- Գլխավոր
- Նորություններ
- Ավելի քան 1300 գիտական հոդված «Scopus» շտեմարանում․ ԵՊՀ գիտնականի հաջողության պատմությունը
Հունվար 27, 2025 | 14:30
Գիտություն
Կարիերա
Կրթություն
Ավելի քան 1300 գիտական հոդված «Scopus» շտեմարանում․ ԵՊՀ գիտնականի հաջողության պատմությունը
Գիտությունը նորարարությունների շարժիչ ուժն է։ Գիտնականներն իրենց գործունեությամբ նոր հորիզոններ են բացում մասնագիտական ասպարեզում՝ ապահովելով տեխնոլոգիաների առաջընթացն ու նոր բացահայտումների շարունակականությունը։ Այդպիսի գիտնականներից է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող և դասախոս, ֆիզիկոս Արմեն Թումասյանը։ Նա «Scopus» միջազգային գիտական շտեմարանում հրապարակված ավելի քան 1300 գիտական հոդվածի համահեղինակ է։
Արմեն Թումասյանի համար գիտությունը ոչ միայն փորձարարական աշխատանք է, այլև նորարարությունների շարժիչ ուժ։
Ինչպիսի՞ն է գիտության ոլորտում աշխատող մարդը, ո՞րն է նրա ոգեշնչման աղբյուրը, որո՞նք են նրա համար ամենամեծ մարտահրավերները։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արմեն Թումասյանի հետ։
- Պարո՛ն Թումասյան, ինչպե՞ս սկսվեց Ձեր ճանապարհը գիտության ոլորտում։ Ո՞վ կամ ի՞նչն է ոգեշնչել Ձեզ։
- Մասնագիտական առաջին քայլերս գիտության ոլորտում կատարել եմ Մեծ հադրոնային կոլլայդերի (LHC) կոմպակտ մյուոնային սոլենոիդ (CMS) գիտափորձի շրջանակում, որն առ այսօր իմ գործունեության առանցքում է: Այս նախագծի շուրջ սկսել եմ աշխատել 2007 թվականից Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (ՄՀՄԻ, Դուբնա, ՌԴ), որտեղ 2007-2008 թթ. աշխատել և սովորել եմ մագիստրոսական կրթության շրջանակում:
Ընդհանուր առմամբ միջավայրն էր ոգեշնչող և տրամադրող: Կար CMS նախագծի աշխատանքային մեծ խումբ, որն ուներ բազմաթիվ արդիական խնդիրներ։ Դրանց թվում էր այդ ժամանակ դեռևս չբացահայտված Հիգգս մասնիկի որոնումը նորակառույց LHC-ի CMS գիտափորձում: Այս նախագիծն իր մասշտաբներով, իհարկե, չէր կարող անտարբեր թողնել որևէ մեկին: Այստեղից էլ սկսվել է իմ գիտական գործունեությունը, որը 2009 թվականից շարունակվել է Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) սկզբում ասպիրանտի, իսկ 2012 թվականից՝ գիտաշխատողի կարգավիճակով: 2018 թվականից համատեղությամբ աշխատում և դասավանդում եմ նաև ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում:
- Ո՞րն է գիտության ոլորտում աշխատելու Ձեր ամենամեծ մոտիվացիան։
- Գիտական գործունեություն ծավալող յուրաքանչյուր մարդու համար կա ընդհանուր պատասխան այս հարցին՝ նորը բացահայտելն ու ուսումնասիրելը: Իմ պարագայում խոսքը մատերիայի հիմնարար հատկությունների ուսումնասիրության մասին է: CMS գիտափորձում այս ուսումնասիրությունները կատարվում են շատ մեծ էներգիաներով պրոտոնների կամ միջուկների փոխազդեցություններում և նպատակ ունեն հաստատելու կամ հերքելու հիմնարար մակարդակում բնության մասին մեր պատկերացումներն ու կանխատեսումները: Այս խնդիրներն ինքնին շատ հետաքրքիր են և մոտիվացիայի մեծ աղբյուր են:
Գիտականից զատ՝ գոյություն ունի մոտիվացիայի մեկ այլ աղբյուր: Նման խոշոր նախագծերը տեխնոլոգիական առաջընթացի շարժիչ ուժերից են, որոնք մեզ տալիս են նորարարական դետեկտորներ, հաշվողական և վելուծական նորագույն մեթոդներ և հզորությունների նոր սահմաններ, հաղորդակցության նոր եղանակներ և այլն: Այսօրինակ խոշոր նախագծերը տալիս են եզակի հնարավորություն՝ հաղորդակիցը լինելու նման տեխնոլոգիաներին, իսկ դրանց յուրացումը և հնարավոր կիրառությունը այլ խնդիրներ լուծելիս (և ոչ միայն գիտության ոլորտում) նույնպես մոտիվացիայի մեծ աղբյուր են և շատ դեպքերում՝ մեծ մարտահրավեր:
- «Scopus» ամսագրում հրապարակված քանի՞ հոդված ունեք և ի՞նչ ուղղություններով եք կատարում Ձեր հետազոտություները։
- Համահեղինակ եմ ավելի քան 1300 հոդվածների, որոնցից մոտ 15-ը անհատական կամ փոքր աշխատանքային խմբով տպագրություններ են, իսկ գերակշռող մեծամասնությունը CMS համագործակցությամբ տպագրված հոդվածներն են: Միջազգային համագործակցության շրջանակում ստացված գիտական արդյունքը (որն այս պարագայում հոդվածն է) համարվում է ընդհանուրինը՝ բոլոր գործընկերներինը: Սա պայմանավորված է նրանով, որ նման նախագծերի շուրջ աշխատում են բազմաթիվ գիտաշխատողներ, ինժեներներ, տեխնիկներ և ուսանողներ: Իսկ գիտական արդյունք չի լինի՝ առանց համընդհանուր աշխատանքի, որտեղ մնացած մոտ 3000 համահեղինակների նման մշտական ներդրում ունեմ նաև ես:
Այս ընդհանուր աշխատանքը բազմաշերտ և բազմապրոֆիլ գործունեություն է՝ սկսած դետեկտորի անխափան աշխատանքի ապահովումից, տվյալների գրանցումից մինչև տվյալների մշակում, որակավորում, մոդելավորում և այլն: Այսպիսով, որպես համագործակցության լիարժեք և բարեխիղճ անդամ, ունեմ մոտ 1300 հոդված: Սակայն ինձ համար կարևոր են CMS-ի այն հոդվածները, որտեղ արտացոլվում են ոչ միայն ընդհանուր բնույթի աշխատանքների, այլև այն հետազոտությունների արդյունքները, որոնցում ես ներդրում ունեմ հենց որպես գիտաշխատող: Այս հոդվածների թիվը կազմում է 1300-ի շատ փոքր մասը, սակայն հենց դրանք եմ համարում իմ հոդվածները:
Վերջին մի քանի տարիների հետազոտություններիս հիմնական առարկան է Հիգգս մասնիկի որոնումը տարբեր հազվագյուտ պրոցեսներում: Այս հետազոտությունները հնարավորություն են տալիս ամբողջական պատկերացում կազմելու Հիգգս մասնիկի և նրա բնութագրերի վերաբերյալ: Աշխատանքների որոշ մասը նվիրված է այսպես կոչված ստանդարտ մոդելից դուրս հետազոտություններին, որոնք ուղղված են որոշ հանրահայտ մոդելների ստուգմանը CMS գիտափորձում (ինչպես, օրինակ, մութ մատերիայի գոյության հիպոթեզը): Որոշակի աշխատանքներ են կատարվել ստանդարտ մոդելի հայտնի բաղադրիչների ստուգման ուղղությամբ, ինչպես, օրինակ, Դրելլ-Յանի պրոցեսում ասիմետրիաների չափումը:
Բացի դրանից՝ ներգրավվել եմ նաև մեկ այլ միջազգային նախագծում` ՄՀՄԻ (Դուբնա, ՌԴ) NICA կոլլայդերի SPD գիտափորձում: Սա նույնպես մասշտաբային նախագիծ է, որի նպատակն է ուսումնասիրել անգույն հադրոնների սեփական մոմենտի կամ սպինի ձևավորման մեխանիզմը: Այստեղ ձևավորված աշխատանքային խմբի հետ համատեղ մշակում ենք մասնիկային կլաստերների վերականգնման ալգորիթմներ՝ հենվելով CMS-ում ունեցած փորձի վրա և օգտագործելով մեքենայական ուսուցման մեթոդները:
- Ի՞նչ մարտահրավերների եք բախվում հետազոտական աշխատանքներ կատարելիս։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ մասնագիտական որակներ պետք է ունենա գիտնականը խոչընդոտները հաղթահարելու և գիտության ոլորտում հաջողության հասնելու համար։
- Մասնագիտական գործունեության ընթացքում հանդիպող մարտահրավերները հիմնականում այն տարբեր խնդիրներն են, որոնց լուծման շուրջ աշխատում ենք։ Դրանք հաղթահարելու համար անհրաժեշտ են աշխատասիրություն և պարտաճանաչություն:
Ինչ վերաբերում է CMS խմբի գործունեության ընթացքում հանդիպող մարտահրավերներին՝ հիմնականը մոտիվացված աշխատանքային խումբ ձևավորելու խնդիրն է։ Մեր գործում միայնակ առաջ գնալ հնարավոր չէ: Թեև ունենք տարբեր համագործակցությունների լայն հնարավորություն, սակայն չափազանց կարևոր է տեղում ամուր թիմ ունենալը: Ներկայում արդեն ունենք բավական ամուր և կայացած խումբ, որը ծավալում է ակտիվ գործունեություն։ Սակայն անհրաժեշտ է ընդլայնել գործակցության շրջանակը, և դրա համար կարևորագույն նախապայմանը լավ պատրաստվածությամբ և մոտիվացված ուսանողների հոսքն է:
- Ի՞նչ նոր նախագծեր կամ հետազոտական ծրագրեր ունեք։
- Վերջերս սկսել եմ աշխատել SPD (NICA) նախագծի շուրջ, որտեղ նաև կոլլաբորացիոն խորհրդի նախագահն եմ:
Վերջին երկու տարիներին մեր գիտական խումբը սկսել է նոր գործունեություն Ֆերմիլաբի (Չիկագո, ԱՄՆ) գործընկերների հետ համատեղ, որը նվիրված է ճշգրիտ ժամանակային և կոորդինատային չափումներ կատարող նոր սերնդի կիսահաղորդչային դետեկտորների մշակմանն ու թեստավորմանը: Սա շատ խոստումնալից հետազոտական ուղղություն է, որը բոլորովին նոր էր մեզ համար, սակայն մեր խմբի համար արդեն դարձել է առաջնահերթություն:
- Ըստ Ձեզ՝ ի՞նչ է անհրաժեշտ հաջողության հասնելու և մասնագիտական ոլորտում կայանալու համար։
- Չգիտեմ, կիմանամ երևի, երբ հասնեմ հաջողության: Իսկ մինչ այդ՝ աշխատասիրություն և համբերություն:
- Ի՞նչ սիրելի զբաղմունքներ ունեք։
- Ֆիլմեր, շախմատ, ֆուտբոլ․ առանձնապես ոչ մի արտասովոր բան:
- Կա՞ մի խորհուրդ, որը շատ կարևոր է եղել Ձեր կյանքում, և որը կուզեիք փոխանցել ընթերցողին։
- Այո՛․ «Մի՛ կարծիր, որ մարդիկ քո խորհրդի կարիքն ունեն»։