- Գլխավոր
- Նորություններ
- «Սամիզդատ» գրականությունը և ազատ խոսքի ուժը․ դասախոսություն-քննարկում ԵՊՀ պատմության թանգարանում
Նոյեմբեր 08, 2024 | 12:04
Թանգարան
Հասարակություն
Միջոցառումներ
«Սամիզդատ» գրականությունը և ազատ խոսքի ուժը․ դասախոսություն-քննարկում ԵՊՀ պատմության թանգարանում
ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում «Ժամանակներ, երբ խոսքն արժեք ու գին ուներ» խորագրով դասախոսությամբ հանդես եկավ լրագրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Տիգրան Պասկևիչյանը։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել 1960-1980-ական թթ․ ԽՍՀՄ-ում գաղտնի լույս տեսնող «սամիզդատ» գրականությունը։
ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Տաթևիկ Սարոյանը, անդրադառնալով «Ուսանողների դերը ուշխորհրդային Հայաստանի լիբերալ մշակույթում» նախագծի շրջանակում անցկացվող միջոցառումներին, այդ թվում՝ բաց ցուցադրությանը, ասաց․ «Ազատականացմանը վերաբերող ցուցադրությանը ներկայացված է «սամիզդատ» գրականությունը, Երևանի պատմության թանգարանից բերված հրատարակություններ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարանից 1965 թ․ բերված կոչեր, որոնք ընդգրկում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ ամրագրելով, որ ամեն տարի ապրիլի 24-ին մարդիկ պետք է քայլերթով գնան Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր»։
Այս դասախոսության շրջանակում ցուցադրվեց Տիգրան Պասկևիչյանի «Անկարելին՝ կարելի. նախատիպի որոնում» վավերագրական ֆիլմը, որին հաջորդեց քննարկում։
Ֆիլմում ներկայացվում են 1960-1980-ական թթ․ ԽՍՀՄ-ում ընդհատակյա լույս տեսնող «սամիզդատ» գրականությունը, մամուլը և թռուցիկները։ «Սամիզդատը» (հայերեն՝ «ինքնահրատ») ԽՍՀՄ համընդհանուր գաղափարներից շեղված և առանց պետական պատվերի, պետությունից գաղտնի տպվող ու տարածվող գրականությունն էր։
Խոսելով ԵՊՀ պատմության թանգարանում իր ֆիլմի ցուցադրությունից՝ Տիգրան Պասկևիչյանը նշեց․ «Ֆիլմը պատրաստվել է 2014 թվականին՝ այն ժամանակ, երբ սոցիալական ցանցերը նոր էին սկսել ակտիվանալ և դառնալ մեր կյանքի անբաժանելի մասը։ Շատ նկատելի տարբերություններ կան համացանցի և «սամիզդատի» միջև։ Ֆիլմի ցուցադրության նպատակն էր ցույց տալ, որ մերօրյա համացանցային տիրույթի նախատիպը հենց «սամիզդատն» է։ Ֆիլմը նկարահանվել է Ռուսաստանում, քանի որ մեծ հաշվով «սամիզդատը» խորհրդային երևույթ էր»։
Ֆիլմի ցուցադրությունից հետո ներկաները բանախոսին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։
Նշենք, որ այս դասախոսությունը ԵՊՀ-ի և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի կողմից իրականացվող «Ուսանողների դերը ուշխորհրդային Հայաստանի լիբերալ մշակույթում» նախագծի շրջանակում անցկացվող եզրափակիչ միջոցառումն էր, սակայն ԵՊՀ պատմության թանգարանի բաց ցուցադրությունը կշարունակվի մինչև 2025 թվականի մարտի 20-ը։