- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան կհամալրվի նորագույն սարքավորումներով
Դեկտեմբեր 14, 2023 | 11:00
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն
ԵՊՀ մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան կհամալրվի նորագույն սարքավորումներով
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան կհամալրվի նորագույն սարքավորումներով, որոնք հնարավորություն կտան արդյունավետ աշխատելու տարբեր մանրէների, մասնավորապես ֆոտոտրոֆների հետ՝ ապահովելով դրանց օպտիմալ աճը և կենսազանգվածի ստացումը:
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրում» մրցույթի շրջանակում ինստիտուտը ձեռք կբերի երեք նոր սարքավորումներ, որոնք կօգտագործվեն և՛ գիտական հետազոտությունների, և՛ ուսումնական գործընթացի շրջանակում կատարվող լաբորատոր աշխատանքների ժամանակ։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.թ Լիլիթ Գաբրիելյանը, խոսելով ձեռք բերվող «Կլիմայական խցիկ լուսավորությամբ» սարքի հնարավորություններից, նշեց, որ այն ստեղծում է նպաստավոր պայմաններ ֆոտոտրոֆ մանրէների, այդ թվում՝ կանաչ ջրիմուռների, ցիանաբակտերիաների, ծիրանագույն բակտերիաների աճեցման համար:
«Սարքն օժտված է լուսավորության տարբեր ռեժիմներով, առկա է մութ-լույս պայմանների համադրում, ունի նաև ջերմաստիճանի և խոնավության կարգավորման հնարավորություն։ Լույսի ինտենսիվությունը կարգավորում է ֆոտոտրոֆ մանրէների աճը, կենսազանգվածի ստացումը, նյութափոխանակությունը. առանց լույսի նրանք չեն կարող աճել»,- պատմեց Լ. Գաբրիելյանը:
ԵՊՀ մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան մասնագիտանում է կանաչ ջրիմուռների, ցիանաբակտերաների, և ծիրանագույն բակտերիաների կենսաքիմիայի և կենսաէներգետիկայի հետազոտությունների ուղղությամբ, փորձեր են արվում պարզելու այդ միկրոօրգանիզմների նյութափոխանակության առանձնահատկությունները՝ նյութափոխանակությունը կարգավորելու և անհրաժեշտ արգասիքներ ստանալու նպատակով:
«Մեր լաբորատորիայում կատարվող գիտահետազոտական աշխատանքների նպատակն է կենսավառելիքի՝ կենսաջրածնի արտադրությունը, որն էլ կարելի է կիրառել որպես այլընտրանքային վառելիք»,- ասաց Լիլիթ Գաբրիելյանն ու ընդգծեց, որ լույսի ներքո կատարված հետազոտությունները կնպաստեն նաև ֆոտոտրոֆներից կենսաջրածնի ստացման տեխնոլոգիայի և կենսաէներգետիկայի զարգացմանը:
Անդրադառնալով աշխարհում կենսաբժշկության գլխավոր հիմնախնդիրներից մեկին՝ հակաբիոտիկների այլընտրանք փնտրելուն, նա ընդգծեց, որ «Կլիմայական խցիկ լուսավորությամբ» սարքը հնարավոր է օգտագործել նաև նանոմասնիկների կանաչ սինթեզի համար, քանի որ մանրէներում օրեցօր զարգանում է կայունությունը հակաբիոտիկների նկատմամբ, իսկ այդ կայունությունը հաղթահարելու այլընտրանքներից են նանոմասնիկները․ «Կանաչ ջրիմուռները և ցիանաբակտերիաները ծառայում են որպես հումք արծաթե նանոմասնիկների սինթեզման համար, և այս առումով լաբորատորիան արդեն հաջողված փորձ ունի։ Մինչ վերջերս շեշտը դրված էր նանոմասնիկների քիմիական սինթեզի վրա, սակայն արդեն ապացուցված է, որ նանոմասնիկների կանաչ սինթեզը կամ կենսաբանական սինթեզը իր՝ տնտեսապես շահավետության և էկոլոգիապես անվտանգության շնորհիվ ավելի խոստումնալից է, քան քիմիականը»։
Այժմ լաբորատորիայում կանաչ օբյեկտներից՝ ջրիմուռներից և ցիանաբակտերիաներից, ստանում են արծաթե նանոմասնիկներ, որոնք օժտված են ակնհայտ հակաբակտերիական ակտիվությամբ։
«Կլիմայական խցիկ լուսավորությամբ» սարքից բացի՝ լաբորատորիան դրամաշնորհի շրջանակում ձեռք կբերի նաև «Կենսաբանական անվտանգության կաբինետ»` 2-րդ դասի պաշտպանության լամինար պահարան, որը կիրառվում է մանրէների և վտանգավոր նյութերի հետ աշխատելիս՝ ապահովելով կատարողի և շրջակա միջավայրի անվտանգությունը և միաժամանակ պաշտպանելով նմուշն արտաքին աղտոտումից: Ձեռք կբերվի նաև «Հարկադիր օդափոխությամբ չորացման պահարան», որն անհրաժեշտ է լաբորատոր ապակեղենի և գործիքների չորացման համար:
Լիլիթ Գաբրիելյանը նշեց, որ դրանցից օգտվելու հնարավորություն կունենան նաև Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի աշխատակիցները՝ դրանք օգտագործելով, օրինակ, բույսերի աճեցման նպատակով․ «Ձեռք բերվող սարքերի շնորհիվ կբարձրացվի հետազոտական աշխատանքների արդյունավետությունը։ Ուսանողները կտիրապետեն ժամանակակից մեթոդների, կսովորեն աշխատել նորագույն սարքավորումներով»։