- Գլխավոր
- Նորություններ
- Կրթական ծրագրերի ուսումնասիրություն, հանդիպում-քննարկումներ. «ASIIN» գործակալության փորձագետների գնահատականը ԵՊՀ կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման գործընթացին
Մարտ 14, 2025 | 15:03
Գործընկերներ
Կրթական ծրագրեր
Միջազգային համագործակցություն
Կրթական ծրագրերի ուսումնասիրություն, հանդիպում-քննարկումներ. «ASIIN» գործակալության փորձագետների գնահատականը ԵՊՀ կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման գործընթացին
ԵՊՀ-ում ամփոփվեցին հանդիպումներն ու քննարկումները գերմանական «ASIIN» գործակալության փորձագիտական խմբի հետ: Եռօրյա աշխատանքների ընթացքում քննարկվեցին ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բակալավրիատական և մագիստրոսական 6 կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման գործընթացին առնչվող հարցեր։ Փորձագետներն ավարտեցին եռօրյա աշխատանքը՝ գնահատելով համալսարանի ռեսուրսների կիրառման արդյունավետությունը և առաջարկելով ուղիներ համագործակցության հետագա զարգացման համար։

ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բակալավրիատական և մագիստրոսական 6 կրթական ծրագրերի («Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա», «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն», «Մաթեմատիկա» (բակալավրիատական), «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն», «Մաթեմատիկա և կիրառություններ», «Ֆինանսական մաթեմատիկա» (մագիստրոսական)) միջազգային հավատարմագրմանն ուղղված գործընթացի շրջանակում գերմանական «ASIIN» գործակալության ձևավորած փորձագիտական խումբն այցելել էր Երևանի պետական համալսարան։ Փորձագիտական խումբը ծանոթանացել է կրթական ծրագրերին, հանդիպել շահառու տարբեր կողմերի (դասախոսներ, ուսանողներ, գործատուներ, պրոֆեսորադասախոսական կազմ) հետ՝ գնահատելու կրթական ծրագրերի որակը, համապատասխանությունն ու արդյունավետությունը և եզրահանգումներ անելու այդ ծրագրերի որակի մասին։

ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը, խոսելով մինչ այս փուլը կատարված աշխատանքների մասին, նշեց, որ գործընթացի առաջին փուլում ԵՊՀ-ում փորձագետները կատարել են այդ 6 կրթական ծրագրերի ինքնագնահատում և ինքնավերլուծություն։
«Գործընթացը պահանջում էր մեծ թվով քանակական և որակական տվյալների հավաքագրում, որ բոլոր որոշումները և գնահատականները հիմնված լինեն կոնկրետ, փաստացի տվյալների վրա։ Այս առումով, ԵՊՀ որակի ապահովման կենտրոնը համակարգել է այդ 6 կրթական ծրագրերի աշխատանքային խմբերի գործունեությունը՝ համապատասխանեցնելով տվյալները «ASIIN» գործակալության սահմանած պահանջներին։ Արդյունքում կազմվել է բավականին մեծ և մանրամասն զեկույց, որը ներկայացվել է «ASIIN» գործակալությանը»,- ասաց նա։
Զեկույցին ծանոթանալուց հետո փորձագետները ժամանել են ԵՊՀ՝ տեղում իրադրությունը գնահատելու, տեխնիկական հագեցվածությանը և լաբորատոր հնարավորություններին ծանոթանալու և շահակից խմբերի հետ հանդիպելու նպատակով։
«Հավատարմագրման գործընթացի հաջորդ փուլում փորձագիտական խումբը գրավոր ներկայացնելու է այցից ստացած տպավորությունները, դիտարկումներն ու խորհրդատվությունը։ Նշեմ, որ նրանք բավական լավ տպավորություններ ունեն. փորձագետները գոհունակություն հայտնեցին բոլոր հանդիպումներից, ուսանողների համար ստեղծված պայմաններից և այլ հարցերի շուրջ»,- պատմեց Արմեն Բուդաղյանը և հավելեց, որ առաջիկայում կսկսվի գործընթաց 10 նոր կրթական ծրագրերի (ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 6, իրավագիտության ֆակուլտետի 4 կրթական ծրագրեր) միջազգային հավատարմագրման ուղղությամբ։

ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների պրոֆեսոր Արթուր Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կրթական ծրագրերի ղեկավարները ևս ակտիվ աշխատանքներ են տարել։ Յուրաքանչյուր ծրագրի համար աշխատել է 5-6-հոգանոց թիմ։
«Տպավորությունների և եզրակացությունների մասին օտարերկրյա մեր գործընկերները ավելի ուշ կներկայացնեն «ASIIN» գործակալության համապատասխան հանձնաժողովին։ Արդյունքում ակնկալում ենք, որ մեր կրթական ծրագրերը կստանան միջազգային հավատարմագրում, ինչը կնպաստի մեր երկրի, համալսարանի առավել լավ ներկայացվածությանը միջազգային հարթակում»,- մատնանշեց Արթուր Սահակյանը։
ԵՊՀ կատարած աշխատանքային այցի մասին զրուցեցինք նաև Կիրառական գիտությունների համալսարանի (Դարմշտադտ, Գերմանիա) դոկտոր, պրոֆեսոր Բետինա Հարիհաուզեն-Մյուլբաուերի (Bettina Harriehausen-Mühlbauer) հետ։
- Ի՞նչ տպավորություններ ստացաք, ինչպե՞ս կգնահատեք այս օրերի աշխատանքների արդյունքները։
- Մենք զգացինք, որ բոլորը՝ ուսանողներից մինչև դասախոսներ, ծրագրերի ղեկավարներից մինչև ռեկտոր, բաց են քննադատության և քննարկումների համար, և մենք երբեք դժգոհություն չենք զգացել: Մենք տեսանք, որ այստեղ իսկապես կարևորում են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գաղափարների և ծրագրերի քննարկումը, ինչը շատ հաճելի էր: Ես կասեի՝ շատ ջերմ մթնոլորտ էր։

- Քննարկումների արդյունքում ի՞նչ առավելություններ և թերություններ են ի հայտ եկել, որոնք կարող են խոչընդոտել կամ նպաստել կրթական ծրագրերի հավարմագրման գործընթացին։ Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք ծրագրերը գերմանական գործակալության կողմից կստանան միջազգային հավատարմագրում։
- Համալսարանի կրթական ծրագրերը, որոնք մենք դիտարկել ենք, իսկապես կարող են մրցակցել այն ծրագրերի հետ, որոնք մենք տեսել ենք Եվրոպայում։ ԵՊՀ կրթական ծրագրերը համապատասխանում են այլ երկրների բուհերում գործող կրթական ծրագրերի չափանիշներին։ Բոլոր կրթական ծրագրերում էլ լինում են և՛ առավելություններ, և՛ թերություններ․ կարևորը ճիշտ ճանապարհով ընթանալն է։ Բոլորիս կարծիքները այս թեմայի շուրջ դեռ քննարկվելու են տարբեր փուլերում, բայց կառանձնացնեմ համալսարանի հիմնական դրական առավելություններից մեկը, այն է՝ այստեղ գիտակրթական գործընթացներում ակտիվ մասնակցություն և մեծ մոտիվացիա ունեն թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները: Ուսանողների հետ հանդիպումից հետո հասկացանք, որ նրանք գոհ են իրենց ուսումից: Նրանք շատ քաղաքավարի են, նրբանկատ, դասախոսներից չեն դժգոհում։ Այստեղ մարդիկ շատ լավն են։
«ASIIN» գործակալության ներկայացուցիչ Մարիա Մոթեսը (Maria Mothes), անդրադառնալով փորձագիտական խմբի առաքելությանը, նշեց, որ աշխատանքային այցի 3 օրերի ընթացքում համալսարանի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերի, ինչպես նաև ուսանողների հետ բավական արդյունավետ և կառուցողական քննարկումներ են ունեցել ընկերական և ջերմ մթնոլորտում։

«Ողջ թիմը տպավորված է ԵՊՀ ներկայացուցիչների պատրաստակամությամբ և արհեստավարժությամբ։ Վստահ կարող եմ ասել, որ համալսարանում իրականացվում են անհրաժեշտ բոլոր գործընթացները, և ներդրվում են նորարարական այն մեթոդները, որոնք կնպաստեն համալսարանի միջազգայնացման և գործընկերների շրջանակի ընդլայման նպատակին։ Այդպիսով նաև կապահովվի բարձրակարգ կրթությունն ու միջազգային չափանիշներին համապատասխան կրթական ծրագրերի դասավանդումը։ Եվ ակնհայտ է, որ համալսարանը մշտապես ձեռնարկում է քայլեր՝ բարձրացնելու իր հեղինակությունը և տրամադրած կրթության որակը»,- շեշտեց նա։
Գերմանական «ASIIN» գործակալության փորձագիտական խմբի անդամները դրական տպավորություններով ամփոփեցին իրենց աշխատանքը Երևանի պետական համալսարանում՝ հույս հայտնելով, որ այսօրինակ համագործակցությունները համալսարանի հետ կլինեն շարունակական։
ԵՊՀ միջազգային հավատարմագրման գործընթացը կարևոր քայլ է համալսարանի միջազգային ճանաչելիության և կրթական ծրագրերի որակի բարձրացման համար։ Հավատարմագրման գործընթացի հաջող ավարտը կխթանի ոչ միայն համալսարանի կրթական ծրագրերի մրցունակության բարձրացումը, այլև կրթական համակարգի զարգացումը՝ նոր հիմքեր դնելով միջազգային համագործակցությունների համար։