ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում Իրավագիտության ֆակուլտետի 2023-2024 թթ. ուստարվա շրջանավարտների՝ արդեն կայացած իրավաբանների ավարտական դիպլոմների հանձնման արարողությունն էր:
Շրջանավարտներին բարի երթ մաղթեց իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը: Նա նշեց. «Հարգելի՛ շրջանավարտներ, դուք այսօր ավարտեցիք միջազգային համալսարանական որակավորման վարկանիշով ՀՀ-ում և տարածաշրջանում առաջատար և ամենահեղինակավոր բուհը: Վստահ եմ՝ բարձր եք պահելու համալսարանի, իրավագիտության ֆակուլտետի և իրավաբանի կոչումը ձեր մասնագիտական գործունեության բոլոր ոլորտներում: Դուք ավարտեցիք ձեր կյանքի ամենահիշարժան էտապը: Շնորհավորում եմ ձեզ՝ իրավաբանի բարձր կոչմանն արժանանալու համար: Համալսարանը և ֆակուլտետը ձեզ տվել են ժամանակի մարտահրավերներին համապատասխան կրթություն, և վստահ ենք, որ այն իրագործելի կդարձնեք աշխատանքային մասնագիտական գործունեության ընթացքում: Դուք զարգացում ապահովող, միջավայր փոփոխող, դժվարություններ ու ճգնաժամեր հաղթահարած սերունդ եք: Բարի երթ եմ մաղթում ձեզ. վստահ ենք, որ համալսարանի և ֆակուլտետի հետ կապը դեռ կշարունակեք»:
Շնորհակալական խոսքով հանդես եկան շրջանավարտներ Մանե Խաչատրյանը, Մայա Նադոյանը, Աիդա Հովհաննիսյանը և արցախցի Արա Սարգսյանը: Նրանք շնորհակալություն հայտնեցին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Խաչիկյանին, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանին, դեկանատի աշխատակիցներին, բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս կամ այն հարցում: Շրջանավարտները նշեցին, որ համալսարանի և հարազատ ֆակուլտետի աջակցությամբ իրենց սերունդը կրթության բարդույթների հետ զուգահեռ կարողացել է հաղթահարել նաև ժամանակի՝ գիտելիքների յուրացման, անհատի կայացման և տարաբնույթ այլ հարցերի հետ կապված մարտահրավերներ: Վերջիններս վստահեցրին, որ պատվով կրելով իրավաբանի բարձր կոչումը՝ հետայսու այն պետք է ներդնեն ի բարօրություն Հայաստանի Հանրապետության բարգավաճման:
Արցախցի Արա Սարգսյանը իր երախտագիտությունը հայտնեց համալսարանին և ֆակուլտետին՝ արագ ինտեգրելու, կրթության հարցում աջակցելու համար:
Իրավագիտության ֆակուլտետին հրաժեշտ տվեցին մասնագիտական գիտելիքներով զինված 188 շրջանավարտ, որից 37-ը՝ գերազանցության դիպլոմով: