ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի համագործակցության շրջանակում ս․թ․ սեպտեմբերի 26-ին և 27-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի համար անցկացվեց վերապատրաստման դասընթաց-աշխատաժողով՝ նվիրված մարդու իրավունքների դասավանդման արդի մեթոդներին:
Վերապատրաստման դասընթացը վարեց Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի դոկտոր, Լունդի համալսարանի պրոֆեսոր Ալեխանդրո Ֆուենտեսը:
Աշխատաժողովի երկու օրերի ընթացքում ձևավորվեց հաղորդակցության յուրօրինակ հարթակ, որը միավորեց ֆակուլտետի թե´ երիտասարդ, թե´ առավել փորձառու դասախոսներին՝ հնարավորություն տալով ներկայացնելու ինչպես ԵՊՀ-ում, այնպես էլ եվրոպական բուհերում մարդու իրավունքների դասավանդման շրջանակում կիրառվող մոտեցումները, վեր հանելու դրանց առավելությունները և կիրառման գործընթացում առկա խնդիրները:
Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի աշխատակիցներ Թերեզա Կապիալին և Արման Գասպարյանն անդրադարձան մարդու իրավունքների դասավանդման արդի մարտահրավերներին և կրթական գործընթացի զարգացման ուղղություններին:
Միջոցառման ավարտին մասնակիցները ցանկություն հայտնեցին շարունակելու և առավել առարկայական դարձնելու առաջիկայում հնարավոր համագործակցության տարբերակները: