- Գլխավոր
- Նորություններ
- Մեկ կրթական ծրագիր, երկու դիպլոմ և բազմաթիվ հնարավորություններ
Ապրիլ 08, 2025 | 09:40
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Մեկ կրթական ծրագիր, երկու դիպլոմ և բազմաթիվ հնարավորություններ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի (ԵԼՀ) առաջնահերթ նպատակներից են կրթության բարձր որակի ապահովումը և նորարարությունների ներդրումը կրթական համակարգում։ 2025-2026 ուստարվանից ԵԼՀ ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների առջև բացվում է բացառիկ հնարավորություն՝ ուսումնառելու ԵՊՀ-ի և Լիլի համալսարանի (Ֆրանսիա) գործակցության շրջանակում իրականացվող կրկնակի դիպլոմով մագիստրոսական կրթական ծրագրում, որը կոչված է ձևավորելու միջազգային հաղորդակցության նոր սերունդ։

Երևանի պետական համալսարանի ԵԼՀ ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Գայանե Սարգսյանի նախաձեռնությամբ ԵԼՀ-ում մեկնարկում է «Միջազգային և գործարար հաղորդակցություն» մագիստրոսական ծրագիրը, որը հաջողությամբ ավարտելու դեպքում շրջանավարտները կստանան ոչ միայն Երևանի պետական, այլև Լիլի համալսարանի դիպլոմ։ Սա ֆակուլտետի՝ կրկնակի դիպլոմով առաջին ծրագիրն է։
Ո՞րն է ծրագրի կարևորությունը ուսանողի համար
Կրկնակի դիպլոմ տրամադրող նորաստեղծ մագիստրոսական ծրագրի ներդրումը կարևոր փուլ է ինչպես ԵՊՀ, այնպես էլ Լիլի համալսարանի ուսանողների համար։ Ուսուցումը կկատարվի երկու փուլով՝ սկսելով Հայաստանից և շարունակելով Ֆրանսիայում։ Սա միայն տեղաբաշխման տարբերություն չէ, այլ կրթական և մշակութային փորձի հարստացում։ Ծրագրի շրջանակում կկատարվի ուսանողական փոխանակում․ Լիլի համալսարանի ուսանողները կգան Երևան՝ ԵՊՀ դասընթացներին մասնակցելու, իսկ մեր ուսանողները ծրագրի երկրորդ կիսամյակի ընթացքում կուսումնառեն Ֆրանսիայում։

Դասավանդման գործընթացում ներգրավված կլինեն ինչպես ԵՊՀ, այնպես էլ Լիլի համալսարանի առաջատար մասնագետները։ Լիլի համալսարանի դասախոսները կժամանեն Հայաստան և խտացված մոդուլներով կանցկացնեն ինտենսիվ դասընթացներ՝ ուսանողներին պատրաստելով միջազգային կրթական միջավայրին։ Ուսումնական պլանը ձևավորված է այնպես, որ լեզվաբանական գիտելիքները միահյուսվում են գործնական հմտությունների զարգացմանը։ Դասընթացները ներառում են ոչ միայն լեզվի խորացված ուսումնասիրություն, այլև միջազգային բանակցությունների արվեստ, հաղորդակցման ռազմավարություններ և գործարար հաղորդակցության դինամիկա:
Ո՞վ կարող է դիմել
Ծրագրին դիմելու հնարավորություն ունեն ԵԼՀ ֆակուլտետի բակալավրիատի ուսանողները, որոնք պետք է նախ անցնեն հարցազրույցի փուլ։ Այլ ֆակուլտետներից դիմորդների դեպքում կգնահատվի նրանց նախապատրաստվածությունը և համապատասխանությունը ծրագրի ակադեմիական և մասնագիտական պահանջներին։
Ծրագրի վերաբերյալ հավելյալ մանրամասներ առաջիկայում կհրապարակվեն ԵՊՀ պաշտոնական կայքէջում, որտեղ կներկայացվեն նաև դիմումների ընդունման ժամկետներն ու գործընթացը։
Միջազգային չափանիշներին համապատասխան ծրագիր
Մագիստրոսական ծրագրի շրջանակում ԵԼՀ ֆակուլտետի ներկայացուցիչները հյուրընկալվել են Լիլի համալսարանում: Այցելության ընթացքում քննարկվել են թե՛ կրթական բովանդակության, թե՛ տեխնիկական կազմակերպման հարցեր, ինչպես նաև մշակվել են կոնկրետ քայլեր համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

«Սա պարզապես ակադեմիական համագործակցություն չէ։ Սա մի հարթակ է, որտեղ մեր ուսանողները ստանում են լայն հնարավորություններ, որոնք պատրաստում են նրանց լինելու աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող միջազգային մակարդակի մասնագետներ»,- նշեց Գայանե Սարգսյանը։
Այս նոր քայլը հավաստում է, որ ԵՊՀ-ն ոչ միայն պատրաստ է իր ուսանողներին տալու գիտելիք, այլև ուղի հարթելու դեպի միջազգային ասպարեզ։ Կրկնակի դիպլոմը պարզապես փաստաթուղթ չէ. սա փորձ է՝ նոր մշակույթ, նոր մարդկանց հետ շփվելու հնարավորություն ու վստահություն, որը նպաստում է ամենաբարձր մակարդակներում մրցունակ մասնագետ լինելուն։