- Գլխավոր
- Նորություններ
- Բուհ-կազմակերպություն համագործակցություն. հետազոտությունն ամփոփվել է կոլեկտիվ մենագրությամբ
Փետրվար 10, 2025 | 16:40
Կրթություն
Հետազոտություն
Բուհ-կազմակերպություն համագործակցություն. հետազոտությունն ամփոփվել է կոլեկտիվ մենագրությամբ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում 2021-2024 թթ. կատարվել է գիտական հետազոտություն՝ «Բուհ-կազմակերպություն համագործակցության զարգացման խնդիրները և լուծման ուղիները ՀՀ-ում» թեմայով։ Հետազոտության ավարտին լույս է տեսել կոլետիվ մենագրություն, որում մանրամասնորեն վերլուծվում են բուհ-կազմակերպություն համագործակցության ընթացքը, առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները՝ հիմնվելով հետազոտական արդյունքների վրա։
![](/sites/default/files/styles/large_slide/public/2025-02/01_5.jpg?h=02cb7f90&itok=f9b-Sa7m)
«Բուհ-կազմակերպություն համագործակցության զարգացման խնդիրները և լուծման ուղիները ՀՀ-ում» թեմայով գիտական հետազոտությունը կատարել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, գիտական խմբի ղեկավար Կառլեն Խաչատրյանը, կառավարության և գործարարության ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Հակոբջանյանը և նույն ամբիոնի ասպիրանտ Քրիստինե Նիկողոսյանը։
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի թեմատիկ ֆինանսավորման շրջանակում կատարված հետազոտության ընթացքի, արդյունքների մասին պատմել է Կառլեն Խաչատրյանը։
Հետազոտության նպատակների սահմանում՝ նոր մոտեցումների հիման վրա
Մեր հետազոտական խմբի նպատակն էր վերլուծել պետական և մասնավոր հատվածի կազմակերպությունների հետ համագործակցության կապուղիները, ոլորտում առկա խնդիրներն ու այն հիմնական ուղղությունները, որոնցով պետք է երկու կողմերն առաջ շարժվեն՝ արձանագրելով որոշակի արդյունքներ։ Այս նպատակն իրագործելու ճանապարհին մենք վերլուծություններ ենք կատարել երեք հիմնական շահակիցների շրջանում առանձին-առանձին։ Վերլուծության օբյեկտ են ընտրվել հայաստանյան 6 բուհեր․ ընտրված բուհերի դեկանների, փոխդեկանների, ամբիոնի վարիչների շրջանում անցկացվել են հարցումներ, որպեսզի պատկերացում կազմենք, թե այս պահին կրթության կազմակերպիչներն ինչ ակնկալիքներ ունեն աշխատաշուկայից կամ ինչպես են պատկերացնում այդ համագործակցությունը (պրակտիկաների կազմակերպում, այցեր, դասախոսություններ և այն)։
Ֆոկուսխմբային քննարկումներ` պարզելու շահառու կողմերի միջև կապի առանձնահատկությունները
Հետազոտության շրջանակում գիտական խմբի նախաձեռնությամբ, ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համատեղ անցկացվել են մի շարք բազմակողմ ֆոկուսխմբային քննարկումներ, կատարվել են աշխատաշուկայի ոլորտային վերլուծություններ՝ պարզելու շահառու կողմերի միջև կապի առանձնահատկությունները, գործընկեր կազմակերպությունների հետ երկարաժամկետ և փոխշահավետ հարաբերությունների ձևավորմանը նպաստող շարժառիթները, ինչպես նաև մտահոգությունները՝ բուհերի միջև գործակցության տարբեր ձևաչափերի զարգացման առնչությամբ: Բուհ-աշխատաշուկա հարաբերությունների կանոնակարգման հիմքում երեք հիմնական շահակիցներ են՝ բուհը, ուսանողը և կազմակերպությունը, հետևաբար՝ ամեն մեկի պատկերացումներն ու ակնկալիքները վերհանելը կարևոր է հետագայում համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից:
Տպագրված գրքեր և գիտական հոդվածներ՝ հետազոտության արդյունքների հիման վրա
Աշխատանքի վերջնարդյունքում հրապարակել ենք 6 հոդված, որոնցից երկուսը տպագրվել են «Scopus»-ում ինդեքսավորվող գիտական ամսագրերում՝ Q3, Q4 վարկանիշով։ Այնուհետև հրատարակել և գործընկերների շրջանում տարածել ենք «Կամրջելով բուհը և բիզնեսը. բացահայտելով բուհ-կազմակերպություն համագործակցությունը ԵՄ-ում և անցումային տնտեսություններում» («Bridging Academia and Industry: Unraveling University-Industry Collaborations in the EU and Transitioning Economies») կոլեկտիվ մենագրությունը։ Այն նպատակ ունի ուղղորդելու քաղաքականություն մշակողներին բուհ-արդյունաբերություն արդյունավետ համագործակցության հաստատման գործում՝ կայուն տնտեսական և կրթական աճի համար: Գրքում ներկայացված են երեք տարիների մեր հետազոտական աշխատանքը, վերլուծությունները, քննարկումների արդյունքները և այն հիմնական կապուղիները, որոնցով բուհերն ու կազմակերպություններն իրար հետ հաղորդակցվում են զարգացած երկրներում։
![](/sites/default/files/styles/full_text/public/2025-02/03_7.jpg?itok=vRzvccR5)
Ընդ որում՝ ուսումնասիրելով զարգացած երկրների փորձը՝ տեսնում ենք, որ համագործակցությունը չի սահմանափակվում միայն պրակտիկաների կազմակերպմամբ, մասնավոր հատվածի կողմից կրթաթոշակների սահմանմամբ, պոտենցիալ աշխատողների ընտրությամբ, այլև շատ ավելի խոր համագործակցության ձևաչափեր կան՝ սկսած համատեղ հետազոտություններից, դրանց արդյունքները առևտրայնացնելուց, վերջինիս բերած օգուտներից։ Այս տեսանկյունից հետաքրքրիր էր, որ մեր երկրում բիզնեսը բուհերի հետ համագործակցությունը կառուցում է հիմնականում կադրերի պատրաստման հիման վրա, և որպես ձևաչափ ընտրվում են պրակտիկաները, շնորհալի ուսանողներին կրթաթոշակների տրամադրումը, պրակտիկ գործունեություն ծավալող դասախոսների ներգրավումը դասապրոցեսում։ Սակայն հայաստանյան մասնավոր հատվածի ներկայացուցիչները այս պահին չեն պատկերացնում համատեղ հետազոտական ծրագրեր, բիզնես նախագծեր։ Իմ կարծիքով՝ հենց այստեղ էլ թաքնված է բուհ-բիզնես համագործակցության խորացման ներուժը ոչ միայն կադրերի պատրաստման, այլև նրանց գործնական հմտությունների զարգացման, ինովացիաների ներդրման և գործարար ոլորտի զարգացման համար անհրաժեշտ գիտելիքների փոխանակման ուղղությամբ։
Համագործակցության խոչընդոտներ և լուծման ուղիներ․ կրթության ու աշխատաշուկայի կապի ամրապնդման անհրաժեշտությունը
Հետազոտության ընթացքում մենք նախանշել ենք այն խնդիրները, որոնք խոչընդոտում են բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդումը, և փորձել ենք գլոբալ մակարդակում արծարծել խնդիրը՝ կողմերին հնարավորություն տալով թեմայի շուրջ խորապես մտածելու։ Արձանագրել ենք խնդիրներ, ինչպիսիք են փոխադարձ վստահության, տեղեկացվածության, մոտիվացիայի որոշակի պակասը։ Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են այն մասին, որ մենք պարտավոր ենք պրակտիկ ոլորտի ներկայացուցիչներին ներգրավելու կրթական ծրագրերի վերանայման կամ բարեփոխման գործընթացում, որպեսզի կրթության և աշխատաշուկայի պահանջների ճեղքվածքը փոքր լինի։ Վստահ եմ, որ այս ուղղությամբ թե՛ ֆակուլտետը, թե՛ համալսարանը մեծ անելիք ունեն։
Հետազոտության շրջանակում ուսումնասիրել ենք եվրոպական առաջատար երկրների փորձը։ Այս համատեքստում մեր ասպիրանտը մեկ տարի ժամկետով գործուղվել է Կա Ֆոսկարի համալսարան (Իտալիա), որտեղ նա խորացել է ինչպես իր ասպիրանտական հետազոտության, այնպես էլ մեր գիտական թեմայի ուղղությամբ։ Համագործակցելով այս համալսարանի հետ՝ մենք հնարավորություն ունեցանք վերլուծելու Եվրոպայում կիրառվող հիմնական կապուղիները, բարձրաձայնելու դրանց մասին և փորձելու տեղայնացնել դրանք մեր կրթական գործընթացում։
Եթե բիզնեսի ներկայացուցիչները բողոքում են կրթության և աշխատաշուկայի պահանջների ճեղքվածքից, ապա պետք է իրենց քայլն անեն դեպի ուսումնական հաստատություններ։ Դա նշանակում է՝ գալ և ներկայացնել պահանջներ, մասնակցել դասընթացների որակի բարելավման աշխատանքներին, գործուղել իրենց աշխատակիցներին բուհեր՝ համապատասխան վարպետության դասերի համար։ Այստեղ երկու կողմերի համատեղ աշխատանքն է անհրաժեշտ՝ գտնելու խնդիրների լուծումը։ Մեր ֆակուլտետի օրինակով կարող եմ նշել, որ զգալիորեն ավելացել է տարբեր ոլորտներից, այդ թվում՝ տնտեսական, արտադրական խոշոր կազմակերպություններից հրավիրյալ դասախոսների տեսակարար կշիռը։ Նրանք ուսանողներին տրամադրում են պրակտիկ գիտելիքներ՝ վերացնելով ստեղծված անջրպետը։ Հիմնականում բուհերն ու կազմակերպությունները պետք է գիտակցեն այդ գործընթացի կարևորությունը։
Նոր գաղափարներ և մոտեցումներ՝ պրակտիկայի կազմակերպման ձևաչափի ուսումնասիրության գործում
Հետազոտության արդյունքների հիման վրա ստեղծվել են նոր գաղափարներ, որոնք վերաբերում են պրակտիկայի կազմակերպման ձևաչափի և բովանդակության ուսումնասիրությանը։ Կրթական բարեփոխումները պետք է լինեն շարունակական։ Մենք կարևորում ենք այն, որ հետազոտություններում օգտագործվող գիտական մեթոդները ոչ միայն կիրառվեն մեզ մոտ, այլև հանրայնացվեն, որպեսզի գործընկերները տեղյակ լինեն դրանցից և այդ ուղղությամբ կատարեն համապատասխան քայլեր։