- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները՝ միջբուհական դատախաղ-մրցույթի հաղթող
Դեկտեմբեր 22, 2023 | 13:21
Կրթություն
Մրցույթներ
Ուսանողական
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները՝ միջբուհական դատախաղ-մրցույթի հաղթող
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բանկային իրավունքի թեմայով ամենամյա դատախաղ-մրցույթ ուսանողների համար: Մրցույթի հաղթող են ճանաչվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող երկու թիմերը:
Միջբուհական մրցույթին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետները ներկայացնող թիմերը:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացրել են 3 թիմեր՝ FSM 2, FSM 5, FSM 3։
FSM 2 (FSM - Financial system mediator) թիմում ընդգրկված էին ուսանողներ, որոնք Արցախի պետական համալսարանից էին, իսկ այժմ կրթությունը շարունակում են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։ Թիմի մարզիչը ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի հայցորդ Զարինե Ազիզյանն էր։
FSM 5 թիմը ներկայացնում էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողներ։ Թիմի մարզիչը ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Արսեն Թավադյանն էր։
FSM 3 թիմի ներկայացուցիչները ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներ էին։ Թիմի մարզիչը քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս Դավիթ Բակլաչյանն էր:
Մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ գրավոր և բանավոր:
Գրավոր փուլում թիմերը ներկայացրել են հաճախորդի պահանջ-դիմումը բանկին և բանկի պատասխանը հաճախորդին, իսկ բանավոր փուլում մրցել են միմյանց հետ՝ ներկայացնելով և´ հաճախորդի, և´ բանկի շահերը:
Մրցույթի բանավոր փուլը գնահատել են ֆինանսական ոլորտի իրավաբանները, վերոնշյալ համալսարանների դասախոսները և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի աշխատակիցները:
Հաշվի առնելով և՛ գրավոր, և՛ բանավոր փուլերի արդյունքները՝ հաղթող են ճանաչվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող FSM 2 և FSM 5 թիմերը։
Բանավոր փուլի «Լավագույն պատասխան» անվանակարգում հաղթող է ճանաչվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող Արցախի ուսանողների FSM 2, իսկ «Լավագույն պահանջ-դիմում» անվանակարգում՝ FSM 3 թիմը։