- Գլխավոր
- Նորություններ
- «ԲՐԵՅՆՍՓՈԹԻՆԳ». ԵՊՀ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԱՐԴԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվար 11, 2022 | 17:09
Կրթություն
«ԲՐԵՅՆՍՓՈԹԻՆԳ». ԵՊՀ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԱՐԴԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանում անցկացվում է «Բրեյնսփոթինգի» միջազգային դասընթաց:
«Բրեյնսփոթինգն» ազդեցիկ, կենտրոնացված բուժման մեթոդ է, որը բացահայտում, մշակում և լիցքաթափում է հուզական և մարմնական ցավի, տրավմայի, դիսոցիացիայի ու մի շարք այլ դժվար ախտանիշների հիմնական նեյրոֆիզիոլոգիական աղբյուրները:
«Այս մեթոդաբանությունը բավականին հետաքրքիր է, քանի որ հոգեբանության և նյարդաբանության խաչմերուկում է: Ամբողջ աշխարհում «Բրեյնսփոթինգի» մեթոդը բավականին արագ է զարգանում: Եվ չնայած, որ «Բրեյնսփոթինգը» նոր մոտեցում է մեզ համար, սակայն վստահ եմ՝ մեր մասնագետները կկարողանան յուրացնել այն և համատեղել արդեն իսկ ընդունված այլ մեթոդների հետ»,- ասում է ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն Դավիթ Գևորգյանը:
Բրեյնսփոթինգն այցելուի տեսողական դաշտում տեղորոշում է կետեր, որոնք օգնում են «մուտք գործել» ուղեղի ենթակեղևային շերտում տեղակայված չմշակված տրավմա: Այս մեթոդն ախտորոշման և թերապիայի համաժամանակյա ձև է:
Դասընթացները վարում են «Բրեյնսփոթինգի» մասնագետ և թերապևտ Մարի Խոսե Բունը, Ցյուրիխի մասնագիտական ուսումնական վերականգնողական կենտրոնի հոգեբան, թերապևտ և միջազգային բրեյնսփոթինգի դասընթացավար Անդրեաս Հերոլդը և պրակտիկ թերապևտ Մարիամ Վանունցը:
«Մեր թրեյնինգները շատ ինտենսիվ են, քանի որ մասնակիցները միաժամանակ տարբեր մակարդակներով ու հարթություններով են սովորելու: Հույս ունենք, որ դասընթացներից հետո հայ մասնագետները կկարողանան լիարժեք կիրառել այս մեթոդն իրենց այցելուների հետ աշխատանքներում»,- նշում է Մարի Խոսե Բունը:
Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Նարինե Խաչատրյանն էլ ընդգծում է, որ մեթոդին ծանոթացել են հետպատերազմյան շրջանում՝ զինվորների հետ տարվող աշխատանքների ժամանակ. «Ամռանը, երբ Մարիամ Վանունցը ԵՊՀ-ում էր, մեզ ծանոթացրեց «Բրեյնսփոթինգին», փորձում էինք հասկանալ այս մեթոդաբանության գիտական հիմքերն ու կիրառությունը: Շատ ուրախ ենք, որ այսօր մեր մասնագետները հնարավորություն ունեն մասնակցելու դասընթացներին և Հայաստանում զարգացնելու այս մեթոդը»:
Վարդուհի Զաքարյան