- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻ ԵՐԿԻՐ Է, ՈՐՏԵՂ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԿՐԿԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ». ԴԵՎԻԴ ՍԵՐԵՐՈ
Նոյեմբեր 15, 2021 | 16:27
Մշակույթ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻ ԵՐԿԻՐ Է, ՈՐՏԵՂ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԿՐԿԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ». ԴԵՎԻԴ ՍԵՐԵՐՈ
Ֆրանսիացի երգիչ, դերասան և պրոդյուսեր Դևիդ Սերերոն ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի հրավերով այցելել է ԵՊՀ։ Նա ելույթ է ունեցել համալսարանականների համար ու վարպետության դաս անցկացրել կենտրոնի սաների հետ: Դևիդ Սերերոյի հետ զրուցել ենք Հայաստան կատարած այցելության և ԵՊՀ մշակույթի կենտրոնի հետ համագործակցության մասին:
- Պարո՛ն Սերերո, ինչո՞ւ որոշեցիք Հայաստան այցելել:
- Սա Հայաստան կատարած իմ առաջին այցելությունն է:
Տարիներ շարունակ բարեկամություն եմ արել հայերի հետ ինչպես Նյու Յորքում, այնպես էլ Փարիզում: Նաև շատ հայ ընկերներ ունեմ, որոնց հետ համատեղ նախագծեր ենք իրականացնում:
Տևական ժամանակ է, ինչ նրանք ինձ ասում էին՝ դու պիտի այցելես Հայաստան կամ ե՞րբ ես գալու Հայաստան:
Ի դեպ, ես նաև շատ լավ ռուսերեն եմ խոսում, այդ պատճառով շատերն են մտածում, որ հայ եմ, ինչն ինձ համար պատիվ է:
Երբ իմ ընկեր Արմանդո Ղուկասյանն ինձ առաջարկեց դառնալ Երևանում այս օրերին ընթացող վոկալի մրցույթի միջազգային ժյուրիի անդամ, ես սիրով համաձայնեցի, քանի որ նույն մրցույթի շրջանակում արդեն ունեինք համագործակցության հաջող օրինակ:
Հետաքրքիր էր, որ երբ ֆեյսբուքյան իմ էջում տեղադրեցի իմ մասին մամուլում տեղ գտած տարբեր նյութեր, բոլոր հայ ընկերներս մեծ ոգևորությամբ արձագանքեցին:
Եվ իհարկե, Հայաստանն այն վայրն է, որտեղ ես կրկին ուզում եմ վերադառնալ:
- Ո՞րն է եղել առաջին տպավորությունը, որ ստացել եք Հայաստանից:
- Հայաստանում կանայք ունեն ամենագեղեցիկ հոնքերը:
Այստեղ մարդիկ շատ պատրաստակամ են, ու ես դեռ չեմ հանդիպել մի հայի, որն ասի՝ ոչ, բոլորն ասում են՝ մի՛ մտածիր, մի բան կանենք: Երբ ես վայրէջք կատարեցի օդանավակայանում, չնայած ուշ ժամին՝ ինձ արդեն այնտեղ սպասում էր Արմանդոն:
Կցանկանայի խոսել նաև հայ հանդիսատեսի մասին, որը սիրում է երաժշտություն ու բամբ ձայնով երգիչներին:
- Կպատմե՞ք ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրենի և Ձեր համագործակցության մասին:
- Կարինե Դավթյանն իսկական մասնագետ է, իր գործի գիտակ: Եվ ես միշտ ասում եմ՝ ինչքան մեծ է մարդը, այնքան բաց է տարատեսակ համագործակցությունների համար:
Դու չես կարող հաջողված կարիերա ունենալ՝ անընդհատ «ոչ» ասելով:
Եվ երբ նա ինձ հայտնեց, որ ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրենն է, ես միանգամից ցանկություն հայտնեցի գալ ու երգել կենտրոնի տաղանդավոր սաների համար:
Ավելին անելու համար, ցավոք, ժամանակ չկա, բայց ես կրկին գալու եմ Հայաստան, և մենք միասին անվճար համերգ ենք կազմակերպելու բոլորի համար:
- Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, որոնք ցանկանում են իրենց առաջին քայլերն անել երգարվեստում:
- Կարևորը հեշտ ու բնական երգելն է, երբ մարդիկ տեսնում են, որ երգելիս դժվարանում ես, նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ:
Դրանից հետո հարկ է երգել միայն այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է: Պետք է քեզ լսես ու լսածդ համեմատես ոլորտի առաջատարների հետ:
Երիտասարդ տարիքում մարդիկ մտածում են, որ տարբերվում են մյուսներից, յուրօրինակ են, բայց իրականում նրանք մյուսների նման են, և միակ բանը, որ կօգնի տարբերվել, աշխատանքային կարգապահությունն է:
Այստեղ կարևորը լավ ձայն, խիստ կարգապահություն և լավ հոգի ունենալն է:
Այս ամենից զատ՝ կարևոր է անգլերենի և ընդհանրապես օտար լեզուների իմացությունը. ես խոսում եմ ռուսերեն, իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն և կարող եմ գրեթե յուրաքանչյուր լեզվակրի հետ հաղորդակցվել ու ձեռք բերել մեծ լսարան: