- Գլխավոր
- Նորություններ
- Քիմիայի միջազգային օլիմպիադայի հաղթողից մինչև մարզիչ ու ԵՊՀ լավագույն ուսանող. հարցազրույց Արտյոմ Պետրոսյանի հետ
Օգոստոս 07, 2023 | 16:09
Կրթություն
Մրցույթներ
Ուսանողական
Քիմիայի միջազգային օլիմպիադայի հաղթողից մինչև մարզիչ ու ԵՊՀ լավագույն ուսանող. հարցազրույց Արտյոմ Պետրոսյանի հետ
Մտովի տեղափոխվեք մի լաբորատորիա, որտեղ կոլբաներ, մագնիսական խառնիչներ, թորման ապարատ և սարքեր ու սարքավորումներ են: Պատկերացրեք, որ այնտեղ ԵՊՀ երիտասարդ հետազոտողները, որոնց թվում է նաև «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի հաղթող Արտյոմ Պետրոսյանը, կատարում են Հայաստանում քիմիայի զարգացմանն ուղղված մի շարք ուսումնասիրություններ: Լավագույն ուսանողը խոսել է իր հետազոտություններից և քիմիային առնչվող այլ թեմաներից:
Արտյոմը սովորել է Վանաձորի բնագիտամաթեմատիկական ուսուցմամբ «Էվրիկա» հատուկ դպրոցում, որտեղ ուսուցչուհին նրա մեջ արթնացրել է քիմիայի ուղղությամբ կրթությունը շարունակելու ցանկություն: Վերջինիս հորդորով նա որոշել է մասնակցել Քիմիայի դպրոցական օլիմպիադային, որտեղ գրանցելով բարձր արդյունքներ` ընդգրկվել է Հայաստանի միջազգային օլիմպիադայի թիմի կազմում։ Նա մասնակցել է Ստամբուլում կայացած Քիմիայի միջազգային և Մենդելեևյան օլիմպիադաներին, արժանացել բրոնզե մեդալների։ Հատկանշական է, որ ընդունվելով ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ՝ Արտյոմը հնարավորություն է ունեցել ընդգրկվելու օրերս Ցյուրիխում անցկացված Քիմիայի միջազգային 55-րդ օլիմպիադայի հայաստանյան թիմի մարզիչների կազմում, որոնց ջանքերի շնորհիվ մասնակիցները վերադարձել են ոսկե և բրոնզե մեդալներով:
- Արտյո՛մ, դպրոցական տարիների Ձեր հաջողությունները հուշում են, որ ունեցել եք աշակերտական հագեցած առօրյա: Արդյո՞ք համալսարանում նույնքան ակտիվ եք:
- Այո՛, բավականին: Ըստ էության, համալսարանը հնարավորությունների մեծ հարթակ է, որը նպաստում է ոչ միայն մասնագիտական, այլև անձնական աճին: Ուսումնառության առաջին իսկ տարվանից մասնակցել եմ ուսանողական կառույցների կազմակերպած մի շարք միջոցառումների, գիտակրթական կապեր հաստատել տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ձեռք բերել նոր գիտելիքներ: Հետաքրքիր է, որ երբ երկրորդ կուրսում դարձա Քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, ինքս սկսեցի նախաձեռնել ու կազմակերպել այդօրինակ միջոցառումներ և մյուս ուսանողների համար ստեղծել այն հնարավորությունները, որոնք ժամանակին ինձ էին ընձեռվում: Բացի վերոնշյալից, վերջին տարիներին Քիմիայի օլիմպիադան անցկացվում է համալսարանում, իսկ ֆակուլտետն ինձ հնարավորություն է տվել, որ ես էլ` որպես հանձնաժողովի անդամ, ներգրավվեմ օլիմպիադայի կազմակերպման աշխատանքներում:
Բացի ուսանողական ակտիվ կյանք վարելուց՝ ներգրավված եմ նաև ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնի գիտական խմբերից մեկի հետազոտական աշխատանքներում:
- Հատկապես գիտական խմբի կատարած ուսումնասիրություններում ներգրավվածությունն ի՞նչ դեր ունի Ձեզ համար:
- Ականատես լինելով լաբորատորիայում կատարվող գիտական բացահայտումներին՝ իմ մեջ բարձրացել է գիտության հանդեպ հետաքրքրությունը: Այստեղ ես հասկացել եմ, որ ուսանողական տարիներից հնարավոր է կատարել այնպիսի հետազոտություններ, որոնք կարող են էական դեր ունենալ ոլորտի զարգացման համար: Ինքս հեղինակել եմ գիտական հոդված, ինչպես նաև միջազգային ու տեղական գիտաժողովներում ներկայացրել եմ մի քանի թեզիսներ: Թե՛ հոդվածը, թե՛ թեզիսները կապված են օրգանական քիմիայի, մասնավորապես նոր նյութերի սինթեզի և սինթեզի նոր մեթոդների մշակման հետ:
- Ո՞րն է սինթեզի նոր մեթոդների մշակման կարևորությունը
- Ոլորտի առաջընթացի համար օրգանական քիմիայում սինթեզի նոր մեթոդների մշակումը հիմնարար և կենսական դեր է խաղում: Սա մեծ նշանակություն ունի հատկապես դեղերի հայտնաբերման, նյութագիտության և այլ ոլորտներում: Բացի դրանից, ժամանակի ընթացքում առաջանում են քիմիական նոր «սպառնալիքներ», բնապահպանական խնդիրներ, իսկ սինթեզի ժամանակակից մեթոդները ձգտում են նվազագույնի հասցնել վտանգավոր ռեակտիվների ու լուծիչների օգտագործումը և նպաստել էկոլոգիապես մաքուր միջավայրի ապահովմանը: Լիահույս եմ, որ իմ առաջարկած մեթոդները հետագայում կունենան իրենց կարևոր դերակատարումը ոչ միայն մեր, այլև մի շարք այլ երկրների համար:
- ԵՊՀ-ին տված Ձեր նախորդ հարցազրույցում նշել էիք, որ քիմիան բնությանը նմանվելու և նրա պես ստեղծարար լինելու փորձ է: Վերջին տարիներին քիմիան ենթարկվել է տարբեր փոփոխությունների. արդյոք փոփոխվել են նաև Ձեր պատկերացումներն ու մոտեցումները՝ կապված գիտության այս ոլորտի հետ:
- Այո՛, քիմիան իսկապես շատ արագ փոփոխվող և զարգացող գիտություն է: Հատկապես վերջին տարիներին տարբեր կերպերով ոլորտ են «ներմուծվում» արհեստական բանականությունը և մեքենայական ուսուցումը: Բացի դրանից, հայտնվել են նոր գերժամանակակից սարքեր, որոնք սկսել են փոխարինել հին սերնդի մի քանի սարքերի համալիրների։ Զարգացման այս եռուզեռի մեջ դժվար է չփոխել պատկերացումները. մինչ վերջերս կարծում էի, որ կմասնագիտանամ փորձարարական օրգանական քիմիայի բնագավառում, իսկ այժմ առավելապես գրավում է համակարգչային քիմիան: Այս է պատճառը, որ ոլորտում ի հայտ եկող նորությունները բաց չթողնելու համար, բացի ֆակուլտետի գիտնականների հետ սերտ համագործակցելուց, մշտապես կարդում եմ նաև առաջատար պարբերականներում հրապարակվող հոդվածները: Ըստ էության, պարբերականներին հետևելը կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են գիտությամբ զբաղվելուն:
- Իսկ ի՞նչ դեր ունի մեքենայական ուսուցումը քիմիայի ոլորտում:
- Մինչ 2000-ականները, երբ չկային մշակված համակարգչային մեթոդներ, մեծածավալ տվյալների վերլուծումը գրեթե անհնար էր. շատ հետազոտություններ իրականացվում էին միայն փորձնական ճանապարհներով, և բավականին երկար ժամանակ էր պահանջվում։ Դարասկզբից սկսած, երբ համակարգչային հնարավորությունները սկսեցին թույլ տալ իրականացնել տարբեր հաշվարկներ՝ կապված նյութերի հատկությունների հետ, հետազոտության մեթոդները ենթարկվեցին փոփոխությունների, և տվյալների վերլուծությունն սկսեց ավելի արագ կատարվել։ Կարելի է ասել, մեքենայական ուսուցումը քիմիայում օգտագործվում է որպես հավելյալ գործիք՝ նյութերի և մի շարք գործընթացների հատկությունների կանխատեսման և ուսումնասիրման համար։ Այսօր դրա դերն ընդգծված կերպով երևում է դեղաբանության ոլորտում։
- Նշեցիք, որ գիտության վերջին զարգացումներից տեղյակ լինելու համար կարևոր է առաջատար պարբերականներին հետևելը: Դուք՝ որպես ՀՀ և ԵՊՀ լավագույն ուսանող, քիմիայի ոլորտն ընտրած ուսանողներին գիտական ի՞նչ պարբերականներ կամ մասնագիտական գրքեր խորհուրդ կտաք կարդալ:
- Ըստ էության, «Scopus» գիտական շտեմարանում զետեղված են թեմատիկ և բարձր վարկանիշ ունեցող պարբերականներ, որոնց հետևելով՝ ոլորտով հետաքրքրվողներին հնարավորություն կտրվի քաջատեղյակ լինելու քիմիային առնչվող մի շարք բացահայտումներին: Գրքերից խորհուրդ կտամ կարդալ Ջոնաթան Քլեյդենի, Նիկ Գրիվզի և Ստյուարտ Ուորենի հեղինակած «Օրգանական քիմիա» գիրքը: