- Գլխավոր
- Նորություններ
- Միջբուհական կապերի ամրապնդում․ ԵՊՀ-ում էր Մազանդարանի համալսարանի դոցենտը
Մարտ 19, 2024 | 16:17
Գիտություն
Կրթություն
Միջբուհական կապերի ամրապնդում․ ԵՊՀ-ում էր Մազանդարանի համալսարանի դոցենտը
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում տեղի ունեցավ հանդիպում Մազանդարանի համալսարանի (ԻԻՀ) ձեռնարվեստի և արվեստի ուսումնասիրությունների ֆակուլտետի դոցենտ Մոսթաֆա Ռոսթամիի հետ։
Հանդիպման շրջանակում Մ․ Ռոսթամին ներկայացրեց «Ծիսակատարությունների համընդհանուր ժառանգության ազդեցությունը իրանական և հայկական մշակույթների վրա» թեմայով զեկուցում, որի նպատակն էր ցույց տալ Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեցող մշակութային կապերը: Հրավիրյալ դասախոս Մոսթաֆա Ռոսթամին նշեց, որ ուսումնասիրել է երկու երկրների մշակութային և պատմական հարաբերությունները և պարզել միջմշակութային ընդհանրություններն ու ազդեցությունները:
«Հայաստանում շատ ծեսեր ընդհանրություններ ունեն իրանականի հետ, որոնք գոյություն են ունեցել պատմության ընթացքում։ Ժամանակագրական առումով որոշ ծեսեր, որոնք կատարվում են Հայաստանում, կատարվում են նաև Իրանում: Հետաքրքիրն այն է, որ այս համընդհանուր ժառանգության արմատը գալիս է միթրայականությունից, արիական ժողովրդից, որոնք ապրել են այս տարածաշրջանում»,- ասաց Մազանդարանի համալսարանի ձեռնարվեստի և արվեստի ուսումնասիրությունների ֆակուլտետի դոցենտը՝ որպես օրինակ մատնանշելով կրակի և ջրի խորհրդանիշների նմանությունները երկու երկրներում:
Մոսթաֆա Ռոսթամին դասախոսության ժամանակ բազմաթիվ օրինակներ բերեց՝ ցույց տալով, որ Իրանի ու Հայաստանի միջև մշակութային շփումները դարերի պատմություն ունեն՝ հաշվի առնելով նաև աշխարհագրական սերտ կապը:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով Մազանդարանի համալսարանի հետ գործակցության նախապատմությանը, նշեց, որ նախկինում երկուստեք պայմանավորվածություն է եղել ԵՊՀ-ում մազանդարանագիտության լսարան բացելու, սակայն համավարակը խոչընդոտ է դարձել այդ ծրագրի իրականացման համար:
«Մենք հուսով ենք, որ ԻԻՀ Մազանդարանի համալսարանի հետ նորից կվերսկսենք այդ ուղությամբ մեր աշխատանքները»,- ընդգծեց Վ. Ոսկանյանը։
Նա նշեց, որ դասական իրանագիտության մեջ որպես կանոն ուսումնասիրվում են երկրի պատմությունը, մշակույթը, լեզուները, բարբառները, կրոնները և այլն: Կարևորելով ԵՊՀ-ում Մազանդարանի համալսարանի դոցենտի՝ մշակութային թեմայով դասախոսություն անցկացնելը և Հայաստանի ու Իրանի միջև մշակութային առնչությունները ցույց տալը՝ ամբիոնի վարիչ Վ․ Ոսկանյանը փաստեց․ «ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը կամրջող օղակ է եվրոպական դասական իրանագիտության, ռուսական և իրանական իրանագիտության միջև»։
Նշենք, որ դասախոսությանը ներկա էին ԵՊՀ, ինչպես նաև Քեմբրիջի համալսարանի ուսանողներ, դասախոսներ: