ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի «Բիզնես իրավունք և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողները Ա․ Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ ս․թ․ սեպտեմբերի 30-ին այցելեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հանձնարարությամբ նախարարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Միջազգային կապերի վարչության, Ռազմավարական քաղաքականության վարչության ներկայացուցիչները հանգամանալից ներկայացրին իրենց վարչությունների գործունեության հիմնական ուղղությունները, պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին։
Այցի շրջանակում ուսանողները ծանոթացան ՀՀ վավերացրած, միջազգային բնապահպանական կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կատարմանը, կլիմայի փոփոխությանը և մի շարք այլ ոլորտներում արձանագրած հաջողություններին, ինչպես նաև առկա խոչընդոտներին։
Ուսանողները հնարավորություն ունեցան մանրամասնորեն ծանոթանալու Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության շրջանակում իրականացվող գործունեության տարբեր ուղղություններին, Եվրոպական միության հետ կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակում ստանձնած բնապահպանական պարտավորությունների կատարման ընթացքին։
Նշենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ա․ Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնն արդյունավետ համագործակցում է բնապահպանության ոլորտի լիազոր մարմնի՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ և այսօրինակ այցերը, հատկապես բնապահպանական կոնվենցիաների ազգային համակարգողներին Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում քննարկումների հրավիրելն արդեն դարձել է ավանդույթ։
Ա․ Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար ի․գ․թ․, դոցենտ Օլիմպիա Գեղամյանի խոսքով՝ այս համագործակցությունը կարևոր և հաջողված քայլ է ուսանողների տեսական գիտելիքները պրակտիկ կիրառման հարթությունում տեսանելի դարձնելու ուղղությամբ։