- Գլխավոր
- Նորություններ
- Մեկնարկեց ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային 10-րդ գիտաժողովը
Հոկտեմբեր 07, 2024 | 17:00
Գիտություն
Միջոցառումներ
Ուսանողական
Մեկնարկեց ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային 10-րդ գիտաժողովը
ԵՊՀ-ում մեկնարկեց Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) միջազգային երիտասարդական 10-րդ գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին։ Այս տարվա գիտաժողովը նշանավորվում է նրանով, որ կառույցը տոնում է ստեղծման 77-ամյակը։
Գիտաժողովի նպատակն է ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին հնարավորություն ընձեռել ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք կատարելու հմտությունները, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաստանի և արտերկրի երիտասարդ հետազոտողների հետ։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով Ուսանողական գիտական ընկերության դերը ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի բուհերի ուսանողներին և երիտասարդ հետազոտողներին միավորելու գործում, ընդգծեց․ «Այսօր ՈՒԳԸ-ն հետաքրքիր կենտրոն է դարձել ուսանողության համար, քանի որ կառույցի կազմակերպած միջազգային գիտաժողովին մասնակցելու համար ամեն տարի դիմում են աշխարհի տարբեր երկրների ուսանողներ և հետազոտողներ։ ՈՒԳԸ գիտաժողովներն արժևորվում են նրանով, որ ուսանողները կատարում են իրենց «առաջին քայլերը» գիտության ոլորտում․ նրանք իրենց գիտական ղեկավարների հետ սկսում են ուսումնասիրություններ կատարել և ստեղծել գիտական աշխատանքներ՝ դրանով իսկ իրենց ներդրումն ունենալով գիտության մեջ։ Վստահ եմ, որ այդ գիտական աշխատանքները կարող են դառնալ վաղվա մեծ հայտնագործությունների և առաջընթացի հիմնաքարը»։
ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Սիրանուշ Բաղումյանը, ներկայացնելով 5-օրյա միջազգային գիտաժողովի օրակարգը, նշեց․ «Այս տարվա գիտաժողովն աննախադեպ է ստացված հայտերի քանակով․ ստացել ենք մասնակցության 316 հայտ, որոնցից 45-ը՝ արտերկրի բուհերից։ Գիտական գրախոսության արդյունքում ընտրվել են 215 մասնակիցներ, որոնցից 30-ը արտերկրից են։ Գիտաժողովի մասնակիցների շարքում մեջ մեծ թիվ են կազմում Ռուսաստանից և Վրաստանից ժամանած հյուրերը, մասնակից ունենք նաև Ուրուգվայից»։
Սիրանուշ Բաղումյանն այս համատեքստում ընդգծեց, որ միջազգային գիտաժողովի 5 օրերի ընթացքում ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում կկազմակերպվեն պանելային քննարկումներ, իսկ արտասահմանից ժամանած հյուրերի համար՝ նաև պատմաճանաչողական այցեր։
Գիտաժողովի շրջանակում կազմակերպվեց նաև ԵՊՀ ՈՒԳԸ հիմնադրման 77-ամյակին նվիրված էքսպո, որի ժամանակ ներկայացվեց Ուսանողական գիտական ընկերության գործունեությունը՝ ֆակուլտետներում կատարվող աշխատանքները, գիտության ոլորտում ուսանողների ներգրավվածության ընդլայնմանն ուղղված քայլերը և այլն։
Նշենք, որ ՈՒԳԸ-ն պարբերաբար կազմակերպում է սեմինարներ, գիտաժողովներ և դասախոսություններ՝ նպատակ ունենալով զարգացնելու ուսանողների գիտական ու ստեղծագործական աշխատանք կատարելու հմտությունները։
77-ամյա պատմություն ունեցող ուսանողական կառույցին տարիների ընթացքում անդամակցել են ավելի քան 9000 ուսանողներ և ասպիրանտներ։
Հիշեցնենք, որ նախքան ՈՒԳԸ հիմնադրումը՝ 1920-30-ական թվականներին ԵՊՀ տարբեր ամբիոններում գործել են ամբիոնային ուսանողական գիտական խմբակներ։ Մոտ երկու տասնամյակ անց՝ 1947 թ․ սեպտեմբերին, հրավիրվեց այդ խմբակների անդամների ընդհանուր ժողով, որի ժամանակ էլ որոշվեց ստեղծել համալսարանական ուսանողական գիտական ընկերություն։
Մանրամասները՝ տեսանյութում։