- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ թիմը կմասնակցի Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային
Հունիս 14, 2024 | 15:30
Միջոցառումներ
Մրցույթներ
Ուսանողական
ԵՊՀ թիմը կմասնակցի Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում ամփոփվեցին ԵՊՀ մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայի արդյունքները: Լավագույն արդյունքներ գրանցած 4 ուսանողներն օգոստոսին մեկնելու են Բուլղարիա՝ մասնակցելու «IMC» մաթեմատիկական միջազգային օլիմպիադային (International Mathematics Competition)։
Օլիմպիադայի արդյունքների ամփոփման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը։ Նա նշեց, որ Մաթեմատիկական միջազգային օլիմպիադային ԵՊՀ թիմն առաջին անգամ մասնակցել է 2005 թ․, և այս տարին հոբելյանական է, քանի որ արդեն 20-րդ անգամ համալսարանի թիմն իր մասնակցությունը կունենա մրցույթին։
«Մենք ակտիվ գործունեություն ենք ծավալել՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին կատարելագործելու իրենց գիտելիքները, գրանցելու բարձր արդյունքներ և ներկայացնելու ԵՊՀ-ն միջազգային օլիմպիական հարթակում։ Հուսով եմ՝ հոբելյանական այս տարում կունենանք «հոբելյանական» արդյունքներ»,- ասաց Ա․ Սահակյանը։
ԵՊՀ մաթեմատիկական ուսանողական օլիմպիադային այս տարի մասնակցեցին բակալավրիատի և մագիստրատուրայի 24 ուսանողներ, որոնց թվում էին նաև Հայ-ռուսական համալսարանի ուսանողներ։
ԵՊՀ մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ, թիմի մարզիչ Կարեն Քեռյանն օլիմպիադայի մասնակից ուսանողներին հանձնեց դիպլոմներ՝ խրախուսելով նրանց ակտիվ մասնակցություն ունենալ ֆակուլտետի նախաձեռնած միջոցառումներին։
Ներկայացնելով թեստերի բովանդակությունը՝ նա ասաց, որ խնդիրներն առնչվում էին մաթեմատիկայի տարբեր ճյուղերին, այդ թվում՝ մաթեմատիկական անալիզին, գծային հանրահաշվին, կոմբինատորիկային։
«Համալսարանում անցկացվող Մաթեմատիկական օլիմպիադան իր բնույթով և խնդիրների կազմությամբ նման է «IMC» միջազգային օլիմպիադային։ Ակնկալում ենք, որ մեր թիմը միջազգային մրցույթում կգրանցի մեծ հաջողություններ՝ զբաղեցնելով մրցանակային հորիզոնականներ»,- նշեց Կ․ Քեռյանը։
Բուլղարիայում կայանալիք «IMC» մաթեմատիկական միջազգային օլիմպիադային ԵՊՀ թիմը կներկայացնեն համալսարանի մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայի արդյունքներով առաջին կարգի դիպլոմի արժանացած Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողներ Հայկ Կարապետյանը, Ռուբեն Համբարձումյանը, Վահագն Հովհաննիսյանը, ինչպես նաև 2-րդ կարգի դիպլոմակիր Համլետ Պետրոսյանը։
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանող Հայկ Կարապետյանը անցյալ տարի ևս մասնակցել է Մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայի նախընտրական փուլին, սակայն նրան չի հաջողվել բավարար արդյունք գրանցել միջազգային մրցույթին մասնակցող թիմում ընդգրկվելու համար։
«Այս տարի կրկին փորձեցի ուժերս և հաջողեցի։ Նշեմ, որ դպրոցական տարիներին մասնակցել եմ դպրոցական, հանրապետական և միջազգային օլիմպիադաների։ «IMC» միջազգային օլիմպիադային մասնակցությունն ինձ հնարավորություն կտա շփվելու ոլորտի առաջատար մասնագետների հետ, ձեռք բերելու նոր ծանոթություններ և, իհարկե, ուժերս փորձելու առավել մրցունակ միջավայրում»,- ասաց ուսանողը։
Թիմի մարզիչ Կարեն Քեռյանը համոզված է՝ Մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում գրանցած հաջողությունը ուսանողներին ճանաչելի կդարձնի միջազգային հարթակում՝ նրանց հնարավորություն ընձեռելով համագործակցելու աշխարհի հռչակավոր կազմակերպությունների հետ։
Միջազգային ասպարեզում ԵՊՀ թիմերի գրանցած հաջողություններն ակնառու են, ինչի մասին է վկայում ոսկե մեդալակիրների՝ տարեցտարի ավելացող թիվը։