Ժամանակակից հայոց լեզու և թարգմանչական գործ
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր:
Ընդունելության հարցաշարը տեղադրված է կայքի «Ընդունելություն» բաժնում:
«Ժամանակակից հայոց լեզու և թարգմանչական գործ» ծրագրի դիմորդը պետք է ունենա բակալավրի կամ դրան համարժեք որակավորում։
Տվյալ մասնագիտությամբ բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ նախորդ ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության արդյունքների հիման վրա։ Այլ մասնագիտությամբ բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ տվյալ մասնագիտության բակալավրի ամփոփիչ ատեստավորման քննական ծրագրին համապատասխան անցկացված քննությունների արդյունքների հիման վրա։
Ընդունելությունը կատարվում է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի համաձայն։
«Ժամանակակից հայոց լեզու և թարգմանչական գործ» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնում:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել գիտակրթական ոլորտի հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավորությունների ու նորագույն մեթոդների վերաբերյալ գիտելիքներ, խթանել ուսանողների մեջ լեզվական երևույթները վերլուծելու և լեզվաբանության տվյալ ոլորտին առնչվող լեզվական տվյալները համակարգելու ունակությունը, օժտել խմբագրական ու թարգմանչական աշխատանք իրականացնելու կարողություններով, ուսանողներին սովորեցնել իրականացնել տեքստերի խմբագրման, թարգմանության, հրատարակության պատրաստելու, լեզվական առարկաներ ուսուցանելու աշխատանքներ, ուսանողներին ծանոթացնել բառապաշարային և քերականական համակարգերի կիրառական սկզբունքներին տրված ոլորտում արդյունավետ աշխատանք ապահովելու նպատակով:
Առավելությունները
Ներկայացվող ծրագիրը մշակվել է ՀՀ և արտերկրի մի քանի բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրոսական նույնանման ծրագրերի համեմատությամբ: Ըստ այդմ էլ՝ ներկայացվող ծրագրում նախապատվություն է տրվում ոչ միայն տեսական, այլև գործնական կարողությունների զարգացմանը նպաստող դասընթացներին:
Ըստ ՀՀ պետական բուհերի պաշտոնական կայքէջերի տվյալների՝ «Ժամանակակից հայոց լեզու և թարգմանչական գործ» մագիստրոսական ծրագիրը գործում է միայն ԵՊՀ-ում: Սա նշանակում է, որ բացակայում է մրցակցային ցուցանիշը: Ծրագրի նպատակահարմարությունը պայմանավորված է նաև նրանով, որ նշված ծրագրով կրթություն և որակավորում ստանալու համար ԵՊՀ են դիմում նաև հանրապետության այլ բուհերի բակալավրիատն ավարտած ուսանողներ, ինչը փաստում է ծրագրի արդիական լինելու և ուսուցման գործընթացի արդյունավետության մասին:
Կարիերայի հնարավորությունները
«Ժամանակակից հայոց լեզու և թարգմանչական գործ» ծրագրի շրջանավարտները կարող են ուսումը շարունակել ասպիրանտուրայում։
Կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել ՀՀ-ում և Սփյուռքում գործող գիտակրթական և մշակութային հաստատություններում և կազմակերպություններում, ինչպես նաև խմբագրություններում, հրատարակչություններում, հեռուստա- և ռադիոոլորտում: Ծրագրի շրջանավարտները՝ որպես թարգմանիչներ, պահանջված աշխատուժ են նաև դեսպանատներում, նախարարություններում, հրատարակչություններում, որտեղ բանիմաց թարգմանիչների պակաս նկատվում է: