց բուհերը և կրթական համակարգի առանձնահատկությունները: Մասնակիցներն առանձնացրին նորարարական դասավանդման և ուսումնառության մեթոդների, վերապատրաստման գործող ծրագրերի, ինչպես նաև այս ամենի իրականացման ճանապարհին ծառացած մարտահրավերների կարևորությունն իրենց ուսումնական հաստատություններում:
Համաժողովի երկրորդ օրը «PRINTeL» նախագծի աշխատանքային փաթեթները ղեկավարող համապատասխան բուհերը ներկայացրին աշխատանքային տվյալ փաթեթի գործողությունները, դրանց իրականացման ուղիները, ինչպես նաև կարևորեցին դասավանդման և ուսումնառության վիրտուալ ակադեմիայի հիմնումը՝ որպես դասախոսների և ուսանողների կարողությունների զարգացման վիրտուալ հարթակ:
Մեկնարկային հանդիպման եզրափակումն արեց նախագծի համակարգող ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը, որը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց նախագծի ընդհանուր և ֆինանսական կառավարման հարցերի, ղեկավար կոմիտեի որոշումների և կոնսորցիում քննարկումների կողմը: