- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ մագիստրանտը՝ աշխարհի խոշորագույն գիտաժողովներից մեկի մասնակից
Փետրվար 05, 2025 | 15:10
Գիտություն
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ մագիստրանտը՝ աշխարհի խոշորագույն գիտաժողովներից մեկի մասնակից
Երբ երիտասարդ գիտնականը հնարավորություն է ստանում մասնակցելու աշխարհի խոշորագույն գիտաժողովներից մեկին, դա ոչ միայն անձնական, այլև համալսարանի գիտական համայնքի համար կարևոր ձեռքբերում է։ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, Օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիայի ճարտարագետ Գոռ Չալյանը առաջին մագիստրանտն է Հայաստանից, որը մասնակցել է այդօրինակ գիտաժողովի։
Սան Ֆրանցիսկո քաղաքում (ԱՄՆ) անցկացվել է «SPIE Photonics West» գիտաժողովը՝ նվիրված օպտիկայի և ֆոտոնիկայի ոլորտի նորարարություններին։ Այն տարվա կտրվածքով համարվում է աշխարհի ամենամեծ գիտաժողովներից մեկը՝ շուրջ 20․000 մասնակիցներով և ավելի քան 100 գիտական նստաշրջաններով։ Գոռ Չալյանը պատմում է, թե ինչպես դարձավ գիտական այս միջոցառման մասնակիցը, ինչ թեմայով էր իր զեկույցը, և ինչ նշանակություն ունեցավ գիտաժողովն իր համար։
Նոր քայլ դեպի միջազգային գիտական հանրություն
Գոռ Չալյանը, տեղեկանալով գիտաժողովի մասին, հասկացել է, որ այն բացառիկ հնարավորություն է՝ ծանոթանալու ոլորտի նորարարություններին և ներկայացնելու իր կատարած հետազոտությունը։ Իր հետազոտական աշխատանքը նա կատարել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ Արամ Սահարյանի հետ և որոշել է այն ներկայացնել միջազգային հարթակում։
Ըստ նրա՝ գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ էր նախ ներկայացնել հետազոտության թեզը, որը ենթարկվել է փորձագիտական գնահատման։ Հաշվի է առնվել հետազոտական աշխատանքի արդիականությունը, մեթոդաբանությունը և գիտական նշանակությունը։ Գոռի՝ որպես մագիստրանտի հետազոտությունը համապատասխանում էր գիտաժողովի բարձր չափանիշներին, ուստի նա դարձավ առաջին մագիստրանտը Հայաստանից, որը ներկայացրեց իր աշխատանքը այս գիտաժողովում։
Խոսելով գիտաժողովի կարևորության մասին՝ Գոռը մատնանշում է, որ այն բացառիկ հնարավորություն էր ոչ միայն ոլորտի գիտական նվաճումներին ծանոթանալու, այլև հետազոտական խմբերի ու գիտնականների հետ շփվելու առումով։ Նրա խոսքով՝ այս գիտաժողովն իր ծավալով և մասնագիտական մակարդակով այնքան մեծ էր, որ կարելի է այն համարել մեծ քայլ դեպի միջազգային գիտական հանրություն։
Գիտական հետազոտությունը՝ նոր հորիզոնների ուղենիշ
Գիտաժողովին մասնակցելու կարևորագույն մասը գիտական զեկույցի ներկայացումն էր։ Գոռ Չալյանը պատմում է, որ իր՝ «Մակերևութային պոլարիտոնների ճառագայթում ալիքատարներում օղակաձեւ փնջի կողմից» խորագրով զեկույցը բանավոր էր, ինչը նշանակում է, որ նա պետք է ոչ միայն ներկայացներ իր կատարած հետազոտությունը, այլև պատասխաներ լսարանի հարցերին և անցկացներ քննարկումներ։
Նա ընդգծում է, որ գիտաժողովում ներկայացված աշխատանքների մեծ մասի առանցքում ֆոտոնիկայի այն ուղղություններն էին, որոնք առավել մեծ ազդեցություն ունեն տեխնոլոգիական զարգացման վրա։ Այս առումով, ճառագայթման ոլորտի վերաբերյալ իր ներկայացրած հետազոտությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնագետների շրջանում։
Ըստ նրա՝ մեծամասշտաբ գիտաժողովները կարևոր նշանակություն ունեն մասնագիտական զարգացման գործում։ Դրանք հնարավորություն են տալիս շփվելու ոլորտի առաջատար գիտնականների հետ, հասկանալու, թե աշխարհի տարբեր երկրներում գիտահետազոտական աշխատանքներն ինչ ուղղությամբ են ընթանում, ինչպես նաև տեսնելու, թե հետազոտողները որ խնդիրներն են համարում առաջնահերթ։
Հայաստանի և ԵՊՀ անունը բարձր պահելու կարևորությունը
Գոռ Չալյանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ նման գիտաժողովներում Հայաստանը, ԵՊՀ-ն ներկայացնելը մեծ նշանակություն ունի և պարտավորեցնող է։ Նրա խոսքով՝ Հայաստանը, լինելով փոքր երկիր, գիտության բնագավառում ունի մեծ ներուժ, և նման մասշտաբային միջոցառումներին հայաստանյան հետազոտողների մասնակցությունը ոչ միայն անհատական ձեռքբերում է, այլև գիտական հանրության շրջանում երկրի ճանաչելիությունը բարձրացնելու հնարավորություն։
Նա նշում է, որ այս գիտաժողովին մասնակցելուց հետո նոր գաղափարներ են առաջացել, որոնք կյանքի կկոչի հետագա նախաձեռնություններում։ Գոռը նաև մտադիր է իր գիտական աշխատանքները շարունակել միջազգային համագործակցությունների շրջանակում, ինչը հնարավորություն կտա զարգացնելու գիտահետազոտական ուղղությունները Հայաստանում։
Վերջում նա հավելում է՝ նման գիտաժողովներին մասնակցելը կարևոր փորձառություն է երիտասարդ հետազոտողների համար։ ԵՊՀ մագիստրանտը խորհուրդ է տալիս ուսանողներին լինել նախաձեռնող, ինքնավստահ և ձգտել միջազգային հարթակներում ներկայացնելու իրենց կատարած աշխատանքը։