- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԲԱԲԿԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Դեկտեմբեր 19, 2018 | 15:58
Հասարակություն
ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԲԱԲԿԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Կոնֆերենց դահլիճում այսօր տեղի ունեցավ Ֆիզիկայի ֆակուլտետի և Ֆիզիկայի գիտահետազատական ինստիտուտի (ՖԳՀԻ) գիտական խորհուրդների համատեղ նիստը՝ նվիրված ԵՊՀ պրոֆեսոր Բաբկեն Խաչատրյանի հիշատակին:
Նիստին ներկա էին Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, ուսանողներ, Բաբկեն Խաչատրյանի ընկերներ և հարազատներ:
Նիստի հիմնական նպատակն էր ևս մեկ անգամ հիշել և մեծարել անվանի գիտնական, Տեսական ֆիզիկայի ամբիոնի բազմավաստակ պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտ. դոկտոր Բաբկեն Խաչատրյանին:
Տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանը տեսապատկերի միջոցով ներկայացրեց պրոֆեսորի անցած ճանապարհը և գիտամանկավարժական գործունեության հիմնական ուղղությունները:
«Քանի որ Բաբկեն Խաչատրյանի մահը համընկավ արձակուրդների շրջանի հետ, և շատերը չկարողացան նրան հրաժեշտ տալ, ֆակուլտետի կողմից որոշվեց գիտխորհուրդների տարեկան վերջինը նիստը նվիրել նրա հիշատակին»,- ասաց Ա. Սահարյանը:
«Բաբկեն Խաչատրյանը կյանքից հեռացել է այս տարվա հուլիսին: Նա համալսարանում դասավանդել է անցյալ դարի 60-ական թվականների սկզբից, կրթել է ֆիզիկոսների բազմաթիվ սերունդներ։ Նրա դասախոսությունների ցանկում ընդգրկված են եղել տեսական ֆիզիկայի գրեթե բոլոր ընդհանուր դասընթացները: Շատ հայտնի և սիրված է եղել ուսանողների ու հանրապետության ֆիզիկոսների շրջանում։ Բաբկեն Խաչատրյանը նաև հայտնի գիտնական էր, հեղինակել է 60-ից ավելի գիտական աշխատանքներ, ուսումնական ձեռնարկներ, ղեկավարել է թեկնածուական ատենախոսություններ»,- ներկայացրեց Տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչը:
Նիստի ընթացքում Բաբկեն Խաչատրյանի գիտամանկավարժական գործունեության և կյանքի հետաքրքիր պատմություններով ու հուշերով կիսվեցին նաև ֆակուլտետի դասախոսները, նրա ընկերներն ու նախկին սաները:
Միջուկային ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Ալետա Դանագուլյանը ներկայացրեց համալսարանում Բաբկեն Խաչատրյանի հետ ուսումնառության տարիներից հետաքրքիր դրվագներ:
Տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Ռոլանդ Ավագյանն էլ վերհիշեց համատեղ աշխատանքային տարիներին տեղի ունեցած հումորային դրվագները:
Նադեժդա Տեր-Աբրահամյան