- Գլխավոր
- Նորություններ
- Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման նոր հնարավորություններ․ ստորագրվել է մտադրությունների հուշագիր
Հոկտեմբեր 01, 2024 | 17:12
Գործընկերներ
Հասարակություն
Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման նոր հնարավորություններ․ ստորագրվել է մտադրությունների հուշագիր
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանն այսօր ստորագրել են մտադրությունների հուշագիր՝ երկրաբանության, հիդրոերկրաբանության, հանքարդյունաբերության, մետալուրգիայի և այլ ոլորտներում արհեստավարժ մասնագետների պատրաստման, վերապատրաստման, որակավորման բարձրացման, գիտահետազոտական աշխատանքների կատարման և այլ ուղղություններով համագործակցության վերաբերյալ:
Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել համատեղ գիտահետազոտական և կրթական ծրագրեր, այդ թվում՝ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և կոմբինատի մասնագետների փորձի փոխանակում։
Բացի դրանից՝ ԵՊՀ ուսանողները հնարավորություն կունենան մասնագիտական պրակտիկան անցկացնելու կոմբինատում՝ օգտագործելով ընկերության արտադրական հզորությունները: Ուսանողների համար կկազմակերպվեն նաև հանքարդյունաբերության վերաբերյալ գործնական դասընթացներ ու փորձնական աշխատանքներ։ Բարձր առաջադիմությամբ ուսանողներն էլ հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու կոմբինատում։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ ԵՊՀ-ն միշտ կարևորել է իր ուսանողների և հետազոտողների համար նոր հնարավորություններ ստեղծելը։ Նրա խոսքով՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի հետ այս համագործակցությունը հնարավորություն կտա ուսանողներին ստանալու գործնական հմտություններ, ինչն էական է նրանց մասնագիտական աճի և աշխատաշուկայում մրցունակ լինելու համար։
«Բացի դրանից՝ երկու կառույցների ներուժի համատեղմամբ մենք ակնկալում ենք լուծումներ մշակել հանքարդյունաբերության ոլորտում առկա մարտահրավերների համար, նպաստել արտադրական գործընթացների բարելավմանը նորարարական մոտեցումներով»,- ասաց ԵՊՀ ռեկտորը։
«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանը ևս ընդգծեց, որ հանքարդյունաբերության ոլորտի կայուն և երկարաժամկետ զարգացումը հնարավոր է միայն բարձրակարգ մասնագետների և նորարարական տեխնոլոգիաների համատեղմամբ։
«Այս համագործակցությունը միտված է հենց այդ նպատակին՝ ապահովել առաջատար մասնագետների պատրաստումը և նորարարական լուծումների ներդրումը արտադրական գործընթացներում։ ԵՊՀ-ի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն կտա ներգրավելու բարձրակարգ մասնագետների, որոնք, ունենալով թե՛ հիմնավոր ակադեմիական գիտելիքներ, թե՛ գործնական հմտություններ, կկարողանան անմիջապես ներգրավվել մեր աշխատանքներում՝ նպաստելով ընկերության ու ոլորտի շարունակական զարգացմանը»,- նշեց Սասուն Ավետիսյանը։
Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցությունը արդյունավետ կլինի և հետագայում է՛լ ավելի կընդլայնվի: