ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը 2021 թվականից քաղաքացիական ծառայողների համար անցկացնում է մասնագիտական վերապատրաստման տարբեր դասընթացներ: Հատկապես սերտ է համագործակցությունը ԲՏԱ,ԿԳՄՍ, Էկոնոմիկայի նախարարությունների, Պետական վերահսկողական ծառայության և մի շարք մարզպետարանների հետ, այդ թվում՝ Արմավիրի,Վայոց ձորի, Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու և այլն: 2023 թվականից խմբին միացել է նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Դասընթացները սկսվել են 2023 թ. հոկտեմբերից և շարունակվելու են մինչև տարեվերջ:
Ծրագրերի բազան ստեղծում են ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի աշխատակիցները՝ հաշվի առնելով քաղծառայողների մասնագիտական կրթական կարիքները, ինչպես նաև առաջարկում են համալսարանական նորարարական մշակված ծրագրեր: Դասընթացների մի մասը վերաբերում է օրենսդրական դաշտին, կան աշխատանքային հարաբերություններին առնչվող և դրանք կարգավորող, ինչպես նաև քաղծառայության համակարգի տվյալ ոլորտին վերաբերող խիստ մասնագիտական ծրագրեր: Յուրաքանչյուր տարի վերոնշյալ բազան թարմացվում է նորույթներով, դրանցից ընտրվում և քաղծառայության համակարգին առաջարկվում է անհրաժեշտ դասացանկը:
Դասընթացները վարում են ԵՊՀ լավագույն դասախոսները Տնտեսագիտության և կառավարման, Փիլիսոփայության և հոգեբանության, Միջազգային հարաբերությունների, Իրավագիտության, Պատմության, Հայ բանասիրության, Ժուռնալիստիկայի ֆակուլտետներից, ինչպես նաև ոլորտի մասնագետներ այլ կազմակերպություններից:
Դասերն անցկացվում են հեռավար՝ հաշվի առնելով ունկնդիրների աշխարհագրական տեղակայվածությունը: Դասընթացների ավարտին աշխատակիցները հանձնում են ստուգարք թեստավորման ձևով՝ ոչ միայն միավորներ հավաքելով, այլև ձեռք բերելով իրենց պաշտոնի անձնագրին համապատասխանող մասնագիտական գիտելիքներ: Այս տարվա համակարգային նորությունն այն է, որ քաղծառայողներն ընտրում են դասեր ոչ միայն պարտադիր հիմունքով, այլև իրավունքի ուժով:
Ծրագրերի բազմազանությունը և ծավալը, ոլորտների պատասխանատուների արձագանքները վկայում են շարունակական կրթական ծրագրերի հաջողվածության և պահանջված լինելու, ինչպես նաև կազմակերպիչների և դասավանդողների արհեստավարժ աշխատանքի մասին: Դասընթացների վերջում վերլուծվում են արդյունքները, և կատարվում են ծրագիրը կատարելագործելու կամ թեստային հարցաշարը փոփոխելու հետ կապված համապատասխան եզրակացություններ: