- Գլխավոր
- Նորություններ
- ALL YOU NEED IS PR. ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԴԱՍԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Մայիս 31, 2018 | 21:47
Կրթություն
ALL YOU NEED IS PR. ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԴԱՍԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այսօր՝ մայիսի 31-ին, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի 1-ին կուրսի ուսանողները կազմակերպել էին հանդիպում դասախոսների և շրջանավարտների հետ՝ համակողմանի ներկայացնելու մասնագիտության կարևորությունը, ծրագրի բովանդակությունը և շրջանավարտների հաջողության պատմությունները։
«All you need is PR» խորագրով հանդիպման բանախոսներն էին «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի ղեկավար, «SPRING PR» ընկերության համահիմնադիր Նվարդ Մելքոնյանը և «PR պրակտիկում» առարկայի դասախոս, «Զրոյական կետ» և «Пиар Содома» գրքերի հեղինակ Նարեկ Մալյանը։
Նվարդ Մելքոնյանը ներկայացրեց մագիստրոսական ծրագրի ստեղծման ու տարեցտարի կատարելագործման պատմությունը, ինչպես նաև՝ դիմելու ընթացակարգերը և աշխատաշուկայում պահանջարկը։ «Շատ կարևորում ենք դասընթացի պրակտիկ մասը․ կազմակերպում ենք այցեր տարբեր հաստատություններ և ընկերություններ, նրանց ենք հյուրընկալում։ Դասախոսների մեծ մասը ոլորտի գործատու են»,- պատմեց Նվարդ Մելքոնյանը։
Նա նշեց, որ մագիստրոսական այս ծրագրին են դիմում բակալավրի տարբեր կրթությամբ ուսանողներ՝ բանասերներ, լրագրողներ, մշակութաբաններ, սոցիոլոգներ, սոցիալական աշխատողներ, տնտեսագետներ և այլն։ Անդրադառնալով դասախոսական կազմին՝ ընդգծեց, որ դասընթացի շրջանակում դասախոսում են նաև ֆակուլտետի այլ մագիստրոսական ծրագրերի լավագույն մասնագետները։
Նարեկ Մալյանը, խոսելով ծրագրի մասնագիտական խորության մասին, նշեց, որ շատ կարևորում է ուսանողների հետ այցերը պետական հաստատություններ և մասնավոր ընկերություններ, քանի որ դա հնարավորություն է տալիս տեսնել PR-ը գործողության մեջ։
«Համաձայն չեմ այն ասացվածքի հետ, որ խելացի մարդը սովորում է ուրիշի սխալների վրա։ Ամեն մարդ պետք է իր սխալներն անի։ Կյանքը, կարելի է ասել, սխալների շարք է, և դրանցից քաղած դասերն ու փորձը անգնահատելի են»,- մեկնաբանեց նա։
Սոցիոլոգիայի ֆակուլտետի փոխդեկան Անահիտ Սահակյանը ներկայացրեց իր դասընթացը՝ «Ներազդման տեխնոլոգիաները», որը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու հոգեբանական ազդեցության և մանիպուլյատիվ տեխնիկաները։
Հանդիպմանն իրենց հաջողության պատմությունները ներկայացրին շրջանավարտներ Նատալի Սինորյանը և Մարիամ Սաֆարյանը։ Սեփական օրինակի վրա ցույց տալով մասնագիտական առաջընթացը՝ նրանք ընդգծեցին սեփական ուժերին հավատալու և ընտրված մասնագիտությունը սիրելու կարևորությունը։
Հասարակայնության հետ կապեր մագիստրոսական ծրագրի 1-ին կուրսի ուսանող Աննա Գարեգինյանը պատմեց ուսանողական առօրյայի, արտալսարանային միջոցառումների և ընկերական մթնոլորտի մասին։
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ և շրջանավարտներ։ Հանդիպման ավարտին ներկաները հնչեցրին իրենց հուզող հարցերը՝ պատասխանները ստանալով անմիջապես դասախոսներից ու շրջանավարտներից։
Մարի Ռաֆյան