- Գլխավոր
- Նորություններ
- Խաղաղության նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում
Նոյեմբեր 04, 2024 | 17:35
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
Խաղաղության նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում
ԵՊՀ-ում անցկացվեց Սոցիալական աշխատողի մասնագիտական օրվան նվիրված «Սոցիալական աշխատանք․ նվիրում և համագործակցություն» խորագրով աշխատաժողով, որի շրջանակում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Խաղաղության նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին շնորհեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում:
Քայլաշ Սաթյարթին Խաղաղության նոբելյան մրցանակին արժանացել է 2014 թ.՝ երեխաների շահագործման դեմ պայքարի և հանրակրթության հասանելիության ուղղությամբ իր կատարած աշխատանքի համար։ Որպես սոցիալական աշխատող՝ նա Հնդկաստանում և մի շարք այլ երկրներում ձեռնարկել և իրագործել է հատուկ արշավներ՝ ստրկությունից, բռնի աշխատանքից, ընտանեկան բռնությունից և այլ ծանր իրավիճակներից ազատելով ավելի քան 100 000 երեխաների:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով սոցիալական աշխատողի դերը, ասաց․ «Զարգացած երկրներում անգնահատելի է սոցիալական աշխատողների դերակատարումը, քանի որ նրանց աշխատանքներն ուղղված են մարդկանց կարիքների վերհանմանը և սոցիալական բարեկեցության ապահովմանը։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում մեր հասարակությունում է՛լ ավելի կբարձրանա սոցիալական աշխատողի դերը»:
Ընդգծելով, որ այս տարին նշանակալի է Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի համար՝ ԵՊՀ ռեկտորը մատնանշեց․ «Շուրջ 20 տարի է՝ ֆակուլտետում կրթվում են սերունդներ, որոնք աշխատանք են գտնում սոցիալական տարբեր կառույցներում, նախարարություններում, դպրոցներում, մանկապարտեզներում, և այս բոլոր կառույցներն ունեն սոցիալական աշխատողի անհրաժեշտություն»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, խոսելով Կառավարության համար սոցիալական աշխատողի կարևոր դերակատարումից, փաստեց․ «Հետպատերազմյան ճգնաժամը հաղթահարելու մեր բոլոր ծրագրերը հաջողություն չէին ունենա, եթե մենք չունենայինք սոցիալական աշխատողների ինստիտուտ և այս ընթացքում զուգահեռաբար չզարգանար ու չամրապնդվեր այդ ինստիտուտը համայնքներում և հասարակական կազմակերպություններում: Կարդալով սոցիալական աշխատողների կենսագրությունները՝ մենք տեսնում ենք, որ նրանց մեծ մասը ԵՊՀ շրջանավարտներ են»:
Նախարարը հիշեցրեց, որ ՄԱԿ-ը 1999 թ. ընդունել է «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» 182-րդ կոնվենցիան, ըստ որի՝ արգելվում է երեխաների շահագործումը։ Աշխարհի գրեթե բոլոր երկրները (այդ թվում՝ Հայաստանը) վավերացրել են այդ կոնվենցիան, ինչը մեծապես պայմանավորված էր աշխարհի 103 երկրներում Քայլաշ Սաթյարթիի քայլերթի կազմակերպմամբ:
Քայլաշ Սաթյարթին նշեց, որ առաջին անգամ է գտնվում Հայաստանում և ԵՊՀ-ի կողմից իրեն դոկտորի կոչման շնորհումը դիտարկում է որպես մեծ ընդունելություն և՛ համալսարանում, և՛ առհասարակ Հայաստանում: Նա ընդգծեց, որ Հայաստանն ու Հնդկաստանն ունեն գործընկերային բազմադարյա հարաբերություններ, որոնք ներկայում էլ շարունակվում են: Խոսելով ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի գործունեության կարևորությունից՝ Քայլաշ Սաթյարթին ասաց, որ նախքան համալսարան գալն արդեն իսկ տեղեկացված էր, որ ամբիոնը մեծապես նպաստել է Հայաստանում հասարակության բարեկեցության ապահովմանը և ոլորտային առաջընթացին՝ անհրաժեշտ աշխատանքներ տանելով տարբեր համայնքների և ՀԿ-ների հետ։
«Մեծապես գնահատելի է այն, որ ամբիոնը իրականացրել է կարողությունների զարգացման ծրագրեր, կատարել հետազոտություններ հենաշարժողական, հոգեբանական խնդիրներ ունեցող անձանց, երեխաների զարգացման և իրավունքներին հարող խնդիրների շուրջ։ Ավելի քան 1000 սոցիալական աշխատող է տվել այս ամբիոնը»,- ընդգծեց նա։
Նշենք, որ «Սոցիալական աշխատանք․ նվիրում և համագործակցություն» խորագրով աշխատաժողովի շրջանակում կազմակերպվեցին նաև պանելային քննարկումներ։ Ոլորտի առաջատար մասնագետները, փորձագետները և ԵՊՀ շրջանավարտները ներկայացրին սոցիալական աշխատանքի ոլորտի ձեռքբերումները, մարտահրավերները և ապագա զարգացման հեռանկարները: Պանելային քննարկումների ժամանակ անդրադարձ կատարվեց նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերջին բարեփոխումների տեսլականին և այդ գործում ԵՊՀ շրջանավարտների ունեցած դերին, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (ՀՍԱԱ) ձեռքբերումներին և ԵՊՀ շրջանավարտների ներգրավմանը ՀՍԱԱ-ում, ներկայացվեցին ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի՝ 2004-2024 թթ. անցած ուղին և գրանցած հաջողությունները:
Մանրամասները՝ տեսանյութում։