- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ն շարունակաբար կատարելագործում է կրթական ծրագրերն ու անձնակազմի մասնագիտական հմտությունները
Դեկտեմբեր 26, 2023 | 12:45
Կրթություն
Մրցույթներ
Շարունակական կրթություն
ԵՊՀ-ն շարունակաբար կատարելագործում է կրթական ծրագրերն ու անձնակազմի մասնագիտական հմտությունները
2023-2024 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից ԵՊՀ կրթական ծրագրերում կներդրվեն «Մեդիագրագիտություն» և «Քննադատական մտածողություն» դասընթացները, իսկ ԵՊՀ ակադեմիական և վարչական անձնակազմը կվերապատրաստվի «Քննադատական մտածողություն» թեմայի շրջանակում։ ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի նախաձեռնությամբ և ԵՄ ֆինանսական աջակցությամբ հայտարարվել է նշյալ դասընթացների և վերապատրաստման ծրագրի մրցույթ, որի հաղթողներն արդեն իսկ ընտրվել են:
Դասընթացների՝ ընտրված ծրագրերն այժմ մշակման փուլում են:
Մրցույթի հաղթողներն են՝
ԵՊՀ ուսանողների համար նախատեսված «Մեդիագրագիտություն» դասընթաց – ԵՊՀ ժուռնալիստիկայի, սոցիոլոգիայի, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների խումբ: Խմբի անդամներն են Անահիտ Մենեմշյանը, Զարուհի Սարգսյանը, Գարիկ Հարությունյանը (Ժուռնալիստիկա), Նվարդ Մելքոնյանը (Սոցիոլոգիա), Արման Ղարագուլյանը, Սաթեն Գրիգորյանը (Փիլիսոփայություն և հոգեբանություն):
Ուսանողների համար նախատեսված «Քննադատական մտածողություն» դասընթաց – Դավիթ Հայրապետյան, Լևոն Բաբաջանյան (Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ), Տիգրան Սիմյան (Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ):
ԵՊՀ անձնակազմի համար նախատեսված «Քննադատական մտածողություն» թեմայով վերապատրաստման դասընթաց - Սերոբ Խաչատրյան (Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ) և Լիլիթ Սարգսյան (Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ):
Հաղթողներին ընտրելիս որպես առավելություն է դիտարկվել նախագծի՝ միջգիտակարգային լինելը, հաշվի են առնվել հայտատուների մասնագիտական հմտությունները, փորձը, ինչպես նաև մրցույթի պահանջները բավարարող այլ դրույթներ:
Մրցույթի կանոնների համաձայն՝ «Մեդիագրագիտություն» և «Քննադատական մտածողություն» դասընթացների ներդրման համար ընտրված թիմը պետք է մշակի և իրականացնի ամբողջական դասընթացի ծրագիր՝ մեկ կիսամյակ տևողությամբ և շաբաթական մեկ հանդիպում հաճախականությամբ: «Քննադատական մտածողություն» թեմայով ԵՊՀ ակադեմիական (դասախոսական) և վարչական անձնակազմի համար վերապատրաստման մեկ ծրագրի պարագայում հաղթող թիմը պետք է մշակի և իրականացնի ԵՊՀ 200 աշխատակիցների վերապատրաստում:
Նշենք, որ ԵՊՀ դասախոսների վերապատրաստման 2023-2026 թթ. կարգի «Ընդհանրական հմտություններ» բաժնում սահմանված է, որ վերապատրաստման արդյունքում մասնակիցները հնարավորություն կունենան հավաքելու որոշակի միավորներ։