Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի և Իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համագործակցության շրջանակում երկարատև ընդմիջումից հետո՝ 2024 թ., կյանքի կոչվեց քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական մրցույթ-դատախաղը:
Մրցույթ-դատախաղի շրջանակում ՀՀ տարբեր բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներից կազմված թիմերը մրցում են քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ոլորտում իրենց գիտելիքները լավագույնս դրսևորելու համար: Մրցույթի ձևաչափը ենթադրում է քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին առնչվող գործի/խնդրի ներկայացում և քննարկում, որի ընթացքում էլ յուրաքանչյուր թիմ ներկայացնում է իր դիրքորոշումները և փաստարկները թե´ մեղադրանքի և թե´ պաշտպանության կողմի տեսանկյունից:
Դատախաղը ընթանում է երկու փուլով․ գրավոր փուլում հայտ ներկայացրած թիմերը գործի/խնդրի վերաբերյալ սկզբում ներկայացնում են իրենց գրավոր դիրքորոշումը, որից հետո՝ բանավոր փուլ անցնելու պարագայում՝ բանավոր փաստարկներով հանդես գալու հմտությունը: Բանավոր փուլում առավելագույն միավորներ հավաքած 2 թիմերը մրցում են հաղթողի կոչման համար:
2024 թ. դատախաղին մասնակցության հայտ էին ներկայացրել ԵՊՀ-ի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, ՆԳՆ կրթահամալիրի, Հյուսիսային համալսարանի, Շիրակի պետական համալսարանի և Գավառի պետական համալսարանի 9 թիմեր, որոնց ներկայացրած աշխատանքների արդյունքում ս․թ. նոյեմբերի 22-ին և 23-ին Աղվերանում կայանալիք բանավոր փուլին կմասնակցեն անկախ ժյուրիի գնահատման համաձայն առավելագույն միավորներ հավաքած հինգ թիմեր:
Ժյուրիի կազմում են Նաումբուրգում գերագույն երկրամասային դատարանի պաշտոնաթող նախագահ, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի երկրամասային սահմանադրական դատարանի պաշտոնաթող նախագահ Վինֆրիդ Շուբերտը (Գերմանիա), ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը, Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը և ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմինե Ֆանյանը: