Ս․թ․ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ «ՀՀ քննչական կոմիտե. 10-ամյա իրողություններ և զարգացման հեռանկարներ» խորագրով գիտաժողով-սեմինար՝ Հայաստանում իրավաբանական կրթություն ապահովող գիտական, բարձրագույն ուսումնական և հետբուհական կրթական 9 առաջատար հաստատությունների ներգրավմամբ։
ՀՀ քննչական կոմիտեն իր կազմավորման 10-ամյակը նշանավորում է ՀՀ-ում գործող գիտակրթական և գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցության նոր հեռանկարային նախաձեռնությամբ։
Գիտաժողով-սեմինարի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն երկկողմ համագործակցության հուշագրեր է ստորագրել hանրապետությունում իրավաբանների պատրաստման և վերապատրաստման, իրավագիտության զարգացման ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող գիտաուսումնական ինը հաստատությունների՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, ՀՀ արդարադատության ակադեմիայի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, «Ռուս-հայկական» (Սլավոնական) համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանի եվրոպական համալսարանի և ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի հետ։
Սեմինարին մասնակցել է նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Անահիտ Բաբախանյանը, որը հանդես է եկել քննիչի դատավարական ինքնուրույնության հիմնախնդիրներին նվիրված գիտական զեկուցմամբ և ներկայացրել գործող օրենսդրական կարգավորման հետ կապված բացերն ու թերությունները։