- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ բնագիտական ճամբարը՝ գիտության աշխարհի բանալի դպրոցականների համար
Հուլիս 17, 2024 | 13:11
Հասարակություն
Շարունակական կրթություն
Ուսանողական
ԵՊՀ բնագիտական ճամբարը՝ գիտության աշխարհի բանալի դպրոցականների համար
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում ՀՀ տարբեր մարզերից 60 դպրոցականներ մասնակցեցին «Բնագիտությունը զվարճալի՜ է. տե՛ս, շոշափի՛ր, փորձի՛ր» ճամբարին՝ կատարելով գիտափորձեր, մասնակցելով գործնական դասընթացների։
Վերջերս ԵՊՀ-ում ամփոփվեց «Բնագիտությունը զվարճալի՜ է. տե՛ս, շոշափի՛ր, փորձի՛ր» բնագիտական երեքշաբաթյա աշխատարանը, որի շրջանակում դպրոցականները, այցելելով ԵՊՀ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաներ և լսարաններ, կատարեցին բնագիտական բազմաթիվ փորձեր ու լաբորատոր աշխատանքներ՝ առավել լավ ծանոթանալով բնական գիտություններին:
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ աշխատարանն ընդլայնեց իր գործունեության շրջանակը՝ ԵՊՀ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում ճամբար կազմակերպելով դպրոցականների համար: ՀՀ մարզերից 60 աշակերտներ (այդ թվում՝ գերակշիռ մասը Արցախից տեղահանված) հնարավորություն ստացան անվճար հիմունքներով մասնակցելու «Բնագիտությունը զվարճալի՜ է. տե՛ս, շոշափի՛ր, փորձի՛ր» բնագիտական ճամբարին:
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի մասնագիտական վերապատրաստման բաժնի գլխավոր մասնագետ Տաթևիկ Խաչատրյանը, ներկայացնելով ճամբարի ծրագրի մանրամասները, նշեց. «Ճամբարի շրջանակում դպրոցականներն ուսումնասիրել են բնագիտական տարբեր առարկաներ՝ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և այլն: Հիմնականում շեշտադրվել են գիտափորձերը, որոնց շնորհիվ աշակերտներն ուսումնասիրել և ճանաչել են իրենց շրջապատող աշխարհը: Բացի բնագիտական առարկաների ուսումնասիրությունից՝ անցկացվել են նաև մասնագիտական կողմնորոշման դասընթացներ, արվեստի ուղղվածությամբ աշխատարաններ (թղթի, հագուստի վերամշակում, կավագործություն), այցեր աստղադիտարան, պատմական տարբեր հուշարձաններ և այլն»:
Խոսելով ծրագրի արդյունքներից՝ Տաթև Խաչատրյանն ընդգծեց, որ անգամ այն աշակերտները, որոնք նախկինում չեն սիրել ու հետաքրքրվել բնագիտությամբ, ակտիվ աշխատարանների շնորհիվ սկսել են հետաքրքրվել քիմիայով, կենսաբանությամբ ու ֆիզիկայով:
Աշակերտների համար թեմատիկ դասախոսություններն անցկացրել են ԵՊՀ դասախոսները և «YSO Student Chapter»-ի ուսանողները՝ ցույց տալով գիտությունների փորձարարական կողմը:
ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնի աշխատակից, ք․գ․թ․, դոցենտ Մելանյա Սամվելյանը, պատմելով դասընթացի մասին, շեշտեց. «Աշակերտները սովորաբար դպրոցական տարիքից չեն սիրում բնագիտական առարկաները: Նմանօրինակ աշխատարանները օգնում են կոտրելու ձևավորված կարծրատիպերը գիտության այս «բարդ» ճյուղերի մասին: Հարկ է նշել, որ քիմիան մեր կյանքն է, ուստի չպետք է խուսափել այս և հարակից գիտաճյուղերից, փոխարենը պետք է մոտ լինել ու լավ ճանաչել այն»:
Իսկ թե ինչ են հասցրել սովորել ճամբարում, պատմեցին իրենք՝ մասնակիցները: 11-րդ դասարանի աշակերտ Արման Առաքելյանը, որն ապագա բժիշկ է, պատասխանելով հարցին, թե ինչու որոշեց մասնակցել ճամբարին, վստահեցրեց, որ այն տարբերվում է մյուսներից. այստեղ չեն գալիս միայն զվարճանալու համար:
«Ծրագիրը շատ է տարբերվում այլ ծրագրերից, քանի որ այստեղ հմուտ և փորձառու մասնագետների շնորհիվ ուսումնասիրում ենք գիտության տարբեր ճյուղեր, կատարում մեր առաջին գիտափորձերն ու առաջին քայլերը բնական գիտությունների ոլորտում: Ընկերներիս ևս խորհուրդ կտամ դիմել նմանօրինակ ծրագրերի՝ որպես մասնագիտական կողմնորոշման և զարգացման հնարավորություն»,- ասաց Արմանը:
Նշենք, որ բնագիտական ճամբարը ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի հերթական նախաձեռնությունն է, որի նպատակն է ակտիվացնել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական գործընթացները՝ տարբեր մեթոդների համադրմամբ բարձրացնելով ուսումնական գործընթացի արդյունավետությունը: