ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում ս.թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ «Շրջակա միջավայրի պահպանության իրավական հիմնախնդիրները՝ միջազգային և ներպետական համատեքստում» խորագրով միջբուհական երիտասարդական գիտաժողով՝ նվիրված պրոֆեսոր Աիդա Իսկոյանի հիշատակին: Գիտաժողովը նախաձեռնել էին Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Գիտաժողովին մասնակցում էին տարբեր բուհերի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ: Իրավագիտության ֆակուլտետի դեկան Հ. Խաչիկյանը, ողջունելով և բարի երթ մաղթելով գիտաժողովի մասնակիցներին, ներկայացրեց իր գործի նվիրյալ, էկոլոգիական իրավունքի ռահվիրա Աիդա Իսկոյանի գիտամանկավարժական գործունեությունը:
Գիտաժողովի նպատակն էր հանրապետության բուհերի ուսանողներին էկոլոգիական ներպետական ու միջազգային տարբեր հիմնախնդիրների շուրջ իրավական ուսումնասիրություններ իրականացնելու հնարավորություն ընձեռել, ապա այդ վերլուծությունները ոլորտի լիազոր մարմնի ներկայացուցիչների, էկոլոգիական իրավունքի գիտնականների, այլ դասախոսների ու փորձագետների հետ քննարկելու հարթակ տրամադրել:
Նախաձեռնության շրջանակում ՀՀ տարբեր բուհերի բակալավրիատի ու մագիստրատուրայի շուրջ հինգ տասնյակ ուսանողներ բնապահպանական լայնածավալ թեմաների շուրջ ներկայացրել էին իրավական վերլուծություններ, որոնցից գիտաժողովի հանձնախմբի կողմից լավագույն ճանաչված տասը զեկույցների հեղինակներ հրապարակային ներկայացրին իրենց աշխատանքները:
Հետաքրքիր ու հաջողված ելույթները եզրափակվեցին ակտիվ հարց ու պատասխաններով: Ուսանողներին հանձնվեցին մասնակցության վկայականներ, իսկ լավագույն հինգ մասնակիցները ստացան հուշանվերներ պրոֆեսոր Աիդա Իսկոյանի ընտանիքի կողմից:
Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները, բարձր գնահատելով ուսանողների ջանքերը, կարևորեցին նմանատիպ միջոցառումների նշանակությունը Շրջակա միջավայրի նախարարության համար ապագա մասնագետների պատրաստման ճանապարհին: Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չակրյանը, հայտնելով նախարարության գոհունակությունն այսօրինակ համագործակցության համար, փոխանցեց նախարարության պատրաստակամությունը համագործակցության շարունակականության ապահովման համար:
Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի կենտրոնի ղեկավար Օլիմպիա Գեղամյանը հավաստիացրեց, որ կենտրոնը պատրաստակամ է տարբեր միջոցներով նպաստելու հատկապես երիտասարդների շրջանում ինչպես էկոլոգիական կրթության, այնպես էլ էկոլոգիական մշակույթի մակարդակի բարձրացմանը:
Նմանատիպ միջոցառումները ուսումնառության ընթացքում, ինչպես նաև բնապահպանական հիմնահարցերով զբաղվող հետազոտողների ցանցի ընդլայնման գործում դիտարկելով որպես կարևոր բաղադրիչ՝ երկուստեք համաձայնություն ձեռքբերվեց նման միջոցառումների շարունակականության և տարածաշրջանային ընդլայնման ապահովման համար: