ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի և Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ անցկացվեցին խորհրդարանական լսումներ՝ «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ․ գործող իրավական կարգավորումներ, օրենսդրական լուծումներ» թեմայով:
Ինչպես ընդունված է մասնագիտական եզրութաբանության մեջ, աղմկային աղտոտումը 21–րդ դարի մարտահրավերներից է։ Այն ոչ պակաս վտանգավոր է, քան օդի և ջրի աղտոտումը։ Աղմուկի անթույլատրելի մակարդակի հետ կապված խնդիրն ուղղակի ազդեցություն ունի մարդու հիմնարար իրավունքների վրա ինչպես անձի առողջության պահպանման իրավունքի, այնպես էլ մասնավոր կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից: Հայաստանում աղմուկի/աղմկային աղտոտման թույլատրելի մակարդակը և պայմանները համակարգային և համապարփակ կարգավորման ենթարկված չեն:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մի խումբ դասախոսներ՝ պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանը, դոցենտներ Արտակ Ասատրյանը, Օլիմպիա Գեղամյանը, Քնարիկ Վարդանյանը, Արսեն Թավադյանը, դասախոս Գևորգ Բարսեղյանը և վարչարարության մասնագետ Անահիտ Ղազարյանը, առնչվելով Հայաստանում աղմուկի/աղմկային աղտոտման թույլատրելի մակարդակի և պայմանների համակարգային ու համապարփակ կարգավորման թերություններին, մեկ տարի շարունակ աշխատել են աղմկային աղտոտման օրենսդրական նախագծի լուծումների շուրջ: Խորհրդարանական լսումների ընթացքում նրանք միջազգային և ներպետական իրավական համատեքստում զեկույցներով ու ելույթներով հանդես եկան աղմուկի թույլատրելիության սահմանների և պայմանների քաղաքացիաիրավական, վարչաիրավական կարգավորման մասին: