Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի և Իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համագործակցության շրջանակում 2024 թվականի նոյեմբերի 22-23-ին «Արթուրս Աղվերան ռիզորթում» կայացավ «Քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին» նվիրված միջբուհական մրցույթ-դատախաղ, որին մասնակցության հայտ էին ներկայացրել ԵՊՀ-ի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, ՆԳՆ կրթահամալիրի, Հյուսիսային համալսարանի, Շիրակի պետական համալսարանի և Գավառի պետական համալսարանի 9 թիմեր:
Բանավոր փուլին մասնակցեցին անկախ ժյուրիի գնահատման համաձայն առավելագույն միավորներ հավաքած հինգ թիմեր՝ «ԵՊՀ-1», «ԵՊՀ-2», ՀՖՀՀ «Քրեական ինտելեկտ», ՀՖՀՀ «Contra Legem» և ԳՊՀ-ի «Ֆեմիդա» թիմերը:
2024 թվականի նոյեմբերի 22-ին թիմերը հանդիպեցին կիսաեզրափակիչ փուլում, իսկ եզրափակիչ փուլում միմյանց հետ մրցեցին «ԵՊՀ-1», «ԵՊՀ-2» թիմերը:
Ժյուրիի կազմում էին Նաումբուրգում գերագույն երկրամասային դատարանի պաշտոնաթող նախագահ, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի երկրամասային սահմանադրական դատարանի պաշտոնաթող նախագահ Վինֆրիդ Շուբերտը (Գերմանիա), ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը, Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը և ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմինե Ֆանյանը:
Ժյուրիի որոշմամբ հաղթող ճանաչվեց «ԵՊՀ-2» թիմը՝ արժանանալով գավաթին և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, ՀՀ դատախազության սահմանած մրցանակներին:
«Գրավոր լավագույն մեղադրական դիրքորոշում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «ԵՊՀ-2» թիմը, իսկ «Գրավոր լավագույն պաշտպանական դիրքորոշում» անվանակարգում՝ Գավառի պետական համալսարանի «Ֆեմիդա» թիմը:
«Լավագույն մեղադրական ճառ» մրցանակին արժանացավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գոռ Կարապետյանը, «Լավագույն պաշտպանական ճառ» մրցանակին՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Էդվարդ Մովսիսյանը: «Լավագույն հռետորիկա» մրցանակը շնորհվեց ՀՖՀՀ «Քրեական ինտելեկտ» թիմին, իսկ «Լավագույն փաստարկվածություն» մրցանակին արժանացավ «ԵՊՀ-1» թիմը:
Նմանօրինակ միջբուհական միջոցառումները նպաստում են ինչպես գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը, այնպես էլ հաջողությամբ վերածվում են ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառության անհրաժեշտ միջավայրի: