- Գլխավոր
- Նորություններ
- ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Նոյեմբեր 14, 2019 | 20:10
Հասարակություն
ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 13 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստը
Նիստի օրակարգային առաջին հարցը վերաբերում էր պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումների շնորհմանը: ԵՊՀ հումանիտար մասնագիտությունների գծով մրցութային հանձնաժողովի նախագահ Նաղաշ Մարտիրոսյանը և բնագիտական մասնագիտությունների գծով մրցութային հանձնաժողովի նախագահ Խաչատուր Ներկարարյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրին պրոֆեսորի գիտական կոչում շնորհելու մեկ և դոցենտի գիտական կոչում շնորհելու 2 հայցերը՝ փաստելով, որ դրանք համապատասխանում են պահանջվող բոլոր չափանիշներին: Զեկուցումներից հետո կազմվեց հաշվիչ հանձնաժողով, և հայտարարվեց փակ գաղտնի քվեարկություն:
Այնուհետև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը գիտխորհրդին ներկայացրեց «ԵՊՀ դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի և մրցանակաբաշխության կազմակերպման ու անցկացման կարգը, որը նրա փոխանցմամբ, հաստատվելու է ԵՊՀ ռեկտորի հրամանով:
Ըստ այդ նախագծի՝ սահմանվում է, որ տարեկան մեկ անգամ կազմակերպվող և անցկացվող մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ-ում հիմնական, համատեղությամբ կամ ժամավճարային հիմունքներով դասավանդողները, որոնք տվյալ ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ-ում դասավանդել են առնվազն 2 մասնագիտական դասընթաց:
«ԵՊՀ դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի և մրցանակաբաշխության կազմակերպման և անցկացման կարգի համաձայն՝ երկու փուլով մրցույթն անկացվելու է 4 անվանակարգերում՝ ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, բանասիրական և հասարակագիտական մասնագիտությունների: Մրցույթի հաղթողին տրվելու են հավաստագիր և պարգևատրում՝ 1,300.000 ՀՀ դրամի չափով, ներառյալ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը:
Գեղամ Գևորգյանի փոխանցմամբ, բացի պարգևատրումից, նախատեսվում է օրինակելի դասախոսությունների նկարահանում. «Այս նախաձեռնությունը երկու նպատակ ունի: Նախևառաջ արժե, որ լավագույնը ճանաչված դասախոսին առնվազն համալսարանական հանրությունը ճանաչի: Բացի դրանից՝ այն հնարավորություն կտա բոլոր ուսանողներին լսելու նրա դասախոսությունները՝ անկախ մասնագիտությունից և բուհից»:
Անցնելով օրակարգային հաջորդ հարցի քննարկմանը՝ Գեղամ Գևորգյանն ասաց, որ ի սկզբանե նախատեսված էր գիտխորհրդի հաստատմանը ներկայացնել ոչ միայն ԵՊՀ հաշվապահական հաշվառման վարչության կանոնադրությունը, այլև Ուսումնամեթոդական վարչության կանոնադրությունը, սակայն նախնական քննարկման ժամանակ վարչության գործառույթների վերաբերյալ նոր հարցադրումներ են ի հայտ եկել, որոնք լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն, և ըստ այդմ՝ կանոնադրությունը հաստատելու գործընթացը պետք է հետաձգել:
Նա տեղեկացրեց, որ վարչության կազմում կան աշխատակիցներ, որոնց գործառույթն է հետևել և արձանագրել, որ դասերն իրականացվում են. «Գործառույթն իրականացնելու համար տեսուչները յուրաքանչյուր դասաժամին բացում են լսարանի դուռը՝ այդկերպ հարուցելով դասախոսների զայրույթը: Բայց մյուս կողմից՝ կարևոր է ամրագրել, որ դասընթացները կազմակերպվում են, որովհետև հետագայում խնդրահարույց հարցեր են առաջանում»:
Գեղամ Գևորգյանն առաջարկեց բոլոր լսարաններում տեղադրել տեսախցիկներ, ձեռք բերել համապատասխան տեխնիկական այլ սարքավորումներ և ունենալ ծրագրային ապահովում: Ըստ նրա՝ առաջարկի իրագործումը հնարավորություն կտա կրճատելու տեսուչների հաստիքների քանակը, իսկ դասախոսների ներկայության արձանագրումն ավելի հավաստի և հստակ կդառնա: Նրա փոխանցմամբ, տեսախցիկների առկայությունը հնարավորություն կտա նաև խուսափելու տհաճ դեպքերից:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը հետաքրքրվեց, թե հնարավոր է, որ առաջարկի իրագործումը որպես մարդու իրավունքների խախտում դիտվի, ինչին ի պատասխան՝ Գագիկ Ղազինյանը փաստեց, որ մարդու իրավունքների խախտում չկա, բայց հավելեց, որ դասերի անցկացմանը հետևելը դեկանատների գործառույթն է: Գեղամ Գևորգյանը նշեց, որ տեսանյութերին կարող են հետևել դեկանատների աշխատակիցները: Նախագիծը քննարկումների առիթ դարձավ, որի արդյունքում որոշվեց հետագայում մանրամասնորեն պարզաբանել հարցը:
Օրակարգային հարցի շրջանակում Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Թադևոսյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ հաշվապահական հաշվառման վարչության կանոնադրությունը, որով սահմանվում են վարչության գործառույթները և իրավասությունը, ինչպես նաև կառուցվածքը, գործունեության կազմակերպումը և ղեկավարումը:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը, մեջբերելով կանոնադրության 2.3 կետը, որը սահմանում է, թե վարչության գործառույթներից և իրավասություններից է «Ֆինանսական գործունեության բացասական երևույթների վերհանումը և դրա մասին ղեկավարությանը ժամանակին զգուշացումը, ներտնտեսական ռեսուրսների բացահայտումը և հավաքագրումը», հետաքրքրվեց՝ արդյո՞ք ինքն իրեն ստուգելը վարչության գործառույթը պետք է լինի:
«Արդյո՞ք դա ֆինանսական վերլուծություն գործառույթ չէ. չէ՞ որ խոսքը գնում է ֆինանսական գործունեության վերլուծության մասին: Կամ ի՞նչ նկատի ունեք՝ ասելով բացասական երևույթների վերհանում»,- հետաքրքրվեց Հայկ Մնացականյանը և ասաց, որ կանոնադրությունը պետք է խմբագրվի: Գիտխորհուրդը քվեարկությամբ որոշեց հաստատել դիտողությունը:
Այնուհետև Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը զեկուցեց ԵՊՀ 2019-2020 ուստարվա օտարերկրյա ասպիրանտների ուսման վարձավճարներում փոփոխություն կատարելու մասին: Ապա նա զեկուցեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետին կից «Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի» ստեղծման մասին՝ փաստելով, որ նախագիծն իրականացվելու է համապատասխան դրամաշնորհի միջոցներով:
«Ի տարբերություն համալսարանում ստեղծված մյուս կենտրոնների՝ այս կենտրոնի մեկ տարվա գործունեությունը կազմակերպելու համար արդեն հատկացվել է ֆինանսավորում, և կա նախնական պայմանավորվածություն՝ հետագա երկու տարիների համար ևս հատկացնել ֆինանսական միջոցներ»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը:
Նրա փոխանցմամբ, կենտրոնն ունենալու է գործունեության մի քանի ուղղություն. «Նախևառաջ նախատեսվում է ստեղծել մագիստրոսական ծրագիր, բացի դրանից՝ կենտրոնի գործունեությունն ունենալու է հետազոտական բաղադրիչ: Այնտեղ իրականացվելու են նաև դրամաշնորհային ծրագրեր»:
Այնուհետև Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է ստեղծել ԵՊՀ լեզվի կենտրոն, որի նախաձեռնության հեղինակը Անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ Մարգարիտա Ապրեսյանն է. «Նախատեսվում է ստեղծել լեզուների ուսուցման կենտրոն, որտեղ ԵՊՀ դասախոսները կիրականանցեն վճարովի դասընթացներ: Ծրագիրն ինքնաֆինանսավորվող է, իսկ շահույթի 20 տոկոսը փոխանցվելու է ԵՊՀ-ին»:
Մարգարիտա Ապրեսյանը պարզաբանեց, որ նախնական որոշվել է կենտրոնն անվանել Օտար լեզուների դասավանդման և միջազգային թեստավորման կենտրոն. «Այս կենտրոնի ստեղծումը երկար սպասված գործընթաց է: Վստահ եմ, որ ԵՊՀ դասախոսները լավագույնս կարող են սովորեցնել լեզուներ թե՛ ուսանողներին, թե՛ գիտնականներին, թե՛ գործարարներին և հանրության այլ խմբերի ներկայացուցիչներին»:
Նա փաստեց, որ կենտրոնում կարող են սովորել ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա բուհերի և կազմակերպությունների ներկայացուցիչները: Մարգարիտա Ապրեսյանը նշեց, որ կենտրոնում դասավանդելու են նաև հայոց լեզու, և ըստ այդմ՝ կենտրոնի՝ նախապես որոշված անվանումը կարող են փոխել՝ հանելով օտար բառը: Կենտրոնի ստեղծման, դրա գործունեության, գործառույթների և հեռանկարների վերաբերյալ հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց ավարտին գիտխորհուրդը հաստատեց հարցը:
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, անցնելով օրակարգային մյուս հարցին, ներկայացրեց ԵՊՀ բիզնես դպրոցի ստեղծման նախաձեռնության մասին՝ նշելով, որ այն նույնպես ինքնաֆինանսավորվող ստորաբաժանում է լինելու. «Այն պայմանականորեն գործելու է Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում, բայց առանձին կառույց է լինելու»:
ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը պարզաբանեց, որ դպրոցը վճարովի հիմունքներով իրականացնելու է 4 հիմնական ծրագիր. «Բիզնես դպրոցում իրականացվելու են կարճաժամկետ ծրագրեր գործարարների համար, ապա փաթեթային ծրագրեր՝ կորպորատիվ բիզնեսի ներկայացուցիչների համար: Բացի դրանից՝ նախատեսվում են մագիստրոսական ծրագրերի իրականացում և խորհրդատվություն»:
Նիստի օրակարգային մյուս հարցի շրջանակում ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը հաղորդեց դասախոսական կազմի կոմպետենցիաների սահմանման վերաբերյալ՝ ասելով, որ այն պիլոտային ծրագիր է և բխում է բուհի զարգացման ռազմավարական ծրագրի դրույթներից ու ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի պահանջներից:
«Ծրագիրը ենթադրում է, որ յուրաքանչյուր կրթական ծրագրում ներառված լինեն տվյալ ծրագրի վերջնարդյունքին նպաստող և տվյալ կրթական ծրագիրը սպասարկող դասախոսների ընդհանուր և մասնագիտական կոմպետենցիաներ: Քանի որ կրթական ծրագրերը տարբեր են, և ըստ այդմ՝ տրամաբանական է, որ դրանց վերջնարդյունքները ևս տարբեր են, հետևաբար դասախոսների համար պետք է մշակվեն համապատասխան կոմպետենցիաներ»,- ասաց Էլինա Ասրիյանը և հավելեց, որ ծրագրին միանալու համար կարող են դիմել 5-օրյա ժամկետում:
Այնուհետև Ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց 2019-2020 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության արդյունքները, ըստ որոնց՝ բակալավրիատի առկա ուսուցմամբ ԵՊՀ է ընդունվել 2,899 դիմորդ, հեռակա ուսուցմամբ՝ 298: Նրա փոխանցմամբ, մագիստրատուրա առկա ուսուցմամբ ԵՊՀ է ընդունվել 1,089 դիմորդ, հեռակա ուսուցմամբ՝ 232:
Անցնելով օրակարգային մյուս հարցին՝ Հրանտ Ժամհարյանը հաղորդեց 2019-2020 ուստարվա ամբիոնային բեռնվածությունների մասին՝ նշելով, որ դրանք կազմել են 742,068 ժամ: Հրանտ Ժամհարյանը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց ամբիոնային բեռնվածությունները նաև ըստ տեսակների և ըստ դրույքների:
Ներկայացնելով դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2018-2019 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքները՝ Ուսումնամեթոդական վարչության պետն ասաց, որ այս տարի գրանցվել է մասնակցության նվազում, որը կազմել է 28.49 %: Նա տեղեկատվություն տրամադրեց նաև 2018-2019 ուստարվա արդյունքներով ԵՊՀ ուսանողների փոխատեղման (ռոտացիա) մասին:
Օրակարգի հաջորդ հարցի շրջանակում ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենցը հաղորդեց ՈՒԳԸ 2018-2019 ուստարվա գործունեության մասին՝ փաստելով, որ ուստարվա ընթացքում կազմակերպվել է 369 միջոցառում, տպագրվել 176 հոդված: ՈԻԳԸ նախագահը ներկայացրեց ֆակուլտետային ՈԻԳԸ ցուցանիշները, ինչպես նաև ուստարվա ընթացքում ՈւԳԸ-ականների գրանցած հաջողությունները:
Օրակարգային հարցերի սպառումից հետո ձևավորված հաշվիչ հանձնաժողովի նախագահը՝ Մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը, ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ գիտխորհուրդը հաստատել է դոցենտի և պրոֆեսորի գիտական կոչումների հայցերը:
Ընթացիկ հարցերի քննարկման արդյունքում գիտխորհուրդը որոշեց ԵՊՀ արաբագիտության ամբիոնի դոցենտ Սոնա Տոնիկյանի և նույն ամբիոնի դասախոս Երվանդ Մինասյանի «Գրական արաբերենի շարահյուսությունը վերլուծության օրինակով» աշխատանքը որպես բուհական դասագիրք հաստատելու հարցով միջնորդել ՀՀ ԿԳՄՍՆ-ին, ինչպես նաև երաշխավորել ԵՊՀ անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի դոցենտ Ռ. Ադամյանի «Անօրգանական քիմիա» երկհատոր դասագրքի 2-րդ հատորի «Անցումային տարրերի քիմիա» առաջին գրքի հրատարակությունը:
Նիստի ավարտին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ասաց, որ շրջանառվում են լուրեր, ըստ որոնց՝ ինքը պատրաստվում է վաճառել ԵՊՀ «Բյուրական» ուսումնաարտադրական բազան. «Ի պատասխան այդ լուրերի՝ ասեմ, որ նախաձեռնել ենք խնայված միջոցների հաշվին վերանորոգել բազայի մեկ մասնաշենքը և ճաշարանը: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ դռները և լուսամուտները փոխելու համար մրցույթն անցկացվել է, կան հաղթողներ: Այս շաբաթ էլ պրոռեկտոր Արման Մալխասյանի հետ գնալու ենք Դիլիջան՝ հասկանալու, թե ինչ աշխատանքներ կարող ենք իրականացնել այնտեղ, և ապա ներկայացնենք Հոգաբարձուների խորհրդին»:
Քնար Միսակյան