- Գլխավոր
- Նորություններ
- Ինֆորմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլը ԵՊՀ-ում
Մարտ 24, 2025 | 15:45
Գիտություն
Կրթություն
Մրցույթներ
Ինֆորմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլը ԵՊՀ-ում
Երևանի պետական համալսարանում կայացավ Ինֆորմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլը։ Օլիմպիադան անցկացվում է ամեն տարի՝ նպատակ ունենալով զարգացնելու դպրոցականների հետաքրքրությունը ծրագրավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ, բացահայտելու տաղանդավոր մասնակիցներին և ամրապնդելու կրթական հաստատությունների միջև առկա համագործակցությունը։

Մրցույթին այս անգամ մասնակցեցին Հայաստանի տարբեր մարզերից 48 աշակերտներ։ Նրանք մրցեցին տարիքային երկու խմբերում՝ կրտսեր (6-9-րդ դասարաններ) և ավագ (10-12-րդ դասարաններ)։
Օլիմպիադան անցկացվեց առցանց ձևաչափով, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի համակարգչային դահլիճում, առաջադրանքները կազմել էին ԵՊՀ մասնագետները։ Գործընթացը համակարգում էր հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը։

Անդրադառնալով մրցույթի անցկացմանը՝ նա ընդգծեց․ «Ինֆորմատիկայի օլիմպիադայի կազմակերպման պատասխանատվությունը ԵՊՀ-ն ստանձնել է դեռ 25 տարի առաջ, երբ միայն համալսարանն էր, որ ուներ նմանօրինակ լայնածավալ տեխնիկական հնարավորություններ։ Չնայած այսօր բազում կրթական հաստատություններ նույնպես ունեն անհրաժեշտ պայմաններ՝ ԵՊՀ-ն հավատարիմ է մնում իր ավանդույթներին և շարունակում է հյուրընկալել օլիմպիադայի հանրապետական փուլը»։
Նա շեշտեց, որ մրցույթը կարևոր հարթակ է՝ բացահայտելու տաղանդավոր երիտասարդներին, որոնցից շատերը հետագայում դառնում են ոլորտի բարձրակարգ մասնագետներ։
«Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում նման միջոցառումները ոչ միայն խթանում են դպրոցականների հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ, այլև մեծապես նպաստում են որակյալ կադրերի ձևավորմանը»,- մատնանշեց Ա․ Անդրեասյանը։
Նշենք, որ օլիմպիադայի արդյունքները հասանելի կլինեն մրցույթի ամփոփումից հետո։ Արդյունքներին հնարավոր կլինի ծանոթանալ հետևյալ կայքէջում՝ https://www.olymp.am/: