
Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում ս․թ․ ապրիլի 2-4-ը տեղի ունեցավ «Անձի իրավունքների և օրինական շահերի քրեադատավարական երաշխիքները» խորագրով միջազգային գիտական համաժողով՝ նվիրված Մոսկվայի պետական համալսարանի քրեական դատավարության, արդարադատության և դատախազական հսկողության ամբիոնի պրոֆեսոր, նշանավոր դատավարագետ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Ֆեոդորի Կուցովայի 100-ամյակին։
Երևանի պետական համալսարանի և Մոսկվայի պետական համալսարանի միջև համագործակցության շրջանակում միջազգային գիտաժողովին մասնակցել է ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Դիլբանդյանը։ Գիտաժողովի շրջանակում նա հանդես է եկել «Տուժողի իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության հիմնախնդիրները քրեական դատավարությունում» թեմայով զեկուցմամբ։
Միջազգային գիտաժողովին մասնակցել են նաև մի շարք այլ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի համալսարանների դատավարագետներ և պրակտիկ աշխատողներ։
Գիտաժողովը նվիրված էր անձի իրավունքների պաշտպանության երաշխիքներին, որն արդիական է գրեթե բոլոր երկրների քրեադատավարական օրենսդրությունների զարգացման համար։ Գիտաժողովի շրջանակում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են ձերբակալված անձանց, մեղադրյալների, տուժողների, վկաների և անձի միջազգային իրավական պաշտպանության հարցերին։
Գիտաժողովի ընթացքում մասնակիցների միջև տեղի է ունեցել ակտիվ քննարկում, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համատեղ գիտաժողովների կազմակերպման, ինչպես նաև կրթական առարկայական ծրագրերի և դասախոսների փոխանակման վերաբերյալ։