Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի համագործակցության շրջանակում ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը» խորագրով դասախոսություն։

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ի.գ.դ., պրոֆեսոր Հարություն Խաչիկյանը՝ ընդգծելով համագործակցությամբ իրականացվող միջոցառումների կարևորությունը, համագործակցությունը ընդլայնելու պատրաստակամությունը։ Ողջունելով դասախոսության մասնակիցներին՝ Հարություն Խաչիկյանը կարևորեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդիականությունը և ուսանողների համար դասախոսության գործնական նշանակությունը։
IRZ երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը ևս կարևորեց IRZ հիմնադրամի և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շարունակական համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ համագործակցությամբ անցկացվող այս դասախոսությունը նույնպես կնպաստի ապագա իրավակիրառումների, գործնական գիտելիքների և հմտությունների զարգացմանը։
Միջոցառմանը մասնակցում էին Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, ՆԳՆ կրթահամալիրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետների ուսանողներ:
Միջոցառման բանախոսներն էին ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Աննա Մարգարյանը, Ցելլեի գլխավոր դատախազության կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնական գրասենյակի ավագ դատախազ Քաթրին Բրոքհյոֆթը, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Գևորգ Բարսեղյանը։
Դասախոսության շրջանակում անդրադարձ կատարվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդի հիմնախնդիրներին, այդ թվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քրեաիրավական և քաղաքացիական գործիքակազմերին, ՄԻԵԴ չափանիշներին, ՀՀ և ԳԴՀ իրավակարգավորումների համեմատական վերլուծությանը, ինչպես նաև միջազգային և այլ պետությունների վերաբերելի իրավակարգավորումներին։
Ուսանողները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, իսկ վերջում՝ հավաստագրեր: