- Գլխավոր
- Նորություններ
- Բուհ-դպրոց կապի ամրապնդումը՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի օրակարգում
Մարտ 26, 2024 | 11:22
Կրթություն
Հասարակություն
Բուհ-դպրոց կապի ամրապնդումը՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի օրակարգում
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը մարտի երկրորդ տասնօրյակում հյուրընկալեց Երևանի և ՀՀ մարզերի միջնակարգ ու ավագ շուրջ 76 դպրոցների 1054 աշակերտների:
Կենսաբանության ֆակուլտետի դահլիճում աշակերտներին և ուսուցիչներին ողջունեց ֆակուլտետի դեկան, կ․գ․դ․ Կարեն Ղազարյանը։ Նա աշակերտներին ներկայացրեց Կենսաբանության ֆակուլտետի կառուցվածքը, ընդունելության կարգը, գործող կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման գործընթացները: Աշակերտների հետ զրույցի ժամանակ նշվեց, որ ֆակուլտետում կարևորվում է գիտական նոր ծրագրերի ներդրումը, ինչը նպաստում է կենսաբանության ոլորտում արդի խնդիրների վերաբերյալ նոր մոտեցումների մշակմանը: Դեկանն անդրադարձավ նաև ֆակուլտետի ուսանողների գործնական հմտությունների զարգացման համար ստեղծված հնարավորություններին՝ կարևորելով աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու գործընթացը և ներկայացնելով ֆակուլտետի շրջանավարտների կարիերայի հնարավորությունները ժամանակակից աշխատաշուկայի պայմաններում։
Աշակերտների հետ զրուցեցին նաև ֆակուլտետի ՈՒԽ և ՈՒԳԸ ներկայացուցիչները, որոնք դպրոցականներին պատմեցին ուսանողական ակտիվ և հագեցած կյանքի մասին՝ կարևորելով ուսումնառության ընթացքում կազմակերպվող ինչպես ուսումնադաշտային, այնպես էլ մասնագիտական պրակտիկաների և հմտությունների ձեռքբերման գործընթացների առավելությունները:
Հանդիպման շրջանակում աշակերտները ՈՒԽ և ՈՒԳԸ անդամների ուղեկցությամբ այցելեցին ֆակուլտետի 7 ամբիոններ և ծանոթացան այնտեղ կատարվող ինչպես ուսումնական, այնպես էլ գիտահետազոտական աշխատանքներին: Աշակերտներն այցելեցին նաև գիտական լաբորատորիաներ, ծանոթացան ժամանակակից սարքավորումներին և կենսաբանության ոլորտում գիտական արդի ուղղություններին: Դպրոցականներն իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ տեղում ստացան սպառիչ պատասխաններ։
Աշակերտների այցը ֆակուլտետ արդյունավետ է և՛ աշակերտների, և՛ պրոֆեսորադասախոսական կազմի համար․ աշակերտներին հնարավորություն է ընձեռվում ստանալու հետաքրքրող հարցերի վերաբերյալ մասնագիտական տեղեկություններ, իսկ պրոֆեսորադասախոսական կազմին՝ ներկայացնելու կենսաբանության արդիականությունը, ժամանակակից ուղղությունները, աշակերտների շրջանում ձևավորելու և զարգացնելու կենսաբանության նկատմամբ հետաքրքրություն։
Նմանօրինակ միջոցառումները, կրելով շարունակական բնույթ, հնարավորություն կտան հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտներին ծանոթանալու բուհի հնարավորություններին, ստանալու մասնագիտական և աշխատանքային հեռանկարների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն, ինչը կնպաստի դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը: