- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒԳԸ-ն ամփոփեց 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակը
Դեկտեմբեր 26, 2024 | 11:20
Միջոցառումներ
Ուսանողական
ԵՊՀ ՈՒԳԸ-ն ամփոփեց 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակը
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացավ Ուսանողական գիտական ընկերության 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակի ընդլայնված նիստը, որի շրջանակում ներկայացվեցին կառույցի գրանցած հաջողությունները, իսկ ակտիվ գործունեություն ծավալած ՈՒԳԸ անդամներն արժանացան պատվոգրերի:
ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Սիրանուշ Բաղումյանը, ամփոփելով 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակը, ասաց․ «ՈՒԳԸ-ն ներկայում ունի 405 անդամ։ Կառույցում ընդգրկված են բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ, ինչպես նաև ասպիրանտներ»։
ՈՒԳԸ նախագահը, խոսելով միջազգային գիտաժողովների կարևորությունից, ընդգծեց, որ 2023-2024 ուստարում կազմակերպվել են 700-ից ավելի միջոցառումներ, այդ թվում` միջազգային գիտաժողովներ, աշխատաժողովներ, դատախաղեր։
«2023-2024 ուստարում կազմակերպել ենք ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային 9-րդ լայնամասշտաբ գիտաժողովը` նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 105-ամյակին: Այս գիտաժողովի մասնակիցների թիվը 200-ից ավելի էր, որոնցից 120-ը հաղթահարել է մասնագիտական գրախոսությունը: Իսկ 2024-2025 ուստարում կազմակերպել ենք ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային գիտական 10-րդ գիտաժողովը` նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին: Այս գիտաժողովն աննախադեպ էր հայտերի թվով․ ներկայացվել էր 316 հայտ, սակայն մասնագիտական գրախոսությունը հաղթահարել էր 215-ը»,- մատնանշեց Սիրանուշ Բաղումյանը։
Նա շեշտեց, որ այս երկու միջազգային գիտաժողովներն ունեցել են ընդհանուր առմամբ 335 մասնակից, այդ թվում` ՀՀ և արտերկրի տարբեր բուհերից։ Բացի դրանից՝ ԵՊՀ ֆակուլտետներում կազմակերպվել են նաև առանձին միջբուհական միջոցառումներ, աշխատաժողովներ, գիտաժողովներ:
Խոսելով 2024 թ. մայիսին մեկնարկած «Հոդվածագրության դպրոց» ծրագրից, որը միտված էր զարգացնելու ուսանողների՝ գիտական աշխատանքներ կատարելու հմտությունները, ԵՊՀ ՈՒԳԸ նախագահը նշեց, որ այդ ծրագիրը կդառնա ամենամյա:
«Ներկայում բանակցություններ ենք վարում Ստավրոպոլի պետական համալսարանի հետ (ՌԴ), որպեսզի ԵՊՀ ուսանողները հնարավորություն ունենան սովորելու, ինչպես նաև մասնակցելու այնտեղ անցկացվող միջազգային ֆորումներին` զարգացնելու իրենց մասնագիտական հմտությունները: Բանակցություններ են ընթանում նաև Ուրուգվայի հանրապետական համալսարանի հետ գործակցային կապեր հաստատելու ուղղությամբ»,- հավելեց Սիրանուշ Բաղումյանը:
Նիստի շրջանակում կարևորվեց ՈՒԳԸ անդամների՝ կամավորական աշխատանքը։ Նիստի ավարտին ակտիվ գործունեություն ծավալած ՈՒԳԸ անդամներն արժանացան պատվոգրերի և հավաստագրերի։ 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակում ծավալած գերազանց գործունեության համար պարգևատրվեցին Ալբերտ Սահակյանը, Միլենա Մխիթարյանը, Մարի Գասպարյանը, Աննա Գրիգորյանը, Էլիզա Հովհաննիսյանը, Գերասիմ Զեյնալյանը, Վաղինակ Բադալյանը, Անգելինա Հարությունյանը, Հայկուհի Մելքոնյանը, Քրիստինե Սաֆարյանը, Արեն Կիրակոսյանը, Մարիամ Պապիկյանը, Նարինե Գևորգյանը, Էմմա Սահակյանը, Եվա Ենոքյանը, Աղվան Վարդանյանը, Արմինե Սվյատևսկայան:
Հավաստագրերի արժանացան Կենսաբանության ֆակուլտետի տեղեկատվական հանձնաժողովի պատասխանատու Ռիմա Գևորգյանը, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի տեղեկատվական հանձնաժողովի անդամ Վահրամ Ղազարյանը, թարգմանական հանձնաժողովի պատասխանատուներ Աստղիկ Հարությունյանը, Վահան Ծատուրյանը, Ռիտա Հովիկյանը, ընդհանուր հանձնաժողովի պատասխանատուներ Արսեն Զաքարյանը, Ջուլիետա Գուլոյանը, ֆակուլտետային ՈՒԳԸ քարտուղարներ Մարիա Լևոնյանը, Ռոզի Մարգարյանը:
2024-2025 ուստարվա առաջին կիսամյակում ծավալած գերազանց գործունեության համար պարգևատրվեցին Փիլիսոփայության և հոգեբանության, Աշխարհագրության և երկրաբանության, Իրավագիտության ֆակուլտետների, Ֆիզիկայի ինստիտուտի ուսանողական գիտական ընկերությունները:
Ակտիվ գործունեության համար հավաստագրերի արժանացան Սոցիոլոգիայի, Կենսաբանության, Քիմիայի ֆակուլտետների ուսանողական գիտական ընկերությունները:
Պարգևատրվեցին նաև ՈՒԳԸ փոխնախագահ Դավիթ Սարգսյանը, քարտուղար Մարիա Մելքոնյանը, ինչպես նաև Մարինե Մարգարյանը՝ թարգմանական հանձնաժողովի աշխատանքները գերազանց համակարգելու համար, Մարինե Մկրտչյանը՝ տեղեկատվական հանձնաժողովի աշխատանքները գերազանց համակարգելու, գրագետ կայքէջ մշակելու համար, Կարեն Ղազարյանը՝ ՈՒԳԸ ընդհանուր հարցերի հանձնաժողովի աշխատանքները գերազանց համակարգելու համար: