ՀՌԿԿ-Հայաստանը, կարևորելով Հայաստանում հասարակագիտական հետազոտությունների ոլորտում բարձրորակ քանակական հետազոտության մեթոդաբանության կիրառությունը, Ծաղկաձորում նախաձեռնում է ամառային դպրոց` ոլորտի մասնագետների ներգրավմամբ:
Միջոցառման ծրագիրը ներառում է քանակական հետազոտության մեթոդաբանությանն առնչվող տարբեր թեմաներ, այդ թվում՝ հետազոտության նախագծում, հետազոտական հարցերի և հիպոթեզների ձևակերպում, ընտրանքի և հարցաթերթի ձևավորում, դաշտային աշխատանքի իրականացում, տվյալների վերլուծություն և այլն:
Դպրոցի նպատակը մասնակիցների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացումն է քանակական հետազոտության տարբեր փուլերում:
Ամառային դպրոցը նախատեսված է ԵՊՀ ասպիրանտերի, կրտսեր հետազոտողների և դասախոսների, ինչպես նաև երիտասարդ մասնագետների համար, որոնք հետաքրքրված են քանակական հետազոտությունների մեթոդաբանությամբ:
Ամառային դպրոցին հնարավորություն ունեն մասնակցելու տվյալ թեմայով հետաքրքրված բոլոր ցանկացողները: Դիմորդները պետք է ունենան հասարակագիտական կրթություն, սոցիոլոգիական որոշակի գիտելիքներ և համակարգչային հմտություններ:
Ամառային դպրոցը տևելու է 5 օր, գնահատումն ու ամփոփումը տեղի կունենան վերջին օրվա ընթացքում:
Ամառային դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է: Անգլերենի իմացությունը ցանկալի է` անգլերենով տրվող գրականության և նյութերի յուրացման համար: Ամառային դպրոցի դասընթացներն անցկացվելու են համակարգչի միջոցով, ուստի յուրաքանչյուր մասնակից պետք է իր հետ բերի անձնական օգտագործման համակարգիչ:
Դիմումներն ընդունվում են առցանց և կդիտարկվեն մրցակցային սկզբունքով: Բոլոր դիմորդները կգնահատվեն ՀՌԿԿ-Հայաստանի գնահատման համակարգով: Նախընտրությունը կտրվի ԵՊՀ դիմորդներին: Ամառային դպրոցի մասնակցության հնարավորություն կստանա 15 դիմորդ:
Ամառային դպրոցը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր:
Գրանցման համար դիմել ՀՌԿԿ-Հայաստանին crrc@crrc.am էլհասցեով՝ հայտադիմումի ձևը ստանալու համար կամ լրացնել այն այստեղ: Հայտերն ընդունվում են մինչև 2014 թ. հունիսի 19-ը՝ ժամը 17:00-ն։