Ծաղկաձորում մեկնարկեց Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի համատեղ կազմակերպած ամառային դպրոցի առաջին փուլը։ Ծրագիրը կրում է «Ներքին և արտաքին քաղաքականության հիմնախնդիրները եվրոպական արժեքների, ինստիտուտների և գործընթացների համատեքստում» խորագիրը։

Ապրիլի 12-ին կայացած պաշտոնական բացմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաիրա Գևորգյանը, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը և հրավիրված հյուրեր։
Միջոցառման պաշտոնական բացման իր ելույթում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց ծրագրի կարևորությունը երիտասարդների կրթության և միջազգային համագործակցության տեսանկյունից՝ արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան ղեկավար Նաիրա Գևորգյանին և ՀՀԻ տնօրեն Վահրամ Պետրոսյանին։
Ամառային դպրոցի հատուկ հյուրն էր Դոնալդ Վիլսոն Բուշը՝ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի թոռը, ով հանդես եկավ հետաքրքիր և արդյունավետ բանախոսությամբ։
Դասընթացների շրջանակում մասնակիցների հետ փորձի և գիտելիքի փոխանակմամբ հանդես եկան տարբեր ոլորտների ճանաչված փորձագետներ.
Մայքլ Ռիփլ - Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական ակադեմիայի դոկտոր,
Վահրամ Տեր-Մաթևոսյան - Հայ-ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ,
Արուսյակ Ալեքսանյան - ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտական բաղադրիչի ղեկավար, ք.գ.թ., դոցենտ (ԵՊՀ),
Վահե Գաբրիելյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան,
Գենադի Տավարածյան - ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նախկին ղեկավար։

Հավելենք, որ եռափուլ ամառային դպրոցն այս տարի ընտրեց իր մասնակիցներին խիստ մրցակցային պայմաններում։ Ավելի քան 200 դիմորդներից ընտրվել են 26 լավագույնները։ Այս ծրագիրն ուղղված է երիտասարդ հետազոտողների և թեմայով հետաքրքրված ուսանողների մասնագիտական զարգացմանը, գիտելիքների և հմտությունների խորացմանը, ինչպես նաև միջազգային փորձի փոխանակմանը։
Ամառային դպրոցի մասնակիցները ձեռք բերած տեսական գիտելիքներն ու գործնական հմտություններն առաջիկայում կկիրառեն թիմային հետազոտությունների շրջանակում, որոնք կներկայացվեն դպրոցի եզրափակիչ փուլում։
Ծրագրի ավարտին լավագույն մասնակցիները կպարգևատրվեն հավաստագրերով: