Ծաղկաձորի ԵՊՀ հյուրատանը հուլիսի 1-ից 3-ը տեղի ունեցավ Իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի կազմակերպած «Միջազգային իրավունքի արդի հիմնախնդիրները» խորագրով միջբուհական ամառային դպրոցը։
Ամառային դպրոցին մասնակցում էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, Հայ-ռուսական համալսարանի, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, ՆԳՆ կրթահամալիրի, ՀՊՄՀ-ի (Հայկական պետական մանկավարժական համալսարան) և Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողներ և դասախոսներ։ Ամառային դպրոցի օրակարգում ներառված էին միջազգային իրավունքի ժամանակակից խնդիրներ, որոնց վերաբերյալ ներկայացվեցին բովանդակալից զեկույցներ, տեղի ունեցան ակտիվ քննարկումներ և ինտերակտիվ շփումներ։
Արծարծվեցին այնպիսի արդի թեմաներ, ինչպիսիք են միջազգային ներդրումային վեճերի կարգավորման խնդիրներ, արբիտրաժային իրավունքի և վեճերի լուծման ալյընտրանքային եղանակների հիմնախնդիրների և ՀՀ-ի՝ ՄԻԵԴ ներկայացրած միջպետական գանգատների հեռանկարներ, բռնի տեղահանված անձանց միջազգային իրավական պաշտպանության հարցեր, միջազգային իրավական ճանաչման, հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային իրավական խնդիրներ, միջազգային քրեական դատարանի իրավազորությանն առնչվող խնդիրներ և այլ հարցեր։
Եռօրյա մասնագիտական քննարկումներն անցան միջբուհական ջերմ մթնոլորտում՝ հետագայում համատեղ աշխատանքները շարունակելու պայմանավորվածությամբ։