- Գլխավոր
- Նորություններ
- ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Նոյեմբեր 29, 2018 | 17:09
Հասարակություն
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
«Հայ-չինական բարեկամություն հիմնադրամ» դպրոցում նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան կողմից առաջին անգամ կազմակերպած պարգևատրման պաշտոնական արարողությունը:
Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը չինարենի ուսումնասիրման ոլորտում ունեցած հաջողությունների և դրսևորած ակտիվության համար պատվոգրեր և գումարային պարգևներ հանձնեց տարբեր բուհերի ուսանողների, որոնցից երեքը ԵՊՀ-ից էին:
ԵՊՀ-ից պարգևների արժանացան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության բաժնի չորրորդ կուրսի ուսանողներ Օֆելյա Զաքարյանը, Արսեն Հովհաննիսյանը և երրորդ կուրսի ուսանողուհի Մանե Գասպարյանը:
Դեսպանատան անունից չինարենի դասավանդման մեջ ունեցած մեծ ներդրման համար նաև պարգևատրվեցին երկու տեղացի դասախոսներ` Հռիփսիմե Մարգարյանը և Ասյա Սամվելյանը:
Դեսպան Թիան Էրլունը միջոցառման ընթացքում խոսեց հայ-չինական բարեկամական հարաբերությունների և դրանց խորացման հեռանկարների մասին: Նա նշեց, որ վերջին շրջանում մեծացել է առևտրաշրջանառության ծավալը Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև և ակտիվացել է զբոսաշրջությունը:
Դեսպանն ուրախությամբ հավելեց նաև, որ Հայաստանում մեծ է և տարեցտարի ավելի է մեծանում հետաքրքրությունը չինարենի և չինական մշակույթի նկատմամբ: Վերջում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի ղեկավար Արթուր Իսրայելյանը ԵՊՀ ուսանողներին հանձնեց դրամական պարգևները:
Պատրաստեց Մարինա Առաքելյանը